понедельник, 22 июля 2019 г.

Լունա (Իրական պատմություն)


Ամռանը, երեխաներով տարվում էինք խաղով։ Մինչև մութը չէր ընկնում, տուն չէինք գնում։ Թվում էր, մեր մանկությունը փողոցն էր սիրում։
Խաղից հետո, երբ բոլորը ցրվում էին, մենակ էի մնում, սկսում էի վախենալ, սակայն ոչ ոքի ոչինչ չէի ասում այդ մասին՝ լուռ աշխատում էի, որքան հնարավոր է վազքով շուտ տուն հասնել, բայց հայտնվում էր ձեռնափայտով զառամյալ ծերուկը, ինձ ստիպում ճչալով վազել զառիվեր ճամփով՝ մինչև տուն։  Հևալով հաճախ ետ էի նայում: Ծերուկը՝  հազիվ էր քայլում, բայց քայլ առ քայլ հետևում էր ինձ: Նա, որոշակի տարածություն պահպանելով, ետ չէր մնում ինձանից: Նրա գլուխն առաջ էր թեքված, անգամ չէր նայում իմ կողմը, բայց նույն հեռավորության վրա քայլում էր ու քայլում իմ հետևից։  
Ամռան մի երեկո, ծերուկը երկար հետևեց ինձ։ Նրա շարժունակությունից ավելի էի վհատվում, բայց ուժերս հավաքեցի, հազիվ ներս ընկա, դուռը ամուր փակեցի, հենվեցի դռանը, շնչակտուր նայեցի մութ ու խոնավ սենյակի խորքը, ուր մայրս կիսախավարում խմոր էր հունցում:
-       Մայրի՛կ, նա դարձյալ հետևում էր ինձ,- շնչակտուր հազիվ արտաբերեցի և թուլացած չոքեցի, դռանը հենված:
-       Ո՞վ,- շարունակելով  հունցել խմորը, հարցրեց մայրս, անգամ չնայելով իմ կողմը:
-       Դե՜ նա էլի,- սկեցի լաց լինել։
-       Լու'նա, դու քրտինքի մեջ կորել ես,- նկատեց մայրս, երբ վերջապես ձեռքերը լվաց ու մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ճակատիս:
 Ես հեկեկում էի, իսկ  քրտինքս խառնված արտասուքիս, հոսում էր դեմքիս վրայով: Չգիտեմ՝ մայրս անտարբե՞ր էր, թե՞ պարզապես հանգիստ։ Երևի  չհասկացված լինելուց  ձայնս ակամա ավելի բարձրացրեցի:
-       Նա էր, նորից նա էր՝ այն ծերուկը: Նա նման է չար կախարդի: Երբ մենակ եմ լինում, ինձ հետևում է, և ամեն անգամ հազիվ եմ կարողանում փախչել նրանից:
-       Որտե՞ղ երևաց, կարո՞ղ ես ցույց տալ,- հարցրեց մայրս, ապա բռնեց իմ ձեռքից և միասին դուրս եկանք բակ:
Մութն ավելի էր թանձրացել:  Մայրիկիս հետ գնացինք մինչև ճամփան, ուր քիչ առաջ հետևում էր ինձ տարօրինակ ծերունին:
-       Ահա, այստեղ,- խռովածի պես ցույց տվեցի մթան մեջ չերևացող քարքարոտ ճամփան։
-       Ու՞ր է, այստեղ ոչ ոք չկա,- ձեռքով ցույց տալով դատարկ ճամփան, հաստատեց մայրս:
-       Այստե'ղ էր նա, ես տեսա' նրան,- ավելի հուսահատվեցի, երբ իսկապես ճամփան դատարկ էր, իսկ մայրս չէր հավատում ինձ:   
-       Լու'նա, իսկ գուցե նա քո պահապան հրեշտա՞կն է,- փորձեց ոգեշնչել մայրս։  Իսկ ես պարզապես ուզում էի, որպեսզի ինձ հավատան ու հասկանան, մայրիկս՝ առավել ևս, իսկ նա․․․
-       Ո'չ, նա չար է և տգեղ, իսկ տգեղները չեն կարող բարի լինել, ամեն անգամ նա ինձ վախեցնում է,-   շարունակեցի բողոքել լաց լինելով:
-       Դե լա՛վ, արի' տուն գնանք, իսկ գուցե ոչ ոք էլ չի եղել, պարզապես քեզ է թվացել:
Ես անզոր էի որևէ բան ապացուցելու և հավատացնելու, ուստի նույն մանկական անզորությամբ  նայեցի մորս։ Նա մթության մեջ չէր կարող նկատել իմ աչքերում մեխված սարսափը և օգնության կարոտը։ Տուն մտնելով, կարծես մայրս  մոռացավ պատահածի մասին, անցնելով տան գործերին: Նորից մնացի իմ չհասկացված ու անիրական աշխարհի հետ, որտեղ հաճախ սարսափելի էր ու գորշ, իսկ ես, որպես մանուկ՝ իմ մանկությունն էի տենչում ու մնում մոլոր ինձ շրջապատող տարօրինակ աշխարհում։

Комментариев нет:

Отправить комментарий