вторник, 9 июля 2019 г.

Իմ գտած քաղաքն ինձ չսիրեց (596-րդը)


Ակամա տխրությունը համակել էր ինձ՝ նայելով շուրջս։ Վիտլիխն իմ առաջին ու հարազատ քաղաքն էր Գերմանիայում՝ ճամբարից հետո։ Առաջին անգամ այդ քաղաքում  էր իջեցրել ինձ ավտոբուսը, ափսոս չպահեց։ Միևնույն է, սիրում էի, հիմա էլ կարոտում եմ այդ քաղաքին։ Գուցե մի օր կարողանամ նորից քայլել ինձ հարազատ դարձած քաղաքի փողոցներով։ Կարոտում եմ ավտոկայանին, այն իմ  ապաստանն էր անձրևից ու ձյունից։ Անգամ հարազատ ինչ որ բան կար արդեն ծանոթ վարորդների մեջ, որքան էլ նրանք պարզապես իմ կողքով անցնեին, որպես վարորդ։ Հարազատ էին հեծանվով շիշ հավաքողները, կամրջի մոտ մշտական նույն դեմքերի գարեջուր խմելը, կռվարար դպրոցականների ավտոբուսի սպասելը և ավտոբուսում հոգնությունից նստարաններին տապալվող  երեխաները։ Մտքով շրջում էի, ինքս իմ մեջ խռովում այդ քաղաքից։ Երանի առաջին օրվանից, երբ ոտք դրեցի այնտեղ, ինչպես Կամային, ինձ էլ սիրեր ու պահեր իր գրկում և մնայի ու ապրեի։ Գուցե ոչ մի տեղ էլ չցանկանայի տեղափոխվել։ Գուցե։
Իսկ հիմա տեղից-տեղ փոխվում եմ ու փոխվում, քանի որ ոչ մի տեղ ինձ չեմ գտնում՝ օտար է ամեն ինչ և լուռ են իմ գտած գյուղն ու քաղաքը, նրանք չցանկացան ինձ հետ խոսել, կիսվել, և խռոված ու վհատ նորից գնում եմ գտնելու հույսով՝ իմ գտած քաղաքը թողնելով ուրիշին։
Վերջին անգամ ավտոբուսն ինձ տարավ սարերով ու ձորերով, անտառներով ու դաշտերով, վեր ու վար ոլորաններով և վերջապես անդունդի ճամփով, որտեղից երևում էր բարձունքին բազմած փոքրիկ Մանդերշայդն իր փայլող ու կանաչ բնությունով։
Ոչինչ հարազատ չէր այդ քաղաքում, այն ինձ համար մի պոլիկլինիկա էր, մի սոցիալ և մի ներքնահարկ։ Հայացքով հրաժեշտ տալով՝ հասա կանգառ։
Եղանակն անձրևոտ էր, սակայն անձրևանոցի կարիք չէր զգացվում, այն հիշեցնում էր ճամբարի մառախուղի մեջ պարող կաթիլները։ Եվ այդ անտեսանելի կաթիլները թրջում էին դեմքս, որից կենդանություն էր առնում նվաղող սիրտս։
Մի ժամանակ անհանգստանում էի սննդի համար և պետք է անպայման ունենայի  որոշակի պահուստ, բայց տեղափոխման լուրն իմանալուց հետո, ինձ համար միևնույն էր։
Ո՛չ, ուրախ չէի, անորոշ ու մտահոգ էի։ Քանի որ չգիտեի՝ հետոն ինձ ուր է տանելու, որքան էլ հարազատ մարդկանց մոտ գնայի։ Չէ՞ որ նրանք էլ իրավազուրկ էին, ինչպես ես։

Комментариев нет:

Отправить комментарий