пятница, 8 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-21)

Անցան օրեր։ Մարկոսը քայլում էր երկար ծառուղով, հաճախ նայելով ժամացույցին։
- Հրամանատա՛ր,- վազելով մոտեցավ Մալեն։
- Ասա՛,- անհամբեր հրահանգեց նա։
- Այնտե՛ղ գիտնականն է, ուզում է ձեզ տեսնել։
- Ինչու՞ մի անգամից ինձ մոտ չուղեկցեցիր։ Ներս հրավիրի՛ր,- ասաց նա և շտապեց դիմավորելու հյուրին,- Բարով տեսանք, ու՞ր էիք այսքան ժամանակ,- ձեռքով բարևելով հետաքրքրվեց նա։
- Բարով տեսանք,- նկատելի խոնարհվեց գիտնականը,- Պահեստայինների անհետանալուց հետո, Ադամանդն ինձ աչքաթող չի անում։ Նա հետևում է իմ յուրաքանչյուր քայլին։
- Իսկ ինչպե՞ս հաջողեցիք հասնել այստեղ։
- Երբ Նաթիի հետ է, նրա զգոնությունը թուլանում է, ես էլ առիթից օգտվեցի,- ժպտաց Աբգարը։
- Ճիշտ եք արել, ես անչափ անհանգիստ էի։
- Սակայն ի՞նչ օգուտ իմ գալուց, երբ նա կարծես գետնի տակն անցավ,- Աբգարը հուսահատված ուսերը վեր քաշեց, խորը հոգոց հանելով։
- Մի՛ հուսահատվեք, նա կվերադառնա,- չնայած տխրութթյամբ լեցուն՝ Մարկոսը հուսադրեց նրան,- Սակայն մի բան եմ ուզում պարզել,- ձայնն իջեցնելով շարունակեց նա։
- Լսու՛մ եմ,- Աբգարը շուրջը նայելով, գլուխն ավելի մոտեցրեց խոսակցին։
- Հնարավոր չէ՞ր բացառություն անել Կորիի եղբոր դեպքում, չէ՞ որ դուք նրան դեմքով գիտեիք։ Նաև ասեմ՝ նման դեպքերը պատանուն կտանեն կործանման, իսկ դրա հետևանքը լավ գիտեք, ինչը և պատահեց։
- Աբգարը մեղավոր նայեց նրան,- Քիչ առաջ նշեցի պատճառը՝ Ադամանդը դարձել է իմ ստվերը, նա հետևում է իմ ամեն քայլին և միշտ ներկա է իմ աշխատաելու ժամանակ, պրոֆեսորն առավել ևս,- բացատրելուց հետո, թուլացած ընկավ նստարանին,- Ինձ դժվար ժամանակներ են սպասվում, որքան էլ փափագեմ նրա վերադարձը։ Գուցե մարդկությունը փրկվի՞, ես հազիվ թե․․․
- Այս ամենը ժամանակի խնդիր է, իսկ ձեր առաջնային խնդիրը՝ պատանուն վերադարձնել նախկին տեսքին և այստեղ բերել։ Դուք այլընտրանք չունեք, քանի որ նրա վերադարձը իսկապես ժամանակի խնդիր է։
- Ինչպե՞ս մտքովս չէր անցել,- հանկարծակի տեղից վեր թռավ գիտնականը, ճակատին խփելով,- Այո՛, ես գիշերով կաշխատեմ և միայն մեկ գիշեր,որքան էլ դժվար լինի,- Մարկոսի խորհրդից բավականին ոգևորված մի շնչով արտասանեց նա,- նայեց երկար ծառուղուն,- Իմ բացակայելը պետք է աննկատ մնա։
- Այո՛, կարևորը կարողացաք ինձ լուր բերել, իսկ այժմ մեզ մնում է դիմակայել մինչև․․․,- մտազբաղ պատասխանեց Մարկոսը, Աբգարին ուղեկցելով մինչև ծառուղու վերջը։

Комментариев нет:

Отправить комментарий