пятница, 26 июля 2019 г.

Մարտինը «Լունա»


Մարտինն ապրում էր գյուղի ամենա տակի փողոցում։ Նրան տեսա ճամփեզրի քարին նստած, աչքն արևից կկոցած։
-       Ու՞ր,- հարցրեց նա, երբ հասա նրան։
-       Ոչ մի տեղ։ Քայլում եմ։
-       Ինչու՞, Դու գի՞ժ ես։
-       Ոչ,- մելամաղձկոտ պատասխանեցի նրան, շարունակելով քայլել։ Նա տեղից վեր կացավ, միացավ ինձ։
-       Նեղացա՞ր․․․
-       Ոչ, սովորել եմ, քանի որ հաճախ են ինձ վիրավորում։
-       Իսկ էլ ո՞վ է վիրավորում քեզ։
-       Համարյա բոլորը, իսկ մյուսներին չեմ ճանաչում։
-       Ուզու՞մ ես միասին քայլենք,- հարցրեց նա, կարծես փոշմանած։
-       Իսկ դու կքայլե՞ս ինձ հետ։
-       Կքայլեմ, ինչու՞ ես հարցնում։
-        Իմ եղբայրն ասում է ես տգեղ եմ։
-       Դու տգեղ չես, դու փոքրիկ ես, ինչպես բոլոր երեխաները, ինչպես ես, բայց ես քեզանից մի քիչ մեծ երեխա եմ։
-       Իսկ դու քանի՞ տարեկան ես,- հարցրեցի նրան, հայցքիս տակից չափելով նրա  ինձանից մի գլուխ բարձր հասակը։
-       Տասներկու, իսկ դու՞։
-       Տասը։
-       Մի քիչ ես փոքր, արի քայլենք։ Միայն ասա՝  ու՞ր քայլենք։
-       Արի քայլենք է՜ն ջրաղացի մոտ,- մատնացույց արեցի գյուղի տակի ջրաղացը։
-       Արի։
Ջրաղաց տանող ճամփան զառիթափ ոլորաններով իջնում էր ներքև։ Այն պատած էր միայն ցից քարերով՝ մշտապես հոսող ջուրը քշել տարել էր հողը։ Ես և Մարտինը քայլում էինք քարերի վրայով, որպեսզի մեր ոտքերը չթրջվեին։ Մինչև կհասնեինք ջրաղացի դռանը՝ Լեվոն քեռին, թե ծերուկը մտավ ներս։ Ես մնացի կանգնած։
-       Ի՞նչ պատահեց,- հարցրեց Մարտինը, նույնպես կանգ առնելով։
-       Նա կախարդ է։
-       Ո՞վ,- զարմացավ Մարտինը։
-       Նա,- ցույց տվեցի դեպի ջրաղացի դուռը։
-       Լևոն պապի՞ն։
-       Այո։
-       Ինչու՞ ես այդպես մտածում։
-       Որովհետև, երբ ես մենակ եմ լինում, հայտնվւմ է նա և սկսում է ինձ հետևել։
-       Եթե նա կախարդ է, ուրեմն հետաքրքրիր է, - վախենալու փոխարեն ոգևորվեց Մարտինը,- Արի թաքուն հետևենք նրան։
-       Իսկ ինչպե՞ս,- զարմացած նրա քաջությունից, միաժամանակ ուրախանալով, որ այլևս մենակ չեմ՝ ես գտել էի մեկին, ով գիտեր իմ գաղտնիքը և չէր կասկածում իմ խոսքերին, իսկ ամենա կարևորը՝ չէր ծաղրում ինձ ու չէր վախենում։
-       Արի մոտենանք, լուսամուտից նայենք ներս։
-       Իսկ եթե մեզ նկատի՞,- մի քայլ ետ գնացի ես։
-       Չի նկատի՝ նա ծեր է, ես ճանաչում եմ նրան՝ տեսողությունն էլ մի բան չէ, արի։ Եթե անգամ մեզ նկատի, խիստ չի պատժի՝ նա իմ պապիկի ընկերն է։
-       Իսկ ինչպե՞ս բարձրանանք,- նայելով, ջրաղացի ցածր լուսամուտին, համաձաինվեցի, հոգուս խորքում հույս փայփայելով, թե կարող եմ բացահայտել ինձ հետևող ուրվականի գաղտնիքը։
-       Քեզ կօգնեմ, արի առաջանանք,- առաջարկեց Մարտինը և մենք կախվեցինք լուսամուտից, դեմքներս հպեցինք սպիտակ փոշոտ ապակուն։
5
Լևոն պապը ջրաղացից դուրս եկավ։ Ես ու Մարտինը հիասթափված իրար նայեցինք, երբ նա դրսից կողպեց դուռը։ Ուզում էինք կախված տեղից  ցատկել, երբ ջրաղացի ներսից դռան ճռռոց լսվեց՝ այն կրկնվեց մի քանի անգամ և Լևոն պապը նորից երևաց ներսում
- Կարծես գետնի տակից բուսնեց, իսկապես նա կախարդ է,- շշնջաց Մարտինը զարմացած։
Նա կռացավ՝ մի  դուռ բացեց գետնից, որը մինչ այդ մեզ համար աննկատելի էր։  Քիչ էր մնում վախից մատնեի մեր տեղը, բայց ճչալու փոխարենը կծեցի թևս։ Նա խավարում նշմարվող աստիճաններով դանդաղ իջավ՝ Մարտինի հետ իրար նայեցինք
- Գնա՞նք նրա հետևից,- հարցրեց Մարտինը և ցատկեց գետին, մինչ կպատասխանեի՝  հետևեցի նրան, բայց մնացինք դռանը կանգնած՝ այն դրսի կողմից փակված էր կողպեքով։ Անաղմուկ, դռնից բարձրացանք տանիք և երթիկից ներս սողացինք։ Շտապեցինք ցած իջնել ներսում բացված աստիճաններով։ Ծերուկը հայտնվեց անծայրածիր՝ իր ամայությամբ և գորշ դեղնությամբ, անապատ հիշեցնող վայրում: Նշմարվող լերկ ժայռի կատարին հայտնվեց  ոտքից գլուխ փաթաթված  սև թիկնոցի մեջ մի կերպարանք՝ ծերուկն շտապեց ծունկի իջնել: Մենք մնացինք աստիճանների հետևում։
-Մո'տ արի և զեկուցի՛ր, ի՞նչ նորություն ես բերել վերևից,- հրամայեց մարդը։
- Ոչինչ անել չկարողացա,- ծնկաչոք մոտենալով` պատասխանեց ծերուկը, ապա, խղճուկ տեսք ընդունելով, շարունակեց,- Հայտնվել է փերին` այն բարին ու գեղեցիկ հրեշտակը, մեկ աղջնակի մոր կերպարն է ընդունում, մեկ պարզապես փերի:- Մեզ համար անսպասելի, ծերունին  այնքան խոնարհվեց, մինչև գլուխը դիպավ գետնին, իսկ ես պարզապես ևս մեկ անգամ սարսափեցի, հիշելով լճափի մայրիկին։
- Դե բավակա'ն է, ճղճի'մ մարդ,- կատաղեց մարդը, նրա գլխի ծածկոցը ետ ընկավ՝ երևաց ճաղատ գլուխը,- Ինձ այդ աղջնակն է հարկավոր:
- Համբերություն ունեցեք ,- մրմնջաց ծերուկը` մնալով անշարժ,- Դժվար գործ է, նա այնքան վախկոտ է, երբեք կանգ չի առնում, ինձ նկատելով սկսում է ճչալով փախչել։
- Հեռացի՛ր և զբաղվիր աղջնակով,- հրամայեց ճաղատը և մեզ համար անսպասելի անհետացավ, նրա կանգնած տեղից միայն մի բարակ ծուխ բարձրացավ:
Լևոն պապի նմանակը, թե ուրվականը  ոտքի կանգնեց և մի քանի քայլ ետ գնաց։ Մենք սկսեցինք վազելով ետ դառնալ, աշխատելով առաջինը դուրս գալ աստիճաններով։
Ես և Մարտինը հասցրեցինք նորից կախվել լուսամուտից։ Ծերունին հայտնվեց  ջրաղացում, նրա ետևից փակվեց դուռը: Դռան անհետանալուց հետո բարձրացավ ուժեղ քամի, որը ալյուրի նման սպիտակ էր, և նա սկսեց հաճախ ու անկանոն փռշտալ: Գետնին նստեց սպիտակ փոշին, իր մեջ առնելով խորհրդավոր դուռը։ Երբ նա դադարեց փռշտալը, ուղղվեց լուսամուտի կողմը, մենք հասցրեցինք ցած իջնել ու փախչել։ Դրսում արևի ճառագայթները ոսկեգույն առկայծում էին լճակի վրա, իսկ քիչ հեռվում, լճակի ափին` հողամասերում աշխատում էին մարդիկ։

Комментариев нет:

Отправить комментарий