четверг, 18 июля 2019 г.

Սովը թե պատերազմը՝ իմ դեմքն այլանդակել էին«Հանդիպում»


Արդեն մեկ շաբաթից ավել էր, ինչ ջոկատում էի։ Ինձ համար արևածագն ու մայրամուտը մի հավերժություն էին թվում, որ անտարբեր գալիս էին ու անցնում` ինձ  թողնելով սպասումի մեջ, որում կար կարոտ, և այն ալեկոծում էր իմ հոգին: Փափագում էի տեսնել հայրիկիս, բայց երբեք չէի բարձրաձայնում այդ մասին։ Միշտ վախենում էի պատասխանից։
- Սարո՛, պատրաստվի՛ր, մենք սար ենք բարձրանում,- վերջապես, մի առավոտ հայտնեց Արմենը։ Արմենի հետ այդ մեկ շաբաթվա ընթացքում այնպես էի մտերմացել, թվում էր՝ նա միշտ եղել է իմ կյանքում։ Երբ նա չէր երևում, ես անպայման փնտրում էի ողջ ջոկատի մեջ, իսկ երբ գտնում էի, եթե նա զբաղված էր լինում, չէի մոտենում նրան, այլ ուրախացած ետ էի վազում իմ ապրելու տեղը՝ Վարդան քեռու մեքենայի խցիկը։  
Ուրախացած վեր թռա ու չնայած պատրաստվելու ոչինչ չունեի, շտկեցի վրայիս հագուստը և վազեցի դեպի մեքենան: Բարձրացա նայեցի հայելուն՝ մնացի կախված, բռնելով հայելու ձողից, երբ տեսա իմ դեմքը՝ աչքերս փոս էին ընկած, իսկ այտերիս որսկորները ցցվել էին, բերանս մեծացել էր։ Սովը, թե պատերազմը իմ դեմքն այլանդակել էին, եթե անտեսենք ոսկրացած ու կոշտացած ձեռքերս։ Դանդաղ, ձեռքով շտկեցի մազերս, հետո մատներով ուղղեցի հոնքերս, նորից ցած թռա, անվստահ քայլեցի աղբյուրի մոտ, նայեց շուրջս և ուրախացա` ոչ ոք չէր նայում իմ կողմը, սկսեցի լվացվել: Ուրախ էի դիրքեր գնալու համար՝ տխրել էի՝ տեսնելով իմ դեմքը, բայց իմ մեջ հաղթեց ուրախությունը, ինչպիսի անակնկալ էլ սպասեր ինձ սարում։ Չէի հասկանում ինչ էի անում և ինչու՞․․․ Ուրախությունից սրտս սկսել էր արագ բաբախել։
- Արմե՛ն, նայի՛ր տղային, ինչու՞ է նա այդպես ոգևորվել,- հարցրեց Նիկոլը` հենվելով զենքին:
- Ես նրան ասացի` սար ենք բարձրանում:
- Պարզ է,- ժպտաց Նիկոլը` իր բարի ու լայն ժպիտով։
Ես սխալվել էի, նրանք հետևում էին ինձ։ Եկավ հրամանատարը։ Առաջին անգամ էի տեսնում նրան: Զինվորները շարք կանգնեցին:
-  Ո՞վ է տղան,- հարցրեց հրամանատարը՝ գլխով ցույց տալով իմ կողմը:
- Նա մերոնցից է,- շտապեց պատասխանել Վարդանը:
- Դե հո  չասացի օտար է:
-  Ուզում էի ասել`  մեր տղաներից մեկի որդին է:
- Ու՞մ:
- Կարենի:
- Պարզ է, իսկ որտե՞ղից է հայտնվել,- հետաքրքրվեց հրամանատարը՝ ուշադիր նայելով ինձ:
- Դա երկար պատմություն է,- միջամտեց Արմենը:
- Նա վաղու՞ց է այստեղ:
- Արդեն մեկ շաբաթ է:
- Իսկ Կարենը գիտի՞:
- Ո՛չ, հրամանատա՛ր:
- Իսկ դուք ի՞նչ եք որոշել: Իհարկե, նրան չեք կարող ձեր հետ դիրքեր տանել, այնտեղ վտանգավոր է:
Հրամանատարի ասածից սիրտս կծկվեց, ապա անզորությունից ատամներս սեղմեցի, որպեսզի լաց չլինեմ: Այն չվրիպեց հրամանատարի աչքից:
- Որդի՛ս, մո՛տ արի,- հրահանգեց հրամանատարը:
Անվճռական մոտեցա, կանգնեցի թիկնեղ  հրամանատարի առջև:
- Քանի՞ տարեկան ես:
- Տասներկու:
- Իսկ ինչու՞ ես այդքան նիհար, կարծես երկար ժամանակ հաց կերած չլինես:
- Դե՜, ճիշտն ասած այդպես էլ կա: Նա շատ է տանջվել, թու՛յլ տվեք նրան վերցնել մեզ հետ, նա հորից բացի ոչ ոք չունի,- միջամտեց Արմենը, մոտեցավ, գրկեց ինձ:
- Բայց, Արմե՛ն, այնտեղ միայն սար չէ, այնտեղ նաև ճակատ է, իսկ նա ընդամենը երեխա է,- կշտամբեց հրամանատարը, ապա նայեց ինձ։ Ես կուչ էի եկել, իմ փոս ընկած աչքերով նրան էի նայում, կոշտացած ու ճաքճքած ձեռքերս անհանգիստ իրար շփելով, իսկ հրամանատարն ինձ էր նայում:- Լա՛վ, բայց իմացի՛ր, Արմե՛ն, դու ես տղայի համար պատասխանատու:

Комментариев нет:

Отправить комментарий