вторник, 23 июля 2019 г.

Սպիտակազգեստը «Լունա»


Արդեն ուշ էր, բայց երկար ժամանակ քնել չէի կարողանում: Աշխատում էի գլխիցս հանել ծերուկին՝ ոչինչ չէր ստացվում։   Նա ինձ համար սարսափների տիրակալն էր, նա հայտնվում էր, երբ ես մենակ էի ու անօգնական: Ամեն անգամ, թվում էր գետնի տակից բուսնում էր և սկսում հետևել ինձ։ Վերջապես, երբ քունս հաղթեց, կարծես նույն պահին մեկը բոթեց ինձ
-       Վե'ր կաց,- լսվեց տղամարդու հրամայող ձայնը։ Քնատ ու վախեցած նստեցի անկողնում, նայեցի պատուհանից դուրս. Լույսն արդեն բացվում էր: Գլուխս ծանր էր ու թացի պես։ Ձեռքս դրեցի ճակատիս՝ այն իսկապես թաց էր ու սառը։ Թևքով մաքրեցի: Կարծես աներևույթ մեկի ցանկությամբ  անկողնուց սահելով, կանգնեցի հատակին: Ոտաբոբիկ դուրս եկա պատշգամբ, նայեցի դուրս՝ դիմացի ցածր տանիքին նստած, ճերմակազգեստ մի  կին ձեռքով արեց ինձ: Հագնելով իմ մաշված ու ծռված սանդալները, անաղմուկ դուրս եկա: Կինը նման չէր իմ ամենօրյա հանդիպած գյուղի կանանց՝ նա իջավ և սկսեց քայլել՝ նրա քայլվածքը եթերային էր: Նա քայլում էր իմ առջևից, բայց որքան ցանկանում էի հասնել նրան, չէի կարողանում։ Շուտով հայտնվեցի լճափին: Սթափվեցի, երբ մայրս գրկեց ինձ:
-       Ի՞նչ ես անում այստեղ, Լու'նա, դու կարող էիր ջուրն ընկնել, խեղդվել, եթե մի փոքր էլ  ուշանայի:
-       Այդ նա էր ինձ կանչում,-  ցույց տվեցի ջրի վրայով քայլող կնոջը։
-       Ո՞վ,- զարմացավ մայրս՝ մեկ նայելով ինձ, մեկ իմ ցույց տված կողմը,- Այնտեղ, բացի ջրից ոչ ոք չկա:
-       Նա անհետացավ,- այս անգամ  ցույց տվեցի դեպի անորոշություն, հետո միայն պատասխանեցի,- Նա այնքա՜ն գեղեցիկ էր, մայրի'կ, բայց երբ հասանք այստեղ,  անցավ այն կողմը, իսկ ես մնացի այստեղ, չկարողացա քայլել ջրի վրայով, ինչպես նա,- բողոքեցի մանկան միամտությամբ, ապա խռովածի պես գլուխս կախեցի:
Մայրս վախեցած էր՝ չգիտեր ինչ մտածեր իմ մասին՝ մեկ ինձ հետևող չար ծերուկը, մեկ ջրի վրայով քայլող սպիտակ հագած կինը: Նա շարունակ ինձ էր նայում, հետո հայացքը հառեց հակառակ ափը, կարծես միտք փնտրելով, իմ և հայտնվող ու անհայտացող հանելուկային էակների միջև, որոնց  նրա աչքից թաքցնում էր բնությունը, ինչու՞, ո՞վ էի ես, ինչու՞ էին նրանք հայտնվում ու անհետանում միայն իմ աչքին։ Ոչինչ չէի կարող հասկանալ՝ այն իմ աշխարհն էր՝ ուրիշների համար անհավատալի, ինձ համար պարզապես վախեցնող ու տարօրինակ։

Комментариев нет:

Отправить комментарий