среда, 17 июля 2019 г.

Ընթրիք «Հանդիպում»


Թե որքան էի քնել, չգիտեմ, հանկարծ մեկը բոթեց ինձ
- Սարո', արթնացի'ր, տեղ հասանք։
Աչքերս բացեցի՝ Արմենն էր: Նա իջավ մեքենայից, իսկ ես գլուխս բարձրացրի, նայեցի դուրս՝ այնտեղ մարդաշատ էր, բոլորը իրար նման էին՝ մազածածկ դեմքերով, դեսուդեն էին շտապում։ Արմենը ետ եկավ, բացեց դուռը
-  Արթնացա՞ր, մենք տեղ ենք հասել, կարող ես իջնել,- նորից կրկնեց նա:
- Իսկ որտե՞ղ ենք մենք,- հետաքրքրվեցի՝ նայելով վայրի բնությանը, որտեղ խիտ ծառերի միջից նշմարվում էին տեխնիկայից  մասնիկներ:
- Մայրաքաղաքից քիչ հեռու՝ իջի՛ր, արի՛ ինձ հետ, հաց ենք ուտում, դու էլ մեզ հետ կուտես, հետո մի բան կմտածենք քեզ համար:
Գարնանային մթնշաղ էր, երբ զինվորները նստեցին ընթրելու:  Տեղավորվեցի Արմենի կողքին, և բազմած մեծ շրջանը ծալապատիկ, լուռ ու մտախոհ ծամում էր յուրաքանչյուրն իր մի պատառ բաժինը: Նայում էի յուրաքանչյուր զինվորին և յուրաքանչյուրի մեջ էլ ակամա փնտրում էի հայրիկիս:
- Սարո՛, ի՞նչ ես շվարել, հա՛ց կեր: Դու մեքենայի մեջ էլ համարյա ոչինչ չկերար,-  կշտամբեց Արմենը։ Անկեղծ ասած՝ կուտեի, բայց իմ մրից սևացած ձեռքերը կարծես խանգարում էին ինձ, և ես ակամա թաքցնում էի,- Վե՛ր կաց, որդի՛ս, ա՜յ այնտեղ աղբյուր կա, գնա՛ լվացվիր,- նկատելով ասաց Արմենը՝ ցույց տալով աղբյուրը:
 Հասնելով ջրին` ուզեցի ծարավս կոտրել, բայց այն այնքան տաք ու անհամ թվաց՝ միայն մի քանի կում արեցի, վերցրի քարին դրված օճառը, սկսեցի լվանալ ամբողջ ձմեռվա կուտակված՝ ձեռքերիս և դեմքիս մուրն ու կեղտը: Լվացվելուց հետո կարոտով նայեցի դեպի վեր, ուր անսահմանության մեջ թիկնել էին իմ հայրենի ժայռերն ու սարերը, և մտովի մի պահ տեսա Շուշին` ապառաժների վրա, ամպի քուլայի մեջ պահ մտած. «Այնտեղ հիմա հայեր են. ես այնտեղ կգնամ» համոզեցի ինքս ինձ՝ շարունակեցի լվացվել:
- Բարի երեկո, տղանե՛ր,- իմ մտքերից ինձ ետ բերեց տղամարդու ձայնը։ Այն ծանոթ էր ու հարազատ։ Լսելով ցնցվեցի՝ սկսեցի լաց լինել։
- Արի՛, Վարդա՛ն, ինչու՞ այդքան ուշացար, մենք արդեն անհանգստանում էինք,- պատասխանեց նստած տղաներից մեկը։
- Մեքենաս ճամփին փչացավ: Հազիվ կարողացա խելքի բերել,- պատասխանեց Վարդանը:
Արմենը դուրս եկավ շրջանից, դիմեց դեպի աղբյուրի կողմը:
- Քեզ ի՞նչ եղավ, Սարո՛, այսքան երկար ի՞նչ ես անում, շուտով ընթրիքը կավարտվի, իսկ դո՞ւ…,- տեսնելով լաց եմ լինում, կռացավ, գրկեց ինձ,- Ինչու՞ ես լացում, որդի՛ս, արի՛, արի՛ գնանք,-  նա հայրական գորովանքով, թևը գցեց իմ ուսովն ու քայլեցինք դեպի շրջան կազմած տղաները:

Комментариев нет:

Отправить комментарий