воскресенье, 14 июля 2019 г.

Հանդիպում


Որքան մարդիկ, նույնքան ճակատագրեր։ Սարոյին պատահական եմ հանդիպել և նրա կյանքի պատմությունը գրի եմ առել առանց փոփոխության ենթարկելու։ Փոխված են միայն անունները։

Սարո՝ այսպես էին ինձ անվանում ծնողներս և ընկերներս, երբ դեռ իմ քաղաքում չէին պայթել արկերը։ Իսկական անուս Սարիբեկ է։ Վաղուց ապրում եմ բաց երկնքի տակ՝ այն օրվանից, երբ իմ քաղաքը ռմբակոծվեց։ Շատերի պես ես էլ ընկա օտար մի քաղաք, որտեղ մարդիկ ինձ ընդունում էին թափառող շներին և կատուներին հավասար։ Ուտելիք հայթհայթելն ինձ համար այնքանով էր դժվար, որքանով գիշերը քնելու տեղ գտնելը, իսկ հաճախ այն անհնար էր լինում, և գիշերում էի, ավելի ճիշտ ապրում էի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկի նկուղում։ Ցրտից չսառչելու համար քնում էի թափառող շների ու կատուների հետ։ Երբեմն էլ մենակ կուչ էի գալիս իմ վառած աղքատիկ խարույկի մոտ՝ այն ինձ ավելի շատ մրոտում էր, քան տաքացնում։ Իմ մշտական զբազմունքը ուտելիք հայթհայթելն էր։
Վերջապես ձմեռն իր տեղը զիջեց գարնանը։ Արևոտ մի օր դուրս եկա ներքնահարկից՝ տաքանալու և այլևս չվերադարձա այնտեղ։ Պարզապես քայլեցի լայն փողոցով։ Այն ինձ տարավ քաղաքից դուրս։ Չէի վախենում՝ այդ զգացմունքն ինձ լքել էր, երբ առաջին անգամ բախվեցի մարդկանց անտարբերության հետ և գիտակցեցի՝ իմ գոյության երեշխավորը ես էի։ Քայլեցի ու քայլեցի՝ անգամ չիմանալով, թե ուր եմ գնում, քանի որ ոչինչ չունեի կորցնելու, ուստի գտնելու հույսով կանգ չառա։ Բնությունը կանաչել էր։ Պարզվեց գարունը վաղուց էր եկել, պարզապես իմ կյանքն ու ապրելու տեղն էր ցուրտՃանապարհն ինձ ստիպում էր քայլել, որքան էլ դժվար լիներ ինձ համար։ Ինձ ոգեշնչում էր գարնան զարթոնքը, բայց իմ գլխավոր երազանքը այդ պահին տաք ու կուշտ լինելն էր՝ մայրիկիս կողքին, իսկ մնացածի մասին այնքան էլ պատկերացում չունեի։ Ես աշխարհի թոհուբոհի զոհերից էի, սակայն այդ նույն աշխարհից անտեղյակ մեկը։
Առաջին հանդիպած խաչմերուկի ցուցատախտակին կարդացի՝ դեպի Արցախ գրությունը, ուրախացած շարունակեցի քայլել այդ ուղղությամբ։ Գնում էի իմ հարազատ եզերքը, ուր դեռ չէին լռել կրակոցները: Երկար քայլելուց հոգնեցի, ճամփից դուրս եկա, մի քանի ուտելի խոտերով սնվեցի, ապա նստեցի խոտերի մեջ։ Թե որքան էի քնել, չգիտեմ: Հանկարծ մեկը բոթեց ինձ:
- Է՛յ, տղա՛, դու ո՞ղջ ես:
Տեղից վեր թռա, նստեցի։ Տեսնելով անծանոթին, քնաթաթախ հայացքս սևեռեցի նրան: Տղամարդը կիսազինվորական հագուստով էր, նրա դեմքը վաղուց սափրված չէր։
- Դու ո՞վ ես,- հարցրեց նա:
- Ես Սարոն եմ, ես շատ եմ քայլել, ես հոգնած եմ։ Որոշեցի մի քիչ հանգստանալ ու նորից շարունակել ճամփան,- կմկմացի ես, անկեղծ ասեմ, մի քիչ վախվորած՝ ի միջիայլոց, մարդկանցից  վախենում էի:
- Իսկ ու՞ր ես գնում,- հետաքրքրվեց անծանոթը:
- Չգիտեմ, քայլում եմ,- դեպի հեռուն նայելով` պատասխանեցի նրան՝ հոգուս խորքում փայփայելով մի աղոտ հույս՝ գուցե այս ճամփան իսկապե՞ս ինձ կտանի իմ ծննդավայրը:
-Քայլիդ նպատակը ո՞րն է, տղա ջան։
- Ուզում եմ մեր տուն գնալ։
- Իսկ ո՞րն է ձեր տունը, դու գոնե գիտե՞ս:
- Այո՛, մեր տունը այնտեղ է,-  ձեռքս մեկնեցի պատահական երևացող սարի կողմը:
- Ինչպե՞ս է կոչվում այն տեղը, որտեղ ձեր տունն է:
- Շուշի:
- Է՛հ, տղա՛ս, այնտեղ դեռ թեժ մարտեր են,- մտահոգված պատասխանեց անծանոթը։
- Ինձ համար միևնույն է,- պատասխանեցի, չնայած  հուսահատելով, որ երբևէ կարող եմ գտնել իմ հարազատներին ու իմ հայրենի տունը։
- Մի՛ տխրիր, արի՛ քեզ տանեմ,- ինձ համար անսպասելի՝ առաջարկեց նա,- Որդի՛ս, իսկ ինչու՞ ես ոտքով գնում, այդպես դու կմնաս ճամփեքին,- հետաքրքրվեց անծանոթը՝ ոտքից գլուխ չափելով ինձ:
- Ես ոչինչ չունեմ, իսկ ո՞վ կհամաձայնի ինձ հենց այնպես այնտեղ հասցնել:
- Ե՛ս, ես քեզ կտանեմ, վե՛ր կաց, արի՛, նստի՛ր մեքենան՝ վառելիք եմ տանում ճակատ:
Իհարկե, շատ  ուրախացա, շտապեցի տեղավորվել մեքենայի խցիկում:
- Մոռացանք ծանոթանալ՝ անունս Արմեն է:
- Ես Սարոն եմ,- նորից կրկնեցի իմ անունը։
-  Սարո՛, դու այնքան վտիտ տեսք ունես, այսօր մի բան կերե՞լ ես:
Քանի որ դեռ վաղուց չուտելն ինձ համար ավելի սովորական երևույթ էր, քան ուտելը, ուստի լռեցի։ Արմենը  ինձ տվեց ուտելիքի տոպրակը:

Комментариев нет:

Отправить комментарий