воскресенье, 7 июля 2019 г.

Հաճախ խռովում էի մարդկանց անտարբերությունից (596-րդը)


Միտքս կիսվում էր, երբ մարմինս չէր ենթարկվում ցանկությանս և միշտ աշխատում  էի նորից չհայտնվել հիվանդանոցում, ինչպես պատահեց առաջներում։ Որքան էլ խուսափեի բժիշկներից,  նորից եկավ հոգեբանի մոտ գնալու օրը և օր առաջ մեկնեցի Մանեի մոտ, որպեսզի միասին մեկնեինք։ Ստիպված եղանք երեխաներին էլ մեզ հետ վերցնել։ Տեղ հասնելով՝ մնացինք հսկա ու հին շինության սպասասրահում, որտեղ ըստ պատմության՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ զինվորներ են տանջվել այնտեղ։ 
Մեր վիճակում անհնար էր երկար սպասելը, բայց սպասեցինք։ Երբ հերթն ինձ հասավ, երևաց հոգեբանը, նա կարդաց ազգանունս։ Տիրող մթնոլորտից, որքան էլ ցանկանայի փախչել դեպի դուրս, սակայն անհրաժեշտ էր հետևել սահմանված կարգին, ուստի հոգեբանի հետ տեղավորվեցինք փոքր սեղանի շուրջը՝ դեմ դիմաց։ Նա, հայացքն առանց կտրելու գրատետրից, սկսեց հարցեր տալ։ Պատասխանում էի անմիտ բառերի շարանով, քանի որ ոչ մի կապ չէի կարողանում գտնել իմ և այդ կնոջ  միջև՝ նա օտար էր, որքան էլ հասկանայի նրա լեզուն։ Ամբողջ ընթացքում  լարվում էի և շփոթվում։ Բառերը կուլ էին գնում, մնում էր միայն իմ հուզմունքն ու դուրս փախչելու ցանկությունը, բայց մնացի նստած, մինչև հնչեց վերջին հարցը, որից հետո նա դուրս եկավ, ես էլ հուշիկ քայլերով հետևեցի նրան։ Միջանցքով նա քայլում էր անկախ, կարծես երբեք ինձ չէր տեսել, առավել ևս զրուցել հետս։ Մի քանի թուղթ լրացրեց ընդունարանում, տվեց ինձ թե Մանեին, չեմ հիշում և մենք դուրս եկանք։
Այլևս Հելենը ձայնը չէր կտրում, նա լացում էր ու լացում, և մենք անզոր էինք հանգստացնելու նրան։ Երեխան արդարացիորեն և՛ ուտել էր ուզում, և՛ քնել, ուստի, դուրս գալով, շտապեցինք հիվանդանոցի ճաշարանը, գնեցինք և՛ ուտելիք, և՛ Հելենի համար կաթ, բայց կաթը չխմեց և ավելի հակառակվեց։ Գրկեցի հոգնած փոքրիկին և դուրս եկա, դրսում ձեռքերիս վրա օրորելով, նա քնեց։ Իհարկե դժվար էր ինձ համար, երեխային ձեռքերի վրա քնած պահելը, բայց պահեցի հանուն երեխայի և քայլելով  հասանք կանգառ։
Մի քանի օր հյուրընկալվեցի Մանեին, այնուհետև վերադարձա Այֆել։ Տեղ հասնելով՝ չշտապեցի սոցիալին ներկայանալ։ Մի տեսակ հոգիս խռովել էր բոլորից՝ հատկապես այն օտար հոգեբանից։ Մի քանի օր փակվեցի ներքնահարկում՝ շարունակելով գրել։ Մի առավոտ նորից անհանգստացած  շտապեցի սոցիալ։ Տիկին Շուլցը, ինչպես միշտ տեղում էր՝ նույն դիքով նստած՝ խնամքով ծամում էր մաստակը։ Թակեցի կիսաբաց դուռը, նա հայացքի տակից նայեց ինձ։
-          Հալլօ, ի՞նչ կա։
-          Ոչինչ, ամենի ինչ կարգի՞ն է,- պատասխանեցի նրան,- Եկել եմ ասելու՝ տեղում եմ։
-          Այո,- պատասխանեց նա՝ թեթև ժպտալով, նորից խորացավ համակարգիչի մեջ, շարունակելով ծամել մաստակը։
Վերադարձա հոգնած, մարդկանց անտարբերությունից։ Զգացածս ինձ գամում էր մենության պատին և այդ անտեսանելի պատը մի տեսակ լպրծուն էր, և միշտ տքնում էի ճանկռոտելով վեր մագլցել դուրս պրծնելու, բայց այն անվերջ էր և հուսահատեցնող։
Փոքր պոլիկլինիկայի՝ իմ բժշկի հիվանադանալուց հետո այլևս չէի ուզում մտնել մյուս հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել էր նրա անձնակազմը։ Ազգությամբ գերմանացի բժիշկը արդեն հաշտվել էր իմ լեզվի չիմացությանը, իսկ ես չէի քաշվում իմ վատ խոսելու համար։ Նա հաճախ կրկնում էր․
-          Լավ եք խոսում, առաջին անգամվա համար գերազանց է,- առիթից օգտվում էի և սկսում արտահայտվել ավելի ազատ։
Բայց իմ ուախությունը երկար չտևեց։ Մի գեղեցիկ օր, երբ հերթական անգամ այցելեցի բժշկին, պոլիկլինիկայի դուռը նորից փակ գտա, մնացի շվարած, երբ կարդացի ու չհասկացա դռանը փակցված գրությունը։ Պատահաբար մանակապարտեզից տուն էր գնում Մուսիի կինը, տեսնելով ինձ՝ մոտեցավ։
-          Բարև ձեզ, ինչի՞ եք սպասում։
-          Բարև, կուզենայի հասկանալ, թե ի՞նչ է գրված,- ցույց տալով գրությունը՝ պատասխանեցի նրան։․
-          Կարծում եմ՝ կլինիկան տեղափոխվել է ուրիշ տեղ,- դեռ չէր ավարտել խոսքը, երբ կլինիկայի մոտ կանգնեց մի մեքենա, իջան մեզ ծանոթ երկու քույրերը։
Մենք ուշադիր հետևում էինք նրանց։ Նրանք ներս մտան,  նորից դուրս եկան արկղերով՝  դասավորելով մեքենայի թափքը։
-          Ներեցեք, իսկ չէի՞ք ասի, ե՞րբ է աշխատելու կլինիկան,- հարցրեց Մուսիի կինը։
-          Այլևս այստեղ չենք, եկեք կենտրոնի շենքը, ամսի մեկից այնտեղ ենք,- բացատրեց քույրերից մեկը, այնուհետև նա թարգմանեց ինձ։
-          Պատճառը չասա՞ց,- հետաքրքրվեցի ես։
-          Ոչ, միայն թե չեմ հասկանում, ինչու են տեղափոխվել, այստեղ հարմար էր, մոտիկ էր,- տարակուսեց նա, ես էլ իմ հերթին տխրեցի։
-          Լավ է, գոնե տեղն իմացանք։
-          Այո, այլապես կմտածեինք ընդմիշտ է փակվել,- պատասխանեց Մուսիի կինը, իսկ այդ պահին սայլակում երեխան սկսեց լաց լինել։
-          Դե գնամ, երեխային պարտեզ տարա, իսկ սա արդեն քնել է ուզում։
-          Կհանդիպենք, ցտեսություն։
Վերադարձա, վախվորած ներս մտա։ Մութ միջանցքի հատակին ծրար նկատեցի, տան տիրուհի Շուլցն էր գցել փոստարկղին փոխարինող հատակին։ Վերցրի, սրտատրոփ ներս մտա, ոտքի վրա բացեցի այն՝ Թրիրից էր։ Նայեցի, բան չհասկացա, մնում էր նորից զանգահարել Մանեին՝ տառ առ տառ կարդալով բովանդակությունը։
-          Բան չեմ հասկանում, օտար բառեր են, կարո՞ղ ես լուսանկարել և ուղարկել ինձ։
-          Ինքս չեմ կարող, բայց մեկին կխնդրեմ։
Նորց գնացի չեչեն բարեկամի տուն։ Զանգը տվեցի, կինը դուրս եկավ գլխաբաց, վարսերը կիսաթափված։ Նա նման չէր  քիչ առաջ իմ տեսած գլխաշորով կնոջը՝ նուրբ էր ու հմայիչ, նման տեսքով նա իսկապես քսանվեց տարեկան էր։
-          Նորից եկա,- մեղավոր ասացի ես։
-          Համեցեք տուն,- ոչ այնքան հաճությամբ պատասխանեց նա։
-          Ո՛չ շնորհակալ եմ, միայն մի խնդրանք ունեմ, կարո՞ղ ես այս նամակը լուսանկարել և ուղարկել Մանեին, ինքս գլուխ չեմ հանում։
-          Իհարկե,- ավելի սառը ասաց նա և ցած իջավ աստիճաններով,- Տվե՛ք,- նրան տվեցի անհասկանալի բովանդակությամբ նամակը, ես էլ նստեցի ընդհանուր միջանցքի լուսամուտի գոգին։ Վայրկյաններ հետո նա վերադարձրեց հեռախոսն ու նամակը։
-          Ահա՛, ուղարկեցի։
-          Շնորհակալ եմ, դու ինձ շատ օգնեցիր,- իսկապես ուրախացած դուրս եկա, որքան էլ նա դժգոհ էր անհանգստացնելու համար։ Քայլեցի դեպի տուն՝ կարծես նրան ընդմիշտ թողնելով այն բնակարանի միջանցքում։

Комментариев нет:

Отправить комментарий