воскресенье, 17 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 28)

Սուր ծակոցից Կորին վեր թռավ, ոտքի կանգնեց։ Գլխապտույտ զգաց, որից հետո տիրող խավարն անցավ։ Նրա վրայից թափվեցին շղթաները, դեն շպրտեց գլխին հագցված տոպրակը։ Սկսեց վազել ամայի, անծանոթ տեղերով։ Նրա վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու սուլոցի հետ օդ բարձրացան ավազախառը, դեղնած տերևները։ Պատանին սկսեց օդում ճախրել՝ ներքևում երևացին սև կերպարներ։ Նա նորից իջավ, հայտնվեց դատարկ տարածությունում, որտեղ, կարծես հերթով, դանդաղ հայտնվում էին տարօրինակ արտաքինով արարածներ։ Հայտնվելով, նրանք քայլում էին քամուն հակառակ ուղղությամբ։ Առջևից քայլողը բացեց մեծ թևերը, վեր սլացավ, նրան հետևեցին մյուսները։ Նրանց ճակատի լուսատիկները մութ երկինքը պատեցին աստղիկների փայլով։ Ձյան պես դանդաղ, սկսեց պատել մշուշը, ինչի հետ երևացին ուրիշ կերպարանքով, անծանոթ արարածների շարքերը։ Շարքից առանձնացավ քառակուսի գլխով մեկը՝ Կորիին թվաց, նրա դեմքը հավաքված է փոքր մասնիկներից։ Խոռոչներից դուրս էին ցցված աչքերը, բերանը մեծ էր, սև շրթունքներով։ Սև,երկար բաճկոնի թևքերից երևում էին կմախք հիշեցնող մատները։ Նրա երկար, խռիվ մազերը թափված էին ուսերին։ Նա ուրվականի պես, օդային քայլերով մոտեցավ պատանուն․
- Ի՞նչ է կամենում Զմրուխտե աչքը։
- Դու ո՞վ ես,- զարմացավ պատանին, լսելով իր անունը։
- ՈՒրվական եմ, սովորական ուրվական,- պատասխանեց նա, նորից կանգնելով շարքի գլուխը։
- Է՜յ ուրվակա՜ն,- կարծես ուշքի գալով, ձայն տվեց Կորին։
- Այո՛ Զմրուխտե աչք,- նորից առաջ եկավ նա։
- Որտե՞ղ եմ ես։
- Ուրվականների աշխարհում։
-  Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այստեղից։
- Դու չես կարող այստեղից հենց այնպես դուրս գալ։
- Ինչո՞ւ,- դեմքը խոժոռեց Կորին։
- Ձյունահերը թույլ չի տա։
- Ո՞վ է Ձյունահերը։
- Նա եղյամյա տիրուհին է։ Նա՛ է մեզ այստեղ բերել։ Եթե նա քեզ տեսնի այստեղ, դու այլևս չես կարող վերադառնալ քո աշխարհը և դու էլ բոլորի պես կվերածվես ուրվականի։
- Իսկ հնարավոր չէ՞, որպեսզի նա չիմանա։
- Հնարավոր է։
Լսելով, Կորին ուրախացավ, նրա աչքերը փայլեցին,- Ինչպե՞ս։
- Եթե վերադառնաս այնտեղ, մեզ հետ միասին,-, մատով դեպի վեր ցույց տալով, հասկացրեց ուրվականը։
- Իսկ այդ Ձյունահե՞րը, չէ՞որ դուք նրան եք ենթակա։
- Ուրվականը չի կարող տեր ունենալ։ Մենք կատարում ենք նրա առաջին հրամանը, իսկ առաժմ նա մեզ չի հրամայել և մե՛նք ազատ ենք,- Քառակուսի գլուխը աստիճանաբար ձայնը բարձրացրեց, Կորին այն նմանեցրեց Աբու-Սայիդի ձայնին, զարմանքով նայեց նրան․
- Իսկ հետո՞։
- Մենք ենթակա կլինենք առաջին հրամայողին, անքան ժամանակ, մինչև կատարենք նրա հրամանը։
- Ծանոթ դրվագ է,- մրմնջաց Կորին, հաղթանակած ժպտալով և առանց ժամանակ կորցնելու գոչեց,- Մենք արշավո՛ւմ ենք դեպի վե՛ր։
Հնչած հրամանից քամին սաստկացավ, գետինը ցնցվեց, Քառակուսի գլուխը կանգնեց սալ քարին,- Մենք արշավու՛մ ենք դեպի վե՛ր,- կրկնեց հրամանը։
- Ահա՛, թե ո՞վ է հայտնվել,- հայտնվեց Ձյունահերը, տեսնելով Կորիին, բղավեց,- Բռնե՛լ Զմրուխտե աչքին,- Նրա ձայնը Կորիին հիշեցրեց Ադամանդի սրահի գեղեցիկ սրամարգի անճոռնի կռինչը։
Յուրաքանչյուր ուրվական, թղթի թեթևությամբ սկսեց սուլող քամու հետ վեր բարձրանալ, այնուհետև      մի պահ պարելուց հետո, անհետանալ տարածությունում։ Երբ շարքերը վերջացան, Քառակուսի գլուխը ձեռքը դրեց պատանու ուսին․
- Քո՛ հերթն է Զմրուխտե աչք։
- Ո՛չ,- կռնչաց Ձյունահերը,- Դու պարտավո՛ր ես կատարելո՛ւ իմ հրամանը Քառակուսի գլու՛խ։
- Ո՛չ Ձյունահեր՝ առաջին հրամանին հաջորդում է իմ ազատությունը,- պատասխանեց նա, ճանկեց պատանուն և վեր սլացավ։ Կորին ետ նայեց՝ երևում էին աստղիկները, իսկ սպիտակ սիրամարգը անճոռնի կռինչով հետևում էր նրանց։

Комментариев нет:

Отправить комментарий