четверг, 18 июля 2019 г.

Կարծես առաջին անգամ էի լքված ու մոլորված «Հանդիպում»


Լուսաբացին աչքերս բացեցի լսվող ուժգին աղմուկից: Սարսափած նստեցի տեղս: Հանկարծ բացվեց մեքենայի դուռը, և մի ձեռք  դուրս քաշեց ինձ:
- Արագացրու՛, սրիկաները ռմբակոծում են:
 Քնաթաթախ գլորվեցի մեքենայից, և նույն ուժեղ ձեռքը, ինձ քարշ տալով, տարավ խտացող փոշու ու ծխի միջով:
- Տղանե՜ր, արագացրե՛ք,- լսվեց ծանոթ ու հարազատ ձայնը քիչ հեռվից:
Ո՞վ էր ինձ քարշ տալիս, որքան էլ հետաքրքիր էր, բայց իրադրությունն այնպիսին էր՝ անգամ գլուխս թեքելու հնարավորություն չունեի:
Հայտնվեցի ծառերի մեջ։ Առավոտվա կանաչին նստած եղյամը թրջեց ոտքերս։ Սկսեցի մրսել: Շուտով տիրեց լռություն, իսկ ինձ, որ մի պահ առաջ թաքստոց էր շպրտել այն ուժեղ ձեռքը, մնացել էի շվարած։ Նստած թաց խոտերին՝ սպասում էի, հավատալով, որ մեկն անպայման կգա իմ հետևից, բայց թաց կանաչը սկսեց ավելի սառեցնել բոբիկ ոտքերս՝ իմ վաղուց մաշված կոշիկների մեջ: Ընդամենը մի քանի րոպե տևած լռությունը երկար ժամեր թվաց ինձ։ Մոռացվածի ու լքվածի զգացողությամբ՝ այլևս սպասել չէի կարող, սկսեցի վազել երևացող բացատի կողմը: Հետզհետե օդ բարձրացավ ու ցնդեց քիչ առաջվա ծուխն ու փոշին։ Հասա բացատ, ուր պայթյունից առաջացած փոսերի շուրջը դեռ փթթող կանաչը փայլում էր արևի շողերից իր վաղորդյան ցողով, որոնք նման էին արծաթյա արտասունքի։ Թվում էր՝ բնությունը լացում է: Ես երկար նայեցի շուրջս: Ոչ ոք չկար:
Իսկ մեքենաներն ու՞ր են, մի՞թե սխալվել էի։  Այն երեկվա տեղը չէր։ Շուրջս նայելով՝ խուճապի մատնվեցի, կարծես առաջին անգամ էի մենակ ու մոլորված:
Ականջիս ձայներ հասան։ Ձայները գալիս էին հեռվից՝ քիչ առաջվա իմ նստած տեղից։ Ես սխալ ուղղությամբ էի դուրս եկել ծառերի միջից։ Ինձ էին ձայն տալիս՝ նրանք ինձ չէին մոռացել, իսկ ես՞, ինչպե՞ս կարող էի նման կերպ մտածել։ Լսողությունս լարած՝ մնացել էի տեղում մեխված։ Չէի կարողանում կողմնորոշվել, և հանկարծ իմ եկած տեղից երևաց Վարդան քեռին, տեսնելով  ինձ՝ ձայն տվեց.
- Էդ ու՞ր ես կորել, ա՛խր, մենք իրար ենք խառնվել:
 Իհարկե ինձ մեղավոր զգացի և վազեց դեպի նա: Վարդան քեռու շունչը կտրվում էր, իսկ քիչ առաջվա ռմբակոծությունից նա կորած էր հող ու փոշու մեջ:
- Դու վիրավո՞ր ես,- Վարդան քեռու քունքին արյուն նկատելով` վախեցա  ես:
- Դատարկ բան է, ընդամենը քերծվածք,- թևքով ճակատը մաքրելով՝ մեծահոգաբար պատասխանեց նա:
Եթե հաշվի չառնենք մարդկային խուճապը, ապա կարող եմ ասել՝ թշնամու արձակած արկերից ոչ մի լուրջ վնաս չեղավ: Ամենակարևորը՝ վառելիքի ցիստեռները չտրաքեցին։

Комментариев нет:

Отправить комментарий