суббота, 6 июля 2019 г.

Մարդու ամենամեծ պատիժը, մենակությունն է (596-րդը)


Մերժվելն իմ պարտությունն էր, բացի այդ՝ ճամբարային ամիսների կյանքն ինձ ետ էր սովորեցրել ամեն ինչից՝ վերածելով մսե գնդի, որին անհրաժեշտ էր պարզապես կերակրել և այդ պարտականությունն կատարում էր սոցիալը։ Իմ մշտական ընկերներն էին նաև հոգնությունն ու անորոշությունը։ Ստացվում էր, իմ կյանքը շարունակում էր իմաստավորել պարտությունը պարտության հետևից։
Այո՛, մերժվել էի  օրենքի կողմից, սակայն իմ զգացածն ավելին էր՝ ինձ մերժել էր կյանքը մարդու բերանով՝ գամելով մենության պատին, որտեղ չեն գնդակահարում մարդասիրությունից ելնելով, այնտեղ չկա գնդակահարության պատ, այլ թողնում են անորոշության մեջ, և փնտրելը դառնում է անհրաժշտություն։
Ամեն ինչ պոկվում էր ինձանից ու գլորվում ցած, ինձ զգում էի մերկ ու անպաշտպան։ Արմատախիլ արված ծառի պես էի։ Ամենասարսափելին, կարծես հողը փախչում էր ոտքերիս տակից, և հայտնվում էի ո՛չ անդունդում, ո՛չ երկնքում, իսկ շուրջս օտար ու սառը հայացքներ էին և թվում էր այդ նրանց ցանկությամբ են ինձ մերժում։ Գուցե այդպես էլ կար՞։
Սպասում․․․ Ահա՛, ազուլի միակ հույսն ու մխիթարությունը, որը ավելի շատ նման է ժամանակասպանության։
Կա սպասումի տարբեր տեսակներ, սակայն այն, ինչի սպասում էի ես, հանգիստ չէր տալիս ինձ։ Նյարդերս միշտ լարված էին, իսկ միտքս փնտրտուքի մեջ էր։
Նոր տեղ՝ մնացած կյանքս շարունակելու։ Գուցե քարշ տալու՞։ Գուցե։  Բայց ինչպե՞ս և ու՞ր, ո՞ր իրավունքով։ Միշտ ճամփորդ լինելը սպառում է մարդուն, իմ դեպքում առավել ևս, քանի որ օրեցօր քայքայվում էր առողջությունս։
Հայրենիքը, որքան էլ հարազատ ու անփոխարինելի լինի, այնտեղ վաղուց ցուրտ էր ինձ համար։ Դեռ տարիներ առաջ, անարդարության զոհ դառնալով, կորցրել էի բնակարանս, իսկ ծնողներս վաղուց արդեն չէին սպասում ինձ։
Օր-օրի ապրելն ինձ համար դառնում էր ծանր պարտականություն և թելադրում իր ցավոտ ու կոպիտ կանոնները, որում գերիշխում էր սպասումը։ Սպասում՝ ուրիշի թելադրանքով, անորոշ ժամանակով և տվայտանքներով։Ահա նոր կյանքը նոր երկրում։
Դադարել էի լաց լինել։ Թվում էր՝ արտասունքիս ակունքը վաղուց ցամաքել էր։ Լացս պարզապես փոխարինվել էր լռության, որից սիրտս ուզում էր տեղից պոկվել, սակայն այն մնում էր տեղում, քանի որ ինքս էի դուրս նետվում և ժամերով թափառում անտառի ճյուղավորված արահետներով, որտեղ  անցորդները, կա՛մ ընտանիքներ էին, կա՛մ զույգեր կամ պարզապես մարդկանց քայլող խմբեր։ Երկա՜ր նստում էի թեք անտառալանջին կառուցված տաղավարում՝ հետևելով նրանց։ Ինքս ինձանից խռոված՝ կարծես ինքս էի ինձ դատապարտել մենակության։
Մարդու ամենամեծ պատիժը մենակությունն է։ Գուցե դրանի՞ց է բանտերում առկա մենախցերը։ Գուցե։ Բայց, ոչ, նրանք նաև վտանգավոր են լինում միմիյանց համար։
Միտսք երկու կես էր եղել՝ մեկով պետք է ենթարկվեի Գերմանիայի կարգ ու կանոնին, իսկ մյուսը՝ մեկ խռովում էր, մեկ թափառում աշխարհով և նորից ետ էր գալիս չքնաղ բնության այդ գողտրիկ անկյունը տրտմում։

Комментариев нет:

Отправить комментарий