вторник, 16 июля 2019 г.

Ես վախենում էի մարդկանցից «Հանդիպում»

- Ահա՛, վերցրու՛ մի բան կեր:
Ես իհարկե և՛ հավատում էի, և՛ չէի պատկերացնում, որ աշխարհում կան նաև բարի ու սրտացավ մարդիկ, որ կարող են հենց այնպես իրենց բաժինը տալ անծանոթ մեկին, որի դեմքն ու ձեռքերը վաղուց կորած էին մրի ու կեղտի մեջ։ Հիմնականում ինձ նմաններին մարդկությունը վերաբերվում է այնպես, ինչպես թափառող շներին, որքան էլ ցանկանանք խցկվել նրանց արանքը։ Մարդն՝ իր կուշտ ու ապահով կյանքով ինձ նմաններին դուրս է շպրտում զսպանակի պես, ուստի վախվորած ձեռքս մեկնեցի տոպրակին:
- Ինչու՞ ես վախենում, ես քեզ վատ բան չեմ անի, վերցրու՛, կե՛ր, համ էլ կխոսենք: Ինչու՞ որոշեցիր հենց հիմա ճամփա ընկնել, չէ՞ որ դեռ պատերազմ է,- հարցրեց Արմենը, երբ ես սկսեցի ուտել նրա տված բուրավետ պանիրն ու լավաշը։ Անկախ ինձանից սկսեցի լաց լինել։ Ինչու՞։ Հիշեցի մեր հացատունը, երբ մայրս թխում էր նույն բույրով լավաշից, և ես ու փոքր քույրս վայելում էինք այն՝ միաժամանակ խաղալով արևաշատ բակում։ Քաղցր հիշողությունը ավելի դառն է, երբ ներկան քարուքանդ է արել կյանքս։ Պատառը մնաց բերանումս՝ այլևս ուտել չկարողացա: Արմենը նույնպես լռեց, վառեց ծխախոտը։ Մի քանի ծուխ քաշեց, դուրս նետեց պատուհանից,- - Է՜հ,- դառնացած  գոչեց նա։
- Ես պատերազմից չեմ վախենում,- փորձեցի ոգևորել Արմենին, որ կարծես կուչ էր եկել ղեկին։ Նրա մեջքի վրա նստել էր անտեսանելի մի ծանրություն, որը ոչ մի լեզվով բառերի չի վերածվում:
Ծնողներ ունե՞ս, թե․․․,- երկար լռելուց հետո հարցրեց Արմենը:
- Ունեի, երբ դեռ պատերազմը չէր սկսվել, իսկ երբ սկսվեց՝ փախչելու ժամանակ մայրս ու քույրս զոհվեցին՝ ես տեսա նրանց, իսկ հայրիկիս կորցրի ճամփին և փախստականների հետ հասա այս քաղաքը։
- Իսկ այդ քաղաքում որտե՞ղ էիր ապրում,- հարցի հետ աչքի տակով մի հայացք գցեց իմ մրից սևացած ձեռքերին:
- Սկզբում ինձ ուզում էին տանել մյուս որբերի հետ։ Երբ ես փախա այնտեղից, այլևս  ոչ ոքի պետք չէի, ինձ նման որբեր այնտեղ այնքա՛ն շատ են: Մարդիկ որբերին չեն տեսնում։ Ես քայլում էի նրանց միջով, բայց նրանք չէին տեսնում ինձ։
- Հասկանալի է, իսկ հիմա մի՞թե ճիշտ ժամանակն է վերադառնալ այնտեղ:
- Ինձ համար միևնույն է, և հետո ես հույս ունեմ` կգտնեմ հորս, իսկ եթե ոչ․․․,- իհարկե այդ պահին ոչինչ չէի տեսնում ինձ համար։ Ինձ մնում էր մի պահ լռել, բայց լռությունս երկարեց, քանի որ, իսկապես անորոշ էր իմ ներկան ու անհուսալի,- Ես կապրեմ այնտեղ: Ասում են` մեր տունը շուտով կազատագրվի, և գուցե մի օր հորս էլ գտնեմ,- վերջապես պատասխանը գտա ես:
- Դու քաջ տղա ես երևում, Սարո', բայց առայժմ Շուշիում մարտեր են՝ թեժ մարտեր:
Գիտեի և ամեն ինչ հասկանում էի, փակելով տոպրակը, նորից ետ տվեցի` պատառը կուլ չէր գնում։ Այո՛, երեխա էի, և կուլ չէր գնում։ Իմ ապրածն ինձ սովորեցրել էր մտածել ու գործել մեծի պես, որը սոսկալի ծանր է ցանկացած երեխայի համար։
- Դու մի՛ հուսահատվիր, որդի՛ս, բոլորիս համար էլ մեր տունը թանկ է։ Արցախը մեծ է, և դու կարող ես ապրելու համար ընտրել ուրիշ տեղ մինչև տեսնենք
Արմենի խոսքը կիսատ մնաց իմ գլխի մեջ, քանի որ հոգնածությունը թմրացրել էր մարմինս և ուղեղս։ Սոված ու ցուրտ օրերից հետո քնեցի տաք խցիկում:

Комментариев нет:

Отправить комментарий