пятница, 1 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 14)

Զմրուխտե աչքը մենավոր տունը լքեց կեսգիշերին։ Նա այլևս չվազեց մագլցելու բարձրությունը, այլ քամու սուլոցի հետ վեր սլացավ։ Վերևից նկատելով Աբու-Սայիդին զոհի հետ, ուղղվեց նրա կողմը։ Նրա ձեռքից խլելով երեխային։
Քաղաքի աղմուկը, պայթյունները, մարդկային աղաղակները լսվում էին միաժամանակ։
- Օգնեցե՜ք,- լսվեց նրա համար հարազատ դարձած երկնաքերի պատշգամբից։ Կորին սլացավ լսվող ձայնի կողմը՝ Վիվին կիսով կախված էր պատշգամբից, իսկ ներսից նրան քաշում էր ռոբոտ-զինվորը։ Պատանին աղջկան խլեց նրա ճանկերից, ներս տարավ։ Շանթը անցավ զինվորի միջով, նրանից ծուխ բարձրացավ։
- Ո՞վ ես դու,- հարցրեց Վիվին վախեցած ու զարմացած մեկ նայելով հատակին ծխացող զինվորին, մեկ նրան։
- Կորին եմ, մոռացե՞լ ես ինձ,- չհասկանալով հարցի իմաստը, միամիտ պատասխանեց նա, մոտեցավ գրկելու աղջկան։
- Վիվի՛, աղջիկս, ու՞ր ես,- հևասպառ ներս ընկավ գիտնականը։ Կորին տեսնելով գիտնականին, շանթվածի պես ետ քաշվեց, մեկ նայելով գիտնականին, մեկ շվարած աղջկան։
- Աղջի՛կս, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- Աբգարը գրկեց աղջկան, թեք նայեց պատանուն։
- Նա քո հա՞յրն է,- զարմանքից Կորի դեմքը ծամածռվեց, աչքերը կլորացան, դարձան մի տեսակ կլոր լուսատուներ,- Վիվին ձեր դու՞ստրն է։
- Այո՛,- կաշկանդված, գլխով արեց գիտնականը, ավելի ամուր գրկելով աղջկան։
- Ահա՛ թե ի՞նչ, ահա՛ թե ու՞մ եմ փրկում,- ձեռքերը տարածեց Կորին,- ուրիշի երեխաներին կործանողի աղջկան։
- Զարմանալու ի՞նչ կա,- սովորության համաձայն ուսերը թոթովեց Աբգարը, աչքը չկտրելով Կորիից,- Զմրուխտե ա՛չք, պետք է կանխե՛լ այս անմիտ արյունահեղությունը։
- Իսկ ես ի՞նչ եմ անում ձեր կարծիքով։
- Պետք է նկատել՝ ես և դու Ադամանդին դրդեցինք այս անմիտ քայլին։
- Ի՞նչ եք ուզում ասած լինել՝ ափսոսու՞մ եք ձեր արած միակ բարի գործի համար։ Գուցե ուզում եք ինձ հանձնել Ադամանդի՞ն,- Կորին ավելի մոտեցավ գիտնականին, նայեց նրա աչքերի մեջ։
- Ո՜չ, քավ լիցի,- դեմքը ետ տանելով ծոր տվեց նա,- Ուզում եմ ասել՝ նրանք չունեն յուրային հասկացությունը։ Նրանց համար բոլորն էլ օտար են և միևնուն թե ո՞վ է հրաման տվողը։
- Մարդը նրանց համար սոսկ զոհ է, ահա ձեր ստեղծածը։ Հիմա և այսուհետ վայելե՛ք գիտնական,- խոսքն ավարտեց Կորին, կանգնեց պատշգամբի գոգին։
- Շուտով նրանց համար փակ դուռ և լուսամուտ գոյություն չի ունենա,- թախանձեց Աբգարը։
- Դուք պետք է այն գիտակցեիք Ադամանդի հետ համագործակցելուց առաջ և ոչ թե հետո,- Տեսնելով Վիվիի վախեցած տեսքը, Կորին նորից ցած իջավ պատշգամբից,- Ով էլ սկսեր այս ամենը, այն ձեր քրտնաջան աշխատանքի հետևանքն է և փորձում եք պատճառը փաթաթել իմ վզին ընդամենը Ադամանդին չենթարկվելու համար։
- Ո՛չ, ամենևին դա նկատի չունեմ,- փորձեց արդարանալ Աբգարը։
- Այո՛, հիմա նորից կսկսեք արդարանալ, իբր ձեր պարտքն է ծառայել գիտությանը։ Այն շատ արյունոտ չէ՞։ Վիվի՛ գալի՞ս ես ինձ հետ։
- Ո՛չ, նա մնում է ինձ հետ,- առարկեց հայրը, ավելի ամուր գրկելով աղջկան։

Комментариев нет:

Отправить комментарий