четверг, 18 июля 2019 г.

Դեպի սար «Հանդիպում»


Ես ուրախացա և մտքով շնորհակալ եղա բոլորից: Ոչ ոք չլսեց իմ շնորհակալությունը։ Իմ շնորհակալությունը բոլորին էր՝ և՛ Տիրոջը, որ այդքան խառը ժամանակներում այդպիսի հնարավորություն էր ընձեռնել ինձ և պահպանել իմ միակ հարազատի՝ հայրիկիս կյանքը, և՛ հրամանատարին, որ ինձ թույլ տվեց բարձրանալու սար, ուր համարյա ապրում էր ու կռվում իմ հայրը: Ես  չգիտեի՝ ինչպիսին է դարձել նա հիմա, և յուրաքանչյուր մարտիկի մեջ, որ այնքան փոխել էր նրանց կյանքը, և որ ինձ այնքան լավ էին վերաբերվում, տեսնում էի իմ հորը, բայց մազածածկ դեմքով  չէի կարողանում իմ մտքի մեջ պատկերացնել ու պահել այդ նոր պատկերը, այն սայթաքում էր ու նրա մեջ կերպար էր առնում իմ հարազատ հայրը, որը, միշտ սափրված ու կոկիկ հագնված, հաճախում էր դպրոց` որպես ուսուցիչ:
Կես գիշեր էր, երբ իմ գտած քաջարի բարեկամի հետ հասա սար: Լիալուսինը թույլ էր տալիս տեսնողին հասկանալ, որ մեքենայից իջնողներից մեկը երեխա է՝ այդ երեխան ես էի:
-       Ովքե՞ր եք,- լսվեց ժամապահի ձայնը:
-       Մենք ենք,- պատասխանեց Արմենն իր բամբ ձայնով, որին շփոթել հնարավոր չէր:
-       Արմե՛ն, դու՞ ես, իսկ մյուսն ո՞վ է,- հարցրեց քիչ հեռվում կանգնած ժամապահը:
-       Համբերի՛ր, - պատասխանեց Արմենը և դիմեց ինձ,- Արի՛, Սարո՛, արի՛ մոտենանք  ժամապահին:
Ես լուռ հետևեցի նրան:
-       Բարև, եղբա՛յր, հո դժվարություններ շատ չե՞ն եղել,- գրկախառնվելով ժամապահին` հետաքրքրվեց Արմենը:
-       Դե դժվարությունը մեզ համար է, Արմեն ջան, հաղթանակը մենք պետք է այստեղ` այս լեռներում կռենք ու հետո տուն տանենք մեզ հետ:
-        Ճիշտ ես ասում, Վազգեն ջան:
-       Իսկ տղան ո՞վ է, չլինի՞ եկել է կռվելու:
-       Չէ՜, Վազգեն ջան, նա դեռ մի մատ երեխա է, կհասցնի կռվել։ Մեր Կարենի որդին է։ Հա, ի դեպ, որտե՞ղ է նա։
-       Ներսում է, տղաների հետ, իսկ որտեղի՞ց ես գտել նրան:
-       Է՛հ, երկար պատմություն է, հետո կպատմեմ, իսկ հիմա տղան երևի անհամբեր է, հորը տեսնել կուզի:
-       Այո՛, բայց կարգին մութ է նման հանդիպման համար, գոնե թո՛ղ Կարենը դուրս գա լուսնի լույսի տակ:
-       Մի բան կանենք,- Արմենը թևը դրեց իմ ուսին,- Գնացի՛նք, որդի՛ս:

Комментариев нет:

Отправить комментарий