четверг, 4 июля 2019 г.

Հոգնությունը թաքուն բույն էր դնում իմ հոգում(596-րդը)


Որքան էլ հոգնած լինեի երկար ճանապարհից, իմ առաջին անելիք լինում էր սոցիալ գնալը՝ տիկին Շուլցին ներկայանալու։
-          Ու՞ր էիր, նորից տեղում չես,- տեսնելով ինձ՝ սկսեց նա։
-          Տեղում էի,- կարողացա միայն այդ կարճ նախադասությունն արտաբերել, եթե այն կարելի է նախադասություն համարել, այնուհետև գլուխս սկսեց այրվել, կարծես դեմքիցս կրակ էր թափվում։
-          Տվե՛ք ձեր աղջկա համարը, նրա հետ կխոսեմ,- ասաց նա՝ ավել մեղմացած։
Պարզվեց՝ հեռախոսը տանն էի թողել։
-          Չգիտեմ համարը, գնամ հեռախոսը բերեմ, այնտեղ է ֆիքսված համարը,- մի կերպ կարկամելով՝ կարողացա արտահայտել միտքս։
-          Գնացե՛ք,- հրամայեց նա, ես էլ դուրս եկա, վազեցի հրամանը կատարողի պես։
Վերադարձա, Շուլցը դեռ նույն կերպ նստած էր։ Հևալով նրան տվեցի Մանեի ձեռքի համարը։
-          Ահա՛, վերցրեք։
Տիկին Շուլցը զանգահարեց, խոսեց մի քանի րոպե, ապա լսափողը փոխանցեց ինձ։
-          Մամ, նա չի հավատում հոգեբանի մոտ ես գնացել, ցույց տուր հաջորդ «տերմինը»։
-          Այո՛, ես հիմա կգնամ կբերեմ,- ոգևորվեցի՝ նորից ետ վազելով։
Քիչ հետո ետ եկա, նամակը տվեցի տիկին Շուլցին։ Այն ստացել էի նախորդ օրը։ Նա աչքի տակով անցկացրեց այն, վերցրեց կրկնօրինակն, ապա   վերադարձրեց։ Թեթևացած դուրս եկա։ Տուն մտնելուն պես նորից նայեցի Շուլցին ցույց տված նամակին։ Պարզվեց՝ ընդհանրապես ուրիշ նամակ եմ ցույց տվել նրան։ Այն ինձ Մանեի մոտ տեղափոխելու պատասխան նամակն էր, բայց ինչու՞ տիկին Շուլցը ծպտուն չհանեց։ Գուցե մտածեց ես ու Մանեն խաբեբանե՞ր ենք։ Գուցե։ Բայց նորից ետ վազեցի՝ տանելով իսկական հոգեբանի նամակը։ Տիկին Շուլցը դեռ նստած էր նույն դիրքով, նույն տեղում։ Հևասպառ ու քրտնաթոր՝ նրան տվեցի հաջորդ նամակը և առանց թույլտվության փլվեցի աթոռին։
-          Վա՞տ եք զգում,- նայելով տեսքիս՝ վախեցած հարց տվեց Շուլցը։
-          Ոչ, ամեն ինչ կարգին է,- հարցից շոյված պատասխանեցի՝ աշխատելով թաքուն վատանալ։
Նամակն աչքի տակ անցկացնելով, նրա դեմքը փոխվեց, ապա դիմեց ինձ։
-          Պետք է նորից խոսեմ ձեր աղջկա հետ,- իհարկե լսածից վախեցած ոտքի կանգնեցի։
-          Դարձյա՞լ սխալ  նամակ է,- իմ հարցին պատասխանելու փոխարեն զանգահարեց Մանեին։ Երկրորդ անգամ ավելի կարճ խոսակցությունից հետո, նորից լսափողը փոխանցեց ինձ։
-          Մամ, տիկին Շուլցն ասում է այդ նամակով ոչ թե տերմին է նշանակված, այլ պետք է  զանգահարես բժշկին, նոր տերմին խնդրելու համար։
-          Բայց չէ որ արդեն օրը նշանակված էր,- զարմացած լսածից՝ ծոր տվեցի ես։
-          Դե՜, գուցե այդ օրը հարմար չէ հոգեբանին։
-          Լավ, ասա նրան՝ համաձայն եմ,- համաձայվեցի ես։
-          Նաև ասում է՝ կարո՞ղ եմ ինքս զանգահարել և օր նշանակել։
-          Այո՛, ինձ համար միևնույն է,- քանի որ իսկապես միևնույն էր, ուստի տիկին Շուլցը հեռախոսն անջատելուն պես, հավաքեց ռուս հոգեբանի համարը։ Քիչ հետո Շուլցը թղթի վրա նշեց նոր տերմինի օրն ու ժամը և փոխանցեց ինձ։
-          Հիմա ամեն ինչ կարգի՞ն է,- նախքան դուրս կգայի, հետաքրրքվեցի ես։
-          Այո,- դժգոհությունը չթաքցնելով՝ պատասխանեց նա։ Այս անգամ ինձ համար միևնույն էր, անգամ չէի վախենում նրանից։ Դուրս եկա, քայլեցի երկար, քայլեցի անմիտ ու անիմաստ վեր ու վար անելով, վերուստ տրված իմ ժամանակի հերն անիծելով։

Комментариев нет:

Отправить комментарий