вторник, 9 июля 2019 г.

ՈՒնեցա այն, ինչ ունեցա (596-րդը)


Երեկոի հետ քաշվեցի իմ անկյունը։
Օրեր առաջ, երբ ուզում էի դասավորել իրերս, և երբ Մանեն հաղորդեց սոցիալի կարգադրությունը, առ այն, որ նա թույլ չի տալիս որևէ բան վերցնել, ուստի կիսատ մնացածի պես ամեն ինչ շաղ էր եկած շուրջս։ Օդը սառն էր, լուսամուտից երևացող մութը ապականում էր հոգիս։ Դատարկ հայացքով նայում էի իրերին, նայում էի  նամակին, ինչը հերթական անգամ իմ կյանքը տակնուվրա էր արել՝ իհարկե իմ լուռ համաձայնությամբ։
Ենթական միշտ սպասում է հրամանի և, ահա՛, որերորդ անգամ, որպես սպասողի, հերթական հրամանով դառնում էի կատարող, և այդ հերթական հրամանը իմ տեղափոխմանն էր վերաբերվում։ Տեղափոխվում էի, որպեսզի կարողանայի ապրել ու  շնչել, որպեսզի կարողանայի հասկանալ մարդ արարածին՝ իմ նմանակին, ինձ իրենից տարբերողին ու այլ դասի դասողին։
Հաջորդ օրը, վաղ արթնացա։ Դրսում օրը հազիվ էր կապտել, հագնվեցի դուրս եկա։ Սառը օդը դիպավ դեմքիս, իսկ մնացած սառնությունը կպել էր կանաչին և այդպես մնացել՝ այն դարձնելով արծաթագույն։ Քայլեցի ու քայլեցի, մինչև օրն իսկական կապույտ հագավ։ Արևն այդպես էլ լուսաբացը չազդարարեց, այն մնաց ամպերի հետևում։
Կիրակին դատարկել էր առանց այն էլ դատարկ փողոցները։ Մենակ էի՝ անգամ չկային մեքենաները, քանի որ փակ էին խանութներն ու միակ դպրոցը։ Այդ ընթացքում միայն մեկ անգամ հեռվից լսվեց եկեղեցու զանգի ղողանջը՝ խախտելով քաղաքում անվերջ տիրող լռությունը։ Նայեցի դեպի եկեղեցու կողմը, այն չէր երևում։
Վերադարձա ներքնահարկ։ Շարունակեցի դասավորել մնացած իրերը։ Ճամպրուկները լցվելու հետ՝ դատարկվում էր հոգիս։ Ոչինչ հարազատ չէր այնտեղ՝ ոչ մնացած իրերը, ոչ էլ ինձ հետ վերցրածը։ Ներքնահարկում իմ քարշ տված օրերի մեջ անցյալ չկար։ Այն դատարկ էր՝ անգամ առանց թթվածնի, որից հաճախ դուրս էի փախչում։ Ներքնահարկում ոչ միայն անձնական փոստարկղ չկար, նաև, անգամ, չէի կարող մտածել դռանը զանգ ունենալու մասին, ուստի լսվեց դռան ուժգին թակոցը, շտապեցի բացել։ Եկել էին իմ հետևից։ Մաքսիմն էր՝ Պետերի հետ։
-          Առաջացե՛ք,- դուռը բացելով՝ նորից ետ՝ ցած իջա նեղլիկ աստիճաններով։
Նրանք անխոս հետևեցին ինձ։ Նեղ միջանցքում շարված էին իմ իրերը։ Մութ ու անդուր միջանցքն ակամա լռեցրել էր մեզ և լուռ, բոլորը տեղավորեցինք մեքենայի մեջ։ Վերջինը ես դուրս եկա։ Ինձ մնում էր բանալիները վերադարձնել տան տիրուհուն։ Նրա դուռը թակեց Մաքսիմը, տիկին Շուլցը արագ դուրս եկավ, քանի որ սոցիալը տեղեկացրել էր նրան բանալիները ետ վերցնելու մասին։
-          Արդեն գնու՞մ եք,- շինծու զարմացավ նա։
-          Այո։
-          Բարի ճանապարհ,- բանալիները վերցնելուց հետո, գրկեց ինձ և մի կերպ թրջեց աչքերը։
Ինքս ոչինչ չզգացի այդ կնոջ հանդեպ, քանի որ նա միշտ իրեն պահել էր որպես տան տիրուհի, իսկ ինձ վերաբերվել, որպես ներքնահարկի արժանի կենվոր։ Նման զգացողությամբ էլ հրաժեշտ տվեցի նրան։ Ներս գնալով՝ նա դռան ուժգին չխկոցով իր գամփռի հետ ընդմիշտ անհետացավ  իմ կյանքից և երբեք միտքս չկախվեց նրանից։ Տիրուհի Շուլցն  անցյալ չդարձավ ինձ համար։
Ընդամենը մեկ ու կես ժամ հետո մենք արդեն Հախենբուրգում էինք։ Մանդերշայդը մնաց հետևում։ Գուցե և ընդմիշտ։
Որքա՜ն հեշտ էր և որքա՜ն կարճ այն հինգ տրանսպորտ փոխելու ճանապարհը, որի ընթացքում ամեն անգամ ստիպված էի լինում կորցնել մի ամբողջ օր և հիսուն եվրո՝ հաճախ կանգառներում սառչելով մինչև ոսկորներս։ Պարզվեց՝ այնքան էլ հեռու չէի ապրում Մանեից, պարզապես տրանսպորտի խնդիրն էր և իմ տկարությունը։
Նոր քաղաքում հյուրի կարգավիճակի զգացողությունը երկար ժամանակ  չէր լքում ինձ։ Թվում էր՝ հերթական անգամ հյուր եմ այնտեղ՝ ամենուր նույն զգացողությունն էր։ Քնում էի նույն տեղը՝ մի քանի ներքնակի վրա՝ առանց մահճակալի, հագուստս սենյակի մի անկյունում դարսված էր, մինչև մի լեհ մի պահարան տվեց, որպես օգնություն, իսկ ինքս, կարծես պարզապես շնչեի՝ առանց սրտի և զգացմունքի։ Աստիճանաբար իմ մեջ մեռնում էր ամեն ինչ։ Կորցնում էի ինքնությունս՝ դառնալով  իսկապես գլխաքանակ  այդ երկրի համար, բայց որպես գլխաքանակ էլ պետք է որ նկատեր նոր սոցիալը և ըստ սահմնաված կարգի, ժամանակավորապես տրամադրեր անհրաժեշտ պարագաները՝ այդ էր պահանջում օրենքը։
Հերթական անգամ հեռանալով ինձ հատկացված անկյունից, թվում էր՝ մեկ քայլ ևս հեռանում եմ իմ աշխարհից և մտնում եմ մի աշխարհը, որտեղ հողը ոչ միայն սպունգի պես փափուկ էր՝ այն կարծես նաև փախչում էր ոտքերիս տակից, և ես հազիվ էի մնում կանգնած։ Ինչու՞ էր այդպես։ Ինչի՞ էի ձգտում։ Ո՞վ էր պարտավոր ինձ։ Գուցե ոչ ոք։ Գուցե։ Եվ վերջապես՝ ո՞րն էր այս ամենում իմ որոնած ու գտած ներկան, որի համար հասել էի աշխարհի ծայրը։
Անցան օրեր, օրերի հետ անցան նաև իմ հոգում փայփայած շատ հույսեր, և ես ունեցա այն, ինչ ունեցա։ Եվ ընդհանրապես, եթե մարդը անվերջ ձգտում է դեպի անհասանելին, կորցնում է նաև ձեռք բերված իրականը։

Комментариев нет:

Отправить комментарий