суббота, 16 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 27)

Անցավ որոշ ժամանակ։ Մեգապոլիսը նոր գույնի հետ, փոխել էր նաև բնակիչներին։ Քաղաքում ավերակների հետքն անգամ չկար, կարծես այն այդպիսին էլ հիմնադրվել էր։ Նոր գույնը նայող աչքի համար հուսահատեցնող էր, թվում էր՝ արևը նոր գույնից խռոված ուրիշ ճամփով էր ընթանում՝ հեռու գունատված եզերքից։ Առանց արևի այն նմանվում էր հյուսիսիային քաղաքների ձմեռային սպիտակ գիշերներին։
  Ադամանդը դիտարանից երկար դիտում էր սառած եղյամյա համայնապատկերին, որի միապաղաղությունը լրացնում էին թափառող ռոբոտ-զինվորները։
- Ժամանակն է ընդլայնե՛լ իշխանության սահմանները,- խոսեց Ձյունահերը, հայտնվելով Ադամանդի դիմաց։
- Այո՛, կարծես իմ միտքը կարդացիք,- շողոքորթեց Ադամանդը, շոյելով մորուքը։
- Ուրեմ սկսե՛ք։ Արվարձաններում, եղյամյա շերտը պետք է կրկնակի լինի՛,- հրամայեց Ձյունահերը, անհետացավ։
- Իսկապես ժամանակն է,- կրկնեց նա, սեղմելով զանգի կոճակը։
- Այո՛ Ադամանդ,- մոտեցավ Նաթին։
- Որտե՞ղ է պրոֆեսորը։
- Գուցե վեցանկյունում, իսկ ի՞նչ կա,- միաժամանակ հետաքրքրվեց նա։
- Ուզում եմ խոսել պրոֆեսորի հետ,- առանց նրա կողմը նայելու պատասխանեց Ադամանդը։ Նաթին գնաց, քիչ հետո դիտարան մտավ Բենը։
- Ողջյու՛ն, Նաթին հաղորդեց, ուզում եք ինձ հետ խոսել։
- Այո՛ պրոֆեսոր, բայց եկե՛ք ներսում խոսենք,- Ադամանդը մտավ հյուրասրահ, նրան հետևեց Բենը,- Նստե՛ք,- առաջարկեց նա, ինքը մոտեցավ, նայեց լուսամուտից։
- Պրոֆեսո՛ր, ի՞նչ կարծիք ունեք արվարձանների մասին։
- Ի՞նչ նկատի ունեք,- հետաքրքրվեց նա։
- Ուզում եմ եղյամը տարածվի նաև արվարձաններով, իսկ քաղաքը վերաբնակեցնել նոր բնակիչներով։
- Ինչպե՞ս,- զարմացած, ձեռքերը տարածեց Բենը,- Համարյա բոլորը փախել են՝ ոչ այնքան  մեր հաղթանակից, որքան ռոբոտ-զինվորներից։
- Ի դեպ, պետք է պատերազմ հրահրել որևէ երկրում։
- Եվ․․․,- պրոֆեսորը զարմանքով նայեց նրան։
- Եվ այդ երկրից փախստականները կհայտնվեն մեր քաղաքում, ի՞նչ կա զարմանալու։ Քաջ հայտնի է՝ պատերազմ տեսած մարդը համակերպվում է ամեն ինչի հետ, հաճախ կրկնելով մի անորակ միտք։
- Եվ, ո՞րն է այդ անորակ միտքը,- հետաքրքրվեց Բենը ավելի զարմացած։
- Միայն ո՛չ պատերազմ,- ինքնավստահ բացահայտեց Ադամանդը, ճոճվելով թաթերի վրա,- Ի՞նչ եք կարծում։
- Վատ միտք չէ։ Այլապես ձանձրալի է դառնում անգամ այս ճոխ վայելքը։
- Որքա՞ն զինվոր ունենք։
- Եթե պատանին ողջ լիներ, նրանց թվի կեսն էլ մնացած չէր լինի, իսկ գուցե և մենք պարտված լինեինք, բայց շարքերը համարյա նույնն են, միայն թե վնասազերզված։ Մեծ  աշխատանք պետք է տարվի, նրանց վերադարձնելու մարտական պարտականություններին։
- Ճանաչելով ձեզ՝ այն մանրունք է,- վստահաբար հաստատեց Ադամանդը,- Սկսե՛ք հենց այսօր։
Պրոֆեսորը սպասողական նայեց նրան։
- Ինչ որ բան այնպես չէ՞,- անհանգստացավ Ադամանդը։
- Զենքի իրացման խնդիրն է,- մտահոգ տեսք ընդունեց Բենը,-  Չնայած այն արտադրում ենք ինքնապաշտպանության պատրվագով, սակայն ռոբոտ-զինվորների առկայության դեպքում հազիվ թե զենքի կարիք ունենանք։
- Իրացրե՛ք որևէ երկիր՝ այն ամենաշահութաբերն է մեր բիզնեսում։
- Այո։ Նաև կարծում եմ, ռոբոտ-զինվորների վերազինման հետ, պետք է որոշ բաներ փոխել։
- Այսինքն,-հետաքրքրվեց Ադամանդը, ապա շարունակեց,- Պարզապես նրանց վերազինե՛ք, որպես մահապարտ՝ և ինձ է ձեռնատու և ձեզ։ Պատերազմը կավարտվի, նրանք էլ հետը,- խորամանկ ժպտաց նա,- Ի՞նչ եք կարծում, մի թե նրանք խաղաղ ժամանակ փորցաքար չեն մեզ համար։ Ահա՛, նայե՛ք դուրս,- Ադամանդը նորից մոտեցավ լուսամուտին, պրոֆեսորը հետևեց նրան։
- Պետք է գտնել համապատասխան թիրախ պետություն, որպես հակամարտության դաշտ։
- Իրավիճակը սրելու համար, միայն մի քանի պայթյուն է հարկավոր իրացնել,- եղրակացրեց Ադամանդը։
- Այդ դեպքում, պետք դիպչել որևէ ինքնասիրություն ունեցող երկրի, որպեսզի անպայման պատասխանի,- նկատեց պրոֆեսորը։
- Այո՛, և մենք շատ մոտիկ կլինենք լիակատար հաղթանակին,- ոգևորվեց Ադամանդը։
- Չեմ կարծում ժամանակակից պատերազմից կարելի է հաղթանակ ակնկալել։ Հաճախ հակամարտությունները սրվում են ու երկարաձգվում զուտ շահի համար։
- Նաև մարդկային քանակը նվազեցնելու,- ոգևորված միջամտեց Ադամանդը։
- Իսկ յուրաքանչյուր հակամարտության կողմնակից զինվոր,- շարունակեց Բենը,- Միամտորեն պայքարում է գոյություն չունեցող հաղթանակի համար։
- Ինձ համար դա կարևոր չէ։ Այսօր մարդու կյանքը ոչինչ է և գուցե միշտ էլ այդպես է եղել։ Անհնար է չնկատել՝ այն ինչ արվում է ի սեր կամ հանուն մարդկության, նրանում առակա է թաքնված մեկ կետ՝ ընդդեմ մարդկության,- ցուցամատը վեր բարձրացրած, հաստատեց նա,- Մեր ժամանակներում հաճախ տեխնիկան ոչնչացնում է կյանքը, իսկ լավագույն դեպքում, հարցականի տակ է դրվում մարդու երկարակեցությունը։
- Եվ լավ է,որ գոյություն ունի «պատերազմ» հասկացությունը։ Այն օրինականացնում է ցանկացած հանցանք,- նկատեց պրոֆեսորը։
- Ուրեմ ի գո՛րծ,- Ադամանդի ոգևորությունը հասավ գագաթնակետին,- Հաճախ սպեղանին տհաճ է քիմքին, իսկ թույնը հաճելի, որն էլ աննկատ ապականում է մարդուն։ Սկսե՛նք այդ սպանիչ և հաճելի նեկտարով։ Թո՛ղ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի ակնկալիքով։
- Գոյություն չունեցող հաղթանակի,- կրկնեց պրոֆեսորը։

Комментариев нет:

Отправить комментарий