воскресенье, 7 июля 2019 г.

Երրորդ տեղափոխություն (596-րդը)


Դեռ ճանապարհին էի, երբ զանգահարեց Մանեն, նա բացատրեց, թե ինչի մասին է նամակը։
-          Մամ, նամակը Թրիրից է, որքան հասկացա, քեզ տեղափոխել են այստեղ՝ մեզ մոտ։
-          Այսինքն համոզված չես,- հետևություն արեցի նրա ասածից։
-          Համարյա համոզված եմ, բայց երեկոյան Պետերը գալու է մեզ մոտ, նամակը կտամ նա կկարդա համոզվելու համար, իսկ եթե ճիշտ եմ հասկացել, մեկ շաբաթից կարող ես այդտեղից դուրս գալ, այնուհետև քո փաստաթղթերը կուղարկեն այստեղի սոցիալին։
-          Իսկ ինձ  առանձին բնակարան տալու՞ են։
-          Միայնակների հարցը դժվար է, հիմնականում, այստեղ մի շենք կա, տեղափոխվածներին սկզբում տանում են այնտեղ, այնուհետև, երբ փոքր բնակարան է ազատվում, որը շատ դժվար է, ապահովվում են նրանց։
-          Ինձ նույնպե՞ս կտանեն այնտեղ։
-          Չեմ կարծում։
-          Իսկ ու՞ր կտանեն։
-          Երևի մեզ մոտ։
-          Ձեզ մոտ տեղ որտեղի՞ց, մի փոքր բանակարան է, իսկ դուք չորս հոգի եք։ Ես գամ ու՞ր։
-          Դու արի, մնացածը լուծվող հարցեր են, ամենադժվարը տեղափոխվելն է, որը շատերին անհնար է թվում։
-          Դե լավ, հետո կխոսենք,- իհարկե կատարվածը այնքան էլ սրտովս չէր, քանի որ, որքան էլ ներքնահարկ լիներ, ապրում էի առանձին, իսկ հիմա ինչպես էլ դասավորվեր իմ հետագա կյանքը, այն ինձանից կախված չէր։ Ինչևէ, Մանեն ասաց՝ լավ կլինի։
-          Հիմիկվանից կարող ես իրերդ հավաքել։
-          Կարո՞ղ եմ բոլորը վերցնել։
-          Ա՛յ դա չգիտեմ, քանի որ սոցիալը կարող է թույլ չտալ, վաղը կտանես նամակը ցույց կտաս, ինչպես կասի, այնպես էլ կանես։
Վաղ առավոտյան, կարգապահ աշակերտի պես գնացի սոցիալ։ Ինչպես միշտ, տիկին Շուլցը նույն դիրքով, նույն տեղում նստած, մաստակ էր ծամում։
-          Հալլօ,- ներս մտնելով արտասանեցի վաղուց հարազատ դարձած բառերից գլխավորը, նրան մեկնեցի նամակը։ Տիկին Շուլցը հանգիստ վերցրեց այն, բացեց, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Ընթերցելուց հետո, առանց խոսք ասելու, զանգահարեց Մանեին։ Կարճ խոսակցությունից հետո, նամակի պատճեն վերցրեց, իսկ ինձ հաջողություն մաղթելով, նորից խորացավ համակարգիչի մեջ։
Այդ պահից ես ազատ էի տիկին Շուլցին հոգով պատանդ լինելուց, իմ ազատված հոգին թռվռում էր ուրախությունից՝ ես հեռանում էի յուրաքանչյուր քայլիս հետևող սոցիալից, բայց ու՞ր և արդյո՞ք տեղին էր իմ ուրախությունը։ Չգիտեմ։ Դռնից դուրս գալով՝ կարծես տիկին Շուլցին ընդմիշտ թողեցի այն աթոռին՝ նույն դիրքով նստած, մաստակ ծամելիս։
Հազիվ էի շենքից դուրս եկել, երբ զանգահարեց Մանեն․
-          Ալլո, մամ, Շուլցն ասաց՝ վաղը պետք է գնաս «կռայզվալթունգ՝ քաղաքապետարան»։
-          Ինչի՞ համար,- սրտնեղեցի, քանի որ լսածս այնքան էլ ցանկալի անակնկալ չէր։
-          Պետք է այնտեղ հաշվառումից դուրս գաս։
-          Բայց դու ասացիր՝ այն ավտոմատ է արվում։
-          Այո, բայց գնա ներկայացիր, այդպես ավելի լավ է։
-          Լավ, կգնամ,- իհարկե տարակուսեցի, քանի որ, ինչպես շատ տեղերում, այնտեղ էլ, աշխատակիցն այնքան էլ չէր սիրում նայել իմ կողմը, որից ընկճվում էի և աշխատում էի ամենաանհրաժեշտ դեպքերում մտնել նրա մոտ, իսկ գուցե հենց տվյալ դե՞պքն էր անհրաժեշտը։ Գուցե։ Եվ հաջորդ օրն, առանց զլանալու, մեկնեցի Վիտլիխ։ Սկզբում գնացի Կիմայի տուն, զանգը տվեցի, նա բացեց։
-          Բարև, կարելի՞ է, թե արդեն մոռացել եք ինձ,- ներս մտնելով սկսեցի ես։
-          Ինչպե՞ս կարելի է մոռանալ ձեզ, բայց որ ուշ-ուշ եք գալիս․․․
-          Այո, անհնար է հաճախ գալը, լավ գիտես, թե որքան է ճանապարհածախսը, այսօր էլ եկել եմ խնդրելու միասին գնանք «կռայզվալթունգ», թարգմանելու խնդիր ունեմ։
-          Վա՜յ, չեմ կարող, աչքս երեկ են վիրահատել, տես,- ասաց նա և լայն բացեց աչքը։ Այլևս այդ մասին լռեցի, մնացի նստած։
-          Ինչպե՞ս եք, ինչով եք զբաղվում,- հետաքրքրվեցի ես։
-          Հիշու՞մ եք ձեր սոցիալին,- ուրախացած սկսեց նա։
-          Որի՞ն։
-          Ճաղատին, կարծեմ անունը Մարկուս էր։
-          Այո, ինչպե՞ս կարող եմ մոռանալ նրան,- կատակի վերածեցի նրա պատասխանը։
-          Նա պատահաբար տեսավ ինձ ու Ազոին միասին մարզպետարանում, ճանաչեց ինձ, Ազոին օգնեց աշխատանքի հարցով։
-          Հիմա Ազոն աշխատու՞մ է։
-          Այո, դեռ երեք տարով էլ իրավունք են խփել, մնում եմ ես, ես էլ ուզում եմ վարսավիրանոցում աշխատել, տեսնենք ինչպես կստացվի։
-          Ուրախ եմ ձեզ համար,- իսկապես ուրախացա, քանի որ այդ ընտանիքի հետ ճամբարային կյանքից սկսած միասին էինք և միակ ազգակիցներս էին, որոնց կարող էի փոքրիշատե վստահել, որքան էլ Ազոն պահը չկորցներ խոսքով խայթելու։
-          Ձեզանից ի՞նչ կա։
-          Նույնն է, միայն թե ինձ տեղափոխել են աղջկաս մոտ։
-          Վերջը գնացիր, մեզ չմոռանաս։
-          Մոռանալը, չեմ մոռանա, բայց տեսնվելը դժվար կլինի այսուհետ։ Դե ես գնամ, քանի որ պետք է «կռայզվալթունգ» մտնեմ։
-          Ափսոս օգնել չկարողացա,- առանց ափսոսանքի արտաբերեց նա։
-          Ոչինչ, շատ տեղեր եմ անհույս մտել, հուսով ու ոգևորված դուրս եկել, կարծում եմ այս դեպքում էլ այդպես կլինի։ Դե ցտեսություն։
-          Կգաք չէ՞ էլի,- ոտքի կանգնելով հարցրեց նա, կարծես դեմ չէր, որպեսզի շուտ դուրս գայի, բայց կուզենար մի ուրիշ անգամ էլ տեսնել։
-          Եթե ստացվի։ Չեմ խոստանում, շատ գործ ունեմ։ Ցտեսություն։
Բարեբախտաբար, թե դժբախտաբար, որտեղ պետք է մտնեի, դուռը փակ էր, իսկ վրան փակցված գրությունը հուշում էր՝ աշխատակիցներն արձակուրդի մեջ են։ Դիմել մյուս դուռը, որն իհարկե բաց էր։
-          Հալլո,- ներս մտնելով արտասանեցի՝ կնոջը մեկնելով որոշման նամակը։
-          Հալլո,- պատասխանեց նա ժպտադեմ, ապա ոտքի կանգնեց, իմ ձեռքից վերցրեց նամակը, դուրս եկավ, ինձ մնում էր հետևել նրան,- Սպասե՛ք այստեղ,- միջանցքում հրահանգեց նա, ես էլ, որպես հոգնածի, ետ փլվեցի միջանցքի աթոռին։ Նա բավականին հեռացավ, միջանցքում պատճենահանեց իմ տված նամակը, այնուհետև ետ եկավ, սկսեց խոսել ինձ հետ, որից իհարկե ոչինչ չհասկացա և տխուր դուրս եկա, երբ ետ ստացա նամակը։
Այլևս չվերադարձա Կամայի տուն։

Комментариев нет:

Отправить комментарий