среда, 13 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 26)

Օրեցօր հին աշխարհի սահմանները նեղանում էր։ Սպիտակ գույնը երկյուղ էր ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու։
 Մարկոսն ու Աբգարը շտապում էին, աշխատելով աննկատ մնալ վխտացող ռոբոտ-զինվորներից, սակայն շուտով նկատելով, նրանք սկսեցին հետևել նրանց։
- Կարծես նրանց պատրաստել են միայն սպանելու և ավիրելու համար,- քայլերն արագացնելով, ահաբեկված արտաբերեց Մարկոսը։
- Այո՛, ինչպես երևում է՝ նրանք նաև դառնում են անկառավարելի,- համարյա վազելով Մարկոսի հետևից, երկյուղած պատասխանեց գիտնականը։
- Իսկ ես կարծում եմ՝ ահա՛ և տեղ հասա՛նք,- կրնկակոխ հետևող ռոբոտ-զինվորներից աչքը չկտրելով, տարակուսեց Մարկոսը, Աբգարի հետ միասին մեջքով դեմ առնելով պատին։ Հակառակ կողմից զինվորների մի մեծ խումբ կրակելով մոտեցան, նրանք հասցրեցին պառկել գետնին։
- Հրամանատա՛ր,- կանչեց զինվորներից մեկը, շտապելով օգնել։
- Ա՜, Մալե՛ դու՞ ես,- ուրախացավ Մարկոսը, ոտքի կանգնելով։
- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
- Այո՛, բայց մենք ավելի շատ ձեր գնդակներից պաշտպանվեցինք,- ծիծաղեց նա, նայեց դեռ գետնին պառկած Աբգարին,- Աբգա՜ր, դուք ո՞ղջ եք։
- Երևի՛,- դժվարությամբ նստելով, պատասխանեց նա։
- Մալե՛, նրանք շա՞տ են,- գլխով դեպի իրար վրա թափված ռոբոտ-զինվորների կողմը ցույց տալով հարցրեց Մարկոսը,- Մենք տեղ կհասնե՞նք։
- Այո՛ հրամանատա՛ր, անպայման տեղ կհասնեք, բայց ցավոք նրան մեր կրակոցներից ժամանակավորապես անջատվում են, հետո, կարծես նորից վերալիցքավորվում ու դառնում ավելի կատաղի։ Դուք շտապե՛ք այստեղից հեռանալ, մենք կպահե՛նք ձեր թիկունքը։ Աբգարը ուշադիր տնտղեց շուրջը, ապա Մալեին ցույց տվեց թևի ժամացույցը։
- Նրանց թևին նման բան տեսե՞լ ես։
- Այո՛, համարյա բոլորի։
- Երբ ձեր գնդակներից անջատվում են, սեղմե՛ք սարքի վրայի կարմիր կոճակը։
- Եվ ի՞նչ,- Մալեր փոխարեն հարց տվեց Մարկոսը։
- Եթե պրոֆեսորը նոր ծրագրով չի կառավարում նրանց, ապա նրանք դրանից դատնում են անպետք զոմբիներ, բացատրեց նա, Մալեի և Մարկոսի օգնությամբ ոտքի կանգնելով։ Զինվորները շրջապատեցին նրանց։
- Օգնեցե՜ք,- մոտիկից լսվեց կանացի ձայնը։ Բոլորը նայեցին այն կողմ՝ ռոբոտ-զինվորը մեծ քայլերով վազում էր, իր հետ տանելով Վիվիին։
- Իմ աղջի՛կը,- չոքելով, հուսահատ արտաբերեց Աբգարը,- Նա իմ Վիվին էր,- Մարկոսը բարձրացրեց գիտնականին, հենեց իր ուսին։ Վերևից լսվեց շարժիչների աղմուկը՝ երկնքում նորից երևացին մի քանի ուղղաթիռներ,- Նրանք ուշացան ընդամենը րոպեներ,- հուսահատված մրմնջաց Աբգարը, երբ ռոբոտ-զինվորը աղջկա հետ անհետացավ շենքերի արանքում։

Комментариев нет:

Отправить комментарий