суббота, 9 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 22)

Վերադառնալով Մարկոսի մոտից, Աբգարն ուղղվեց հրապարակ, նայեց դրոշին, խորամանկ ժպտաց, անցավ ետնամասը և կարծես հպվելով եղյամյա հաստ շերտին, անհետացավ։
Սովորությանը հակառակ, պրոֆեսորը լաբորոտորիա մտավ առաջինը։
- Պրոֆեսո՛ր, ձեզանից չէ այսքան վաղ գալը,- զարմացավ Աբգարը, տրորելով անքնությունից ուռած աչքերը։
- Վաղ եմ եկել, անձամբ ներարկելու Զմրուխտե աչքին,- ոգևորված արտաբերեց նա,- Հետաքրքիր է, ինչպե՞ս կզգա իրեն մարդասեր Մարկոսը, երբ այդ սևամորթը սկսի ծառայել մեզ,- պրոֆեսորը երանությամբ ընկավ բազմոցին։
- Ի՞նչ իմանանք,- առանց գործից կտրվելու, ուսերը թոթովեց Աբգարը։
- Դուք արդեն այստե՞ղ եք,- պրոֆեսորի ոգևորությամբ վարակված ներս մտավ Նաթին։ Նրա սևով ընդգծած աչքերը երջանկության փայլ ունեին, սևաթյուր մազերը բարձր հավաքած էին, սպիտակ, պիրկ զգեստը ընդգծում էր գեղեցիկ կառուցվածքը, բարձրակրունկ, երկարաճիտ կոշիկները հասնում էին մինչև ծնկները, իսկ լանջաբաց հագուստը պարզապես ցանկալի էր դարձնում նրան։ Մինչև հաջորդ սենյակ մտնելը Աբգարն ու Բենը հայացքով ուղեկցեցին Նաթիին։
- Տարօրինակ է Ադամանդի ուշանալը,- նկատեց Բենը,- Այս դեպքում, նա պետք է որ գիտնականից էլ վաղ հայտնված լիներ։
- Այո՜, զարմանալի է,- ծոր տվեց Աբգարը,- Երեկ նա այնպե՛ս ոգևորված էր։
Վերելակը բացվեց, ներս մտավ Ադամանդը, նյարդային խաղացնելով ձեռնափայտը, առանց բարևի  ուղիղ մոտեցավ սեղանին,- Որտե՞ղ է պատանին,- այն դատարկ գտնելով, բղավեց նա կատաղած։
- Այնտե՛ղ,- պատասխանեց Նաթին, ձեռքով դեպի ներքև ցույց տալով։
- Ո՛չ, նա այնտեղ չէ,ո՛չ,- հոխորտաց Ադամանդը, ոտքը հատակին խփելով,- Անհետացե՛լ է,- ջղաձգվելով, տարածեց ձեռքերը։
- Ինչպե՞ս,- բոլորը հայացքներն ուղղած Ադամանդին, զարմանքով հարցրեցին միաժամանակ։
- Այո՛, այո՛, անհետացել է,- կրկնեց նա,- Եվ դուք պատասխան կտաք։ Առաջինը դուք՝ գիտնակա՛ն- մատով ցույց տալով, արնակալած աչքերը սևեռեց գիտնականին։
- Դարձյալ ե՞ս,- ձեռքերը տարածելով, անմեղացավ Աբգարը, աթոռի հետ պտտվելով դեմքով դեպի պատը։
- Այո՛, այո՛, գիտնակա՛ն։ Ձեզ խոստացել եմ և իմ խոսքի տերը կլինե՛մ,- Աբգարը կուչ եկավ,- նկատելով Ադամանդը ոգևորվեց,- Դու՛ք եք այդպես ցանկանում։
- Դուք համոզվա՞ծ եք՝ պատանին անհետացել է մեզանից մեկի պատճառով,- միջամտեց Նաթին։
- Ավելի, քան համոզվա՛ծ եմ։ Նա չէր կարող այնտեղից ինքնուրույն դուրս պրծնել, որքա՛ն էլ թռչել կարողանար։ Ինքս եմ գամել նրա շղթաները,- պնդեց Ադամանդը, ճոճվելով ոտքերի թաթերին, ձեռքերը ետ դրած։
- Այդ դեպքում ոչինչ չե՛մ հասկանում,- քթի տակ քրթմնջաց պրոֆեսորը։
- Այս դեպքում ձեր հասկանալն այնքան էլ կարևոր չէ՛, պարզապե՛ս, դու՛ք կկատարեք ձեր խոստումը։
- Ի՞նչը նկատի ունեք։
- Կառավարելով բանակը։
- Նորի՞ց,- Ակամա արտաբերեց Աբգարը, գունատվելով։
- Այո՛, հարգելի՛ գիտնակա՛ն և այն կշարունակվի այնքա՛ն ժամանակ, մինչև այդ Զմրուխտե աչքը իմ ձեռում լինի, պահեստայիններն՝ առավել ևս։
- Գուցե դուք պատրվա՞գ էիք փնտրում սկսելու ձեր ծրագիրը,- հանդգնեց նկատել Աբգարը։
- Թեկու՛զ։ Ցանկացած իրադարձություն իր պատճառն ունի, պատերազմն՝ առավել ևս,- Ադամանդը ավարտեց խոսքը և առանց հրաժեշտի դուրս եկավ հսկիչների ուղեկցությամբ։ Մյուսները մնացին իրար նայելով։

Комментариев нет:

Отправить комментарий