вторник, 2 июля 2019 г.

Էլմիրան (596-րդը)


Գործը հաջողվածի տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք փաստաբանին, դուրս եկանք։
-          Գնանք մի բան ուտելու, ես եմ հյուրասիրում,- առաջարկեց Պետերը,  իհարկե մենք շոյվեցինք առաջարկից և կարգապահ շարվեցինք մոտակա սրճարանի սեղանի շուրջը, որտեղից երևում էին դրսի անցորդները։ Պարզապես ծամում էինք իմ ու Մանեի անհաջող ընտրած թխվածքը, իսկ Պետերն ուտելու հետ, միաժամանակ նայում էր դուրս, մենք դուրս նայելու հետ մեկտեղ, թաքուն մի հայացք էինք գցում Պետերի հաջող ընտրությանը։
-          Որքան բազմազան ազգեր են քայլում փողոցներով։ Ինձ դուր է գալիս,- նկատեց Պետերը։
-          Այո, շատ ազգերը միասին ապրելով, ավելի ճկուն պետություն է ստեղծվում, իսկ նրանց սերնդի մասին չեմ խոսում,- փիլիսոփայեց Մանեն։
-          Այն նաև թարմություն և նոր շունչ է հաղորդել քաղաքին,- համաձայնվեց Պետերը, իսկ իմ դերն, ինչպես միշտ, հասկանալու դեպքում, գլխի շարժումով համաձայնվելն էր, իսկ հակառակ դեպքում, լուռ նստել, շուրջը նայելն էր։
-          Գնանք Հախենբուրգ, մի քանի օրից ետ կգնաս,- առաջարկեց Մանեն, երբ վերադառնում էինք մեքենայի մոտ։
-          Կգամ,- անմիջապես համաձայնվեցի և մնացի մեքենայի մեջ նստած։
Մեկ շաբաթվա ընթացքում մեկ անգամ ևս Մանեի հետ գնացինք «կլայդեր կամեր» հագուստ ընտրելու, կարգին բան չգտնելով, վերադարձանք միայն մեկ տոպրակ հագուստով, այն տանը բաժանեցինք երկուսիս միջև՝ երկար հանել հագնելով։ Այդ ժամանակ հիշեցի ճամբարի մարդկանց, երբ նրանք գիշերուզօր եկեղեցուց բերված հագուստն առանց հոգնելու մինչև ուշ գիշեր փորձում էին, իսկ առավոտյան աղբամանները լիքն էին լինում դեն նետված հագուստներով։
Շաբաթից ավել հյուրընկալվելը ռիսկային էր, ինձ մնում էր ժամանակին ճանապարհ դուրս գալը։ Կոբլենցում գնացքին դեռ ժամանակ կար, այն սպանելու համար, քայլեցի դեպի Լիդլ տանող ճամփով։ Դիմացից երկու կին շտապում էին ավտոկայանի կողմը։ Սևահեր կնոջ դեմքը ծանոթ թվաց՝ մնացի ճամփամիջում կանգնած՝ հայացքով հետևելով  նրան։
-          Ա՜, բարև ձեզ,- հասնելով ինձ բացականչեց նա, ապա գրկախառնվեցինք։ Ադրբեջանցի Էլմիրան էր։
-          Ինչպե՞ս ես,- հետաքրքրվեցի, քանի որ դեռ ճամբարում լսել էի նրա անհաջող տեղափոխության մասին։
-          Չգիտեմ,- կնոջ աչքերն արցունքակալվեցին, միաժամանակ լացը զսպեց՝ կուլ տալով արտասունքը։
-          Ինչու՞ ես տխուր, ի՞նչ է պատահել։
-          Լավ, շտապում եմ,- ձեռքով արեց նա, երկչոտ մի հայացք գցելով մյուս կնոջ վրա, իսկ նա աչալուրջ հետևում էր նրան։ Նրանք հեռացան տարօրինակ կերպով, առանց հրաժեշտի։ Էլմիրան քայլելով մի ետ հայացք գցեց ինձ՝ կարծես ցանկանալով ավարտել կիսատ մնացած միտքը։
Այլևս  չմտա «Լիդլ»՝ ետ դարձա  ավտոկայան, հանկարծ վազելով եկավ Էլմիրան՝ հաճախ ետ նայելով։
-          Ուզում եմ կիսվել քեզ հետ,- արտաբերեց նա և սկսեց սրտակեղեք լաց լինել,- բոլորին «տրանսֆեր» արեցին, միայն  ինձ տարան նորից  ճամբար։
-          Ինչու՞,- իսկապես նրա ասածը զարմացրեց։
-          Չգիտեմ,- ուսերը թոթովեց նա,- Երխաներիս պատճառով։ Տղաս շատ չարաճճի է,- նա նորից վախվորած ետ նայեց, սկսեց բարձր լաց լինել, այդ պահին հիշեցի նրա որդուն, երբ ճամբարում թավալում էր ասֆալտին, և ոչ ոք չէր կարողանում կարգի բերել այդ տղային։
-          Իսկ ամուսի՞նդ։
-          Չկա, չգիտեմ։ Գերմանիայում է, բայց լուր չունեմ։
-          Դպրոց գնու՞մ են երեխաները։
-          Ո՛չ,- դառնորեն արտասունքները թափվելով՝ պատասխանի հետ տարուբերեց գլուխը։- Նրանք՝ հատկապես տղաս անկառավարելի է։ Նա չի ենթարկվում ոչ ոքի։
-          Ցավալի է, իսկ ի՞նչ ես պատրաստվում անել։
-          Չգիտեմ, տուր հեռախոսիդ համարը, ոչ ոք չունեմ այստեղ,- խնդրեց նա, արագ հանեցի հեռախոսը, որպեսզի տամ նրան համարը, նա ետ նայեց և վազեց,- Ների՛ր, ավտոբուսի ժամն է,- ինձ մնում էր զարմացած հայացքով հետևել նրան, իսկ նա վազելով մոտեցավ հեռվում կանգնած կնոջը։ «Ո՞վ էր այն կինը»․ երկար մտորում էի, հիշողությանս ծալքերից պատասխան ակնկալելով,  սակայն այդպես էլ չգտա՝ անծանոթ էր։ Ինչի՞ էր ձգտում Էլմիրան օտար երկրում, ինչու՞ էր շաղ տվել ընտանիքը, ու՞ր էր շտապում նա իր անմիտ վազքով, ի՞նչ ուներ առջևում, ո՞րն էր նրա ակնկալիքը կյանքից՝ ավիրվող կյանքից, որին անզոր էր դիմակայելու այլևս։ Որտեղի՞ց էր եկել և ու՞ր էր գնում։
Ամենասարսափելին, երբ մարդը յուր փնտրտուքով կորցնում է շարունակությունը՝ կյանքն իմաստավորելու շարունակությունը։ Նման դեպքում ունայնությունը կարող է ապականել հոգին և ահա վերջ, իսկ Էլմիրայի դեպքում՝ փնտրելով ամուսնուն՝ նա ագիտակցաբար կորցրել էր երեխաներին։

Комментариев нет:

Отправить комментарий