четверг, 4 июля 2019 г.

Կգա ժամանակը և բոլորս կանցնենք հերվան ձյունի պես(596-րդը)


Մանեն երբեմն էր զանգահարում, միշտ առաջին քայլն իմն էր, բայց այդ օրն առաջինն ինքը զանգահարեց։
-          Բարի լույս մամ։
-          Բարև, ի՞նչ կա, քեզանից չէ այսքան վաղ զանգահարելը,- անհանգստացա ես։
-          Մի՛ տխրիր, բայց փաստաբանն ասում է, Թրիրը քեզ մերժել է։
Իմ կողմից պատասխան չեղավ, քանի որ լռությունը փոխարինեց բառերին և տխրեցի՝ տխրեցի որպես մարդ, որպես ապրելու իրավունք ունեցող։ Չգիտեմ, թե որքանով է լավ կամ վատ ընդհանրացումը, բայց հասկանալու հետ մեկտեղ համոզված եմ նաև, որ երկրագունդը մարդկության օրրանն է, իսկ եթե մարդ իր համար լեզուներ է ստեղծել և տարանջատվել միմիյանցից, դրանում հազիվ թե իմ մեղքի բաժինը կամ համաձայնությունը լիներ։
Իրավունք․․․ բառ՝ որը թանկ է ազուլի համար՝ թանկ է և հաճախ անհասանելի։ Կգա ժամանակը, բոլորս կանցնենք հերվան ձյունի պես՝ թե՛ իրավունք տվողը, թե՛ իրավունքի սպասողը։ Աշխարհն առաջ կանցնի՝ մեզանից թողնելով լոկ մի բուռ փոշի անհայտ մի ճամփամիջում, իսկ քամին կխաղա և՛ մերժողի, և՛ մերժվողի աճյունի փոշիները խառնելով իրար։ Ահա՛ և վերջ։ Իսկ այսօր դեռ կամ և տխրել եմ ինձ մերժողի որոշումից։ Նա այն թերահավատ հարցազրույց վարողն է՝ նրա հայցքն ու որոշումը մնում է անքննելի նվաստիս համար։ Ինձ համար նա է պետության ձայնը։
Շատերի պես մերժված՝ քայլում էի անտառի ճամփով և մտորում մարդու ստեղծած օրենքի մասին։ Միաժամանակ նայում երկնքում ճախրող թռչունների երամին, այն կորչում էր հեռո՜ւ անսահմանությունում, վերևից ծրտելով մարդու գծած սահմանի վրա։
Մարդը, որքան էլ փորձի կիսել դաշտերն ու անտառները, լեռներն ու ծովերը, օվկիանոսներն ու վերջապես երկինքը՝ նա չի կարող կիսել կամ զրկել մյուս մարդուն ապրելու և արարելու ցանկությունից այնտեղ, որտեղ ցանկանում է տվյալ մարդն ապրել։

Комментариев нет:

Отправить комментарий