среда, 17 июля 2019 г.

Վարդան քեռին «Հանդիպում»


Տեղավորվեցի,  սկսեցի ուտել:
- Արմե՛ն, ո՞վ է տղան,- հարցրեց  ջոկատին նոր միացած Վարդանը:
-  Նրան ճանապարհից եմ վերցրել: Նա Երևանից Ղարաբաղ էր գալիս ոտքով,- բոլորը սկսեցին ծիծաղել։ Ակամա կուչ եկա:
- Լսի՛ր, Արմե՛ն, ասացիր` որտե՞ղից ես վերցրել նրան,- նորից խոսեց նույն հարազատ թվացող ձայնը:
- Ասացի՝ ճանապարհից,- ձայնը բարձրացրեց Արմենը:
- Տղայի անունն ի՞նչ է:
- Անունը Սարո է, ասում է` Շուշիից է,- նյարդային երանգով բացատրեց Արմենը՝ թևը ուսովս գցելով:
Վարդանը ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ, ձեռքիցս բռնեց, ոտքի կանգնեցրեց,- Տղաս, մի ինձ նայի՛ր,- ասաց նա և ինքն էլ ուշադիր նայեց ինձ,- Հորդ անունն ին՞չ է: 
- Կարեն:
- Կարե՞ն։ Չլինի՞ դու մեր Կարենի տղա՞ն ես՝ Սարոն։ Որքա՜ն ես փոխվել։ Այնքան նիհար ես, եթե հարազատ հայրդ էլ տեսներ, հազիվ թե ճանաչեր։ Ինձ հիշու՞մ ես որդիս։
Մութն աստիճանաբար լափում էր աղոտ երեկոն։ Ես ուշադիր նայում էի Վարդանին, նրա մազակալած դեմքը շփոթեցնում էր ինձ: Ձայնը հարազատ էր, բայց դեմքը  փոխվել էր՝ մարտական էր ու վայրի։
- Վարդան քեռին ես, ես քո ձայնը աղբյուրի մոտից լսեցի, ճանաչեցի, բայց սիրտ չարեցի մոտենալ,- անկեղծացա ես:
- Այո՛, ցավդ տանեմ։ Արի մի գրկեմ քեզ հորդ փոխարեն էլ,- նա ամուր գրկեց ինձ, նորից սկսեցի լաց լինել։- Ես էլ շատ եմ փոխվել, բայց կարևորը նույն Վարդանն եմ՝ քո հոր ընկերը,- ասաց նա՝ համբուրելով ինձ,- Քեզ պի՛նդ պահիր, տղամարդ ես, չէ՞,- շինծու զայրացավ Վարդանն՝ ավելի շուտ ինձ զգաստացնելու։ Իսկ իմ նվաղած ու կարոտով լի սիրտը լացել էր ուզում, ուզում էր դատարկվել, ախր, վաղուց էլ մանուկ չէի, չնայած տարիքիս։ Իմ ապրած կյանքը ինձ մեծացրել էր մի քանի անգամ, բայց սիրտս մանուկ էր և ուզում էր լացել ու լացել։ Այնպես էի ուզում մայրիկ կանչել ու լացել, բայց ինձ շրջապատած մարդկանց ներկայությունն ստիպեց լռել․․․
- Իսկ հայրի՞կս, որտե՞ղ է նա…,- չնայած հարցրի, բայց վախենում էի լսել պատասխանը:
- Հա՞յրդ՝ Կարե՞նը, ճիշտ է նա հիմա այստեղ չէ, բայց մի՛ տխրիր, փոքրի՛կս, դու անպայման կտեսնես նրան,- նորից Վարդանը ինձ սեղմեց կրծքին, բայց նրա մշուշոտ պատասխանը սիրտս տակն ու վրա արեց:
Հոգուս խորքում թեթևություն զգացի, բայց չպնդեցի իմանալու տված հարցիս պատասխանը՝ վախենում էի։ Արդեն մութ էր, իսկ աստղերը սկսել էին իրար հետևից արթնանալ: Բոլորը հոգնած էին, սակայն ոչ ոք չէր պատրաստվում հանգստանալ։
- Վարդա՛ն, տղային տա՛ր, թո՛ղ քնի, հանգստանա- կարգադրեց, ինչպես շատերը՝ վաղուց չսափրված Վրույրը։
- Դուք պատկերացնու՞մ եք Կարենի ուրախության չափը, ես անգամ չգիտեմ, թե ձեզանից որ մեկին նա ավելի շատ շնորհակալ պիտի լինի: Քեզանի՞ց, Արմե՛ն, թե՞ քեզանից, Վարդա՛ն, որ կարողացար հետաքրքրվել ու իմանալ նրա մասին,- խոսեց կարճահասակ, երկար բեխերով Նիկոլը:
Շուտով մութը խտացավ,  իմ աչքից անհետացան մարտիկների դեմքերը,  միայն լսում էի նրանց խոսակցությունները: Հետզհետե բոլորը լռեցին, թե՞ ես քնեցի՝ չգիտեմ։

Комментариев нет:

Отправить комментарий