среда, 3 июля 2019 г.

Հոգնությու՞ն, թե՞ անվճռականություն (596-րդը)


Մնացի գլխիկոր։ Ցուրտը նահանջեց, սիրտս սկսեց այրվել այդ կնոջ համար, սակայն նա իր վազքով ընդմիշտ անհետացավ իմ կյանքից՝ թողնելով իմ մեջ մի մեծ հարցական։
Քանի որ իմ սեփական հարցականները ևս անթիվ էին, ուստի մտքիս ծալքերում խճճվեց ադրբեջանուհին իր խնդրներով և փորձեցի առաջ անցնել՝ ավտոբուսով սլանալով դեպի ծմակի վրա շինված փոքրիկ, հնադարյան քաղաքը։
Մանդերշայդից բացակայել էի ընդամենը մեկ շաբաթ։ Այդ ընթացքում դեպի ներքնահարկ տանող աստիճանները ծածկվել էին աղբով։ Գուցե գիժ քամի՞ն էր բերել։ Գուցե, բայց, երբ տեղում էի լինում, աստիճաններն ավելի երկար էին մաքուր մնում, իսկ գուցե լքվածությունի՞ց էին ամայանում ու աղբով լցվում։ Գուցե։
Երեկոն իջավ իր պաղ մեգով, և պաղ եղանակից հոգիս սկսեց ավելի մրսել: Կուչ եկա բազմոցին։ Սիրտս նվաղում էր, գլուխս այրվում, սարսափում էի՝ նայելով լուսամուտին, որտեղից, թվում էր՝ ինձ էր նայում սև գիշերն  կերպարանք առած։ Վախենում էի ամեն ինչից և ակամա նորից դուրս նետվում։ Դրսում դատարկություն էր։ Միայն, երբեմն մի մեքենա սլանում էր  մոտակա ճանապարհով։ Փողոցային դեղին լույսերը երեկոն դարձնում էին ավելի դժգույն ու պաղ, որից որբանում էր հազար անգամ որբացած հոգիս, և նորից ետ էի շտապվում ներքնահարկ։ Այս անգամ առանց դուրս նայելու՝ լուսամուտը փակում էի պատահական շորով, անցնում ննջարան քնելու։
Գիշերն արթնացա տարօրինակ ծվվոցից, մտածեցի մուկ է։ Սկսեցի փնտրել։ Ողջ գիշերը փնտրեցի աներևույթ մկանը։ Միայն առավոտյան, երբ առաստաղից լսվում էր նույն ձայնը, վեր նայեցի, և, ինչպիսի՜ հիասթափություն,  խափանվել էր անվտանգության ազդանշանը։ Այդուհետ այն  հաճախ էր հնչում՝ գիշեր ու ցերեկ՝ սղոցելով նյարդերս։ Նման պահերին ուզում էի դուրս նետվել հավիտյան կորչելու, անհետանալու այդ ներքնահարկից, որտեղ լոկ պայքարում էի ողջ մնալու՝ առանց մեկ օր անգամ ապրելու, իսկ տան տիրուհին, որ միշտ խոստանում էր, բայց երբեք ժամանակին չէր կատարում խոստումը, գոնե կարգավորելու ազդանշանը
Արդեն խելագարվու՞մ էի, թե՞ դեռ կիսախելագար էի՝ միշտ օգնության կարիք ունեի։ Վերջապես բժշկը հաստատեց՝ հոգեբան ունենալու անհրաժշտությունը, որպեսզի նա գեթ մի փոքր թեթևացներ իմ և՛ հոգեկան խնդիրները, և՛ ֆիզիկական ցավերը, իսկ այն հնարավո՞ր է, երբ էությունդ է ցավում։ Չգիտեմ․․․
Նորից վեր կացա գնացի Հախենբուրգ։ Մանեի ընտանիքին նոր բնակարան էին հատկացրել։ նա ուրախ էր։ Բնակարանը բաղկացած էր երեք փոքր սենյակներից, այն գտնվում էր նույն շենքի երկրորդ հարկում։  Առաջինից տարբերվում էր մի փոքրիկ խուցով։ Իհարկե ուրախալի էր, քանի որ այլևս բազմոցին՝ ընդհանուր սենյակում չէի քնելու կամ ամբողջ օրն այնտեղ չէի անցկացնելու, որպես մշտական ներկայի այդ ընտանիքում։
Նոր բնակարանի նոր սենյակում մահճակալ էր ծառայում դրսից բերված, իրար վրա դարսված մի քանի ներքնակներ, և քանի որ միշտ կարճ ժամանակով էի հյուրընկալվում, այն չէր տպավորվում իմ մեջ՝ որպես անհարմարության։
Որպես հոգեբան ոչինչ չզգացի, երբ Մանեի հետ միասին գնացինք մեր գտած ռուսախոս հոգեբանի մոտ։ Նրա մոտից դուրս եկա ընկճված, կուչ եկած, նորից գլուխս սկսել էր այրվել։
Մարդկային հոսքի մեջ միշտ մարդ էի որոնում կիսվելու, խոսելու՝ մի խոսքով ինձ սպանող մենությունը ցրելու ակնկալիքով, իսկ յուրաքանչյուր մարդու մեջ փնտրում էի գեղեցիկը։ Թվում էր, եթե մարդը գեղեցիկ է, նա կարող էր հասկանալ ինձ, և ես կարող էի հասկանալ  նրան՝ անկախ ազգությունից և լեզվից, բայց գեղեցիկ մարդը նույնպես խոսում էր օտար լեզվով,  իսկ ես միշտ տքնում էի սովորել կամ հասկանալ, բայց ապարդյուն։
Հոգնությունն ու անվճռականությունն իմ մշտական ընկերներն  էին։ Մի քանի օր Մանեին հյուրընկալվելուց հետո, դժկամությամբ վերադարձա, թեկուզ այնտեղ էլ հանգիստ չունեի, բայց այնտեղ իմ մենությունը ցրող կար։

Комментариев нет:

Отправить комментарий