суббота, 20 июля 2019 г.

Թվում էր, երկնքից մայրս մեզ էր նայում և ուրախանում «Հանդիպում»


Նեղ խրամատի միջով քայլում էի Արմենի հետևից: Այդ պահին իմ սիրտն այնքան արագ էր խփում` ինձ թվում էր, այն լսելի էր ամեն տեղ:  Մատներս բռունցք արեցի, որպեսզի կարողանամ կուլ տալ իմ թուլությունը, որը քարշ էր գալիս ոտքերիս կպած: Ոտքերս դողում էին:
-       Տղանե՛ր, քնա՞ծ եք,- գլուխը ներս մտցնելով` հարցրեց Արմենը:
-       Համարյա, իսկ ի՞նչ կա որ,- լսվեց ներսից:
-       Կարենն այստե՞ղ է:
-       Հա՛, իսկ դու ո՞վ ես,- խոսեց մի ուրիշ ձայն:
Այդ ձայնից սիրտս ճմլվեց, հենվեցի պատին:
-       Գո՛րծ կա, դու՛րս արի:
-       Արմեն դու՞ ես,- հարցրեց նույն ձայնը:
-       Ես եմ, բա ո՞վ է, դու՛րս արի:
Մեխվել էի պատին, սառը քրտինքը պատել էր ճակատս, կարծես  մոռացել էի շնչել, բայց ողջ էի։ Քիչ հետո խրամատում՝ իմ դեմ կանգնեց մազածածակ դեմքով, ոտքից գլուս սև հագած մեկը: Համենայն դեպս լուսնի լույսի տակ նա այդպիսին էր։
-       Ի՞նչ դժվար ես դուրս գալիս, տնաշե՛ն,- կշտամբեց Արմենը և գրկախառնվեց դուրս եկած տղամարդու հետ,- Տե՛ս, թե ում եմ բերել քեզ մոտ,- Արմենը ցույց տվեց ինձ:
-       Ո՞վ է, ու՞մ ես բերել,- տղամարդը ետ քաշվեց Արմենից, կռացավ ինձ վրա:
Ես աչքերս լայն բացած, նայում էի նրան՝ կարծելով՝ միայն այդպես նա կտեսնի և կճանաչի ինձ: Այդ պահին ուզում էի այդ վայրենի արտաքինի մեջ գտնել վաղուց կորցրած իմ ուսուցիչ հայրիկիս, որ միշտ կոկիկ հագնված դպրոց էր գնում: Նա չոքեց, զենքը նրա ձեռքից վայր ընկավ, ոչինչ չասաց, հետո խուլ հեկեկոցից բառեր անջատվեցին.
-       Որդի՛ս, ի՛մ որդի, դո՞ւ ես, ի՛մ սիրելի, ի՛մ միակ հարազատ,- նա թևերի մեջ առավ իմ վտիտ ու թուլացած մարմինը։ Ես հուզմունքից հազիվ էի շնչում:
-       Կարե՛ն, ամուր մի՛ սեղմիր, նա շնչահեղձ է լինում,- նկատեց Արմենը, ապա բացեց ջրի ամանը և ցողեց դեմքիս:
-       Հայրի՛կ, ի՛մ սիրելի հայրիկ, այնքա՛ն երկար եմ փնտրել քեզ,- կարողացա շշնջալ, որին հետևեց իմ հեկեկոցը։ Ես փաթաթվել էի հայրիկիս վզով և դեմքս հպել նրա մազածածկ դեմքին: Հայր ու որդի երկար այդպես մնացինք գրկախառնված, և կարծես մեր հանդիպումը պահպանում էր քիչ հեռվում կանգնած ժամապահը, իսկ Արմենը մեզ հետ հավասար լաց էր լինում՝ երբեմն շշնջալով
-       Կարեն ջան, ամեն Աստծո օր որդուդ անունն էիր տալիս, ահա՛, Աստված լսեց ու տեսավ քո տառապանքը,-
 Լիալուսինը երկնքից ժպտում էր մեզ մայրական ժպիտով՝ թվում էր՝ մայրս է՝ երկնքից մեզ է նայում և ուրախանում, նա իսկապես ժպտում էր։ Հյուղակից լուսնի լույսի տակ երևում էին դռնից դուրս ցցված մի քանի գլուխներ՝ բոլորն էլ քնաթաթախ ու հոգնած էին, բայց երջանիկ: Ես գտել էի իմ կորցրած երազը՝ իմ տունը, որ երկար ժամանակ պետք է սարերը լինեին, իմ հայրենիքը, որը տնքում էր խոր վերքերից, բայց ազատագրված էր, և իմ միակ հարազատին, որ ուսուցչից վեր էր ածվել հայրենասեր ու հաղթանակ կերտող ազատամարտիկիկի․․․   


Комментариев нет:

Отправить комментарий