вторник, 5 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-18)

Կորին Մարկոսին հրաժեշտ տվեց միայնակ տան բակում, վերադարձավ քաղաք։ Քամու հետ սուրալով, հայտնվեց հարազատ դարձած պատշգամբին։ Վիվին տեսնելով, ուրախացած այն բացեց։ Կորին ներս մտավ, նրանք գրկախառնվեցին։
- Դու նորից անհետացել էիր։ Որտե՞ղ էիր,- շշնջաց աղջիկը։
- Այնտե՛ղ,- դեպի դուռը ցույց տվեց նա։ Վիվին ժպտաց։
- Ինչպե՞ս ես կարողանում հայտնվել նման բարձր տեղերում։ Չե՞ս վախենում։
- Ինձ քամին է տանում։ Արի ճախրենք և դու կտեսնես,- առաջարկեց պատանին, գրկեց աղջկան, պատշգամբից դուրս թռավ։ Վիվին սկսեց ճչալ։
- Լռի՛ր, այլապես անգղերը մեզ կհոշոտեն,- Կորին խոսում էր բերանը աղջկա ականջին կպցրած, իսկ նա ինքնամոռաց ծիծաղում էր ու ծիծաղում։ Նրանք կանգ առան երկնաքերի տանիքին։
- Անսահմա՜ն է այս քաղաքը,- բացականչեց աղջիկը, հիացմունքից ձեռքերը տարածելով,- Իսկ ինչու՞ է այսպես,- հանկարծ լրջացավ նա։
- Ինչպե՞ս։
- Նույն քաղաքում և՛ գարուն է և՛ ձմեռ է։
- Սպիտակ գույնը եղյամ է՝ Ադամանդինն է, իսկ մնացյալը սովորական գարուն է, բայց նա փափագում է ողջ մեգապոլիսը սպիտակ դարձնել։
- Իմ հայրիկին դրա համա՞ր էիր կշտամբում,- Վիվին ավելի տխրեց։
- Այո՛, բայց նա երբեմն նաև օգնում է մեզ։
- Ես ամեն ինչ գիտեմ, բայց երբեք այդ մասին չենք խոսում։ Ես սիրում եմ նրան և չեմ ուզում ցավ պատճառել։ Հայրիկն ինձանից բացի ոչ ոք չունի։ Գուցե այդ ամենի մեջ իմ ապագա՞ն է տեսնում,- Կորին լուռ նայեց նրա աչքերին․
- Ես և դու չպետք է այդ մասին խոսենք։ Իմ և քո աշխարհում չկա զենք, չկա գիտնական, չկա պատերազմ, իմ և քո աշխարհում կա սիրտ՝ ահա նայի՛ր ինչպե՞ս է խփում քեզ համար և նա ամեն օր ինձ բերում է քեզ մոտ,- Կորին բռնեց աղջկա ձեռքը, դիրեց իր կրծքին,- Արի միասին դիտե՛նք քաղաքը,- պատանին գրկեց նրան, սլացավ քամու հետ։
- Կարծես սպիտակ գույնը շատանում է,- ձեռքերը տարածեց Վիվին։
- Սա հրապարակն է՝ այն պատկանում է Ադամանդին։ Ուզու՞մ ես ավելի մոտիկից դիտել եղյամը։
- ՈՒզու՛մ եմ,- ուրախացավ աղջիկը։ Բաց պատշգամբից լսվեց կանացի բարձր ծիծաղը։ Կորին, Վիվիին գրկած, ներս նայեցին։
- Նաթի՛, դու կդառնաս մեգապոլիսի ամենահարուստ կինը, համաձայնվի՛ր իմը լինել։ Նայի՛ր այս հսկա քաղաքին,- նա ձեռքով ցույց տվեց դեպի քաղաքը՝ պատանին և աղջիկը նրա դիմաց էին։ Նա քարացավ տեղում, բաց թողնելով Նաթիի ձեռքը, ավելի մոտեցավ լուսամուտին,- Դարձյալ նա իմ քթի տա՛կ է, գրողը տանի՛, նա ամենու՛ր է,- Ադամանդը կատաղությունից ոտքերը խփեց հատակին։ Հայտնվեց սատանան․
- Հրամայի՛ր իմ տեր։
Նաթին սեղմվեց, մնաց պատին։ Կորին Վիվիին գրկեց անհետացավ Ադամանդի աչքից։
- Ահա՛, հայրիկդ այստեղ է,- Կորին ցույց տվեց մյուս երկնաքերի լուսամուտը։
- Գիտե՛մ, այստեղ նաև մեր բնակարանն է,- պատասխանեց աղջիկը, համարյա բղավելով։
- Ուզու/մ ես ավելի մոտիկից տեսնել։
- Այո՜,- թևերը տարածեց Վիվին։
Նրանք կանգնեցին պատշգամբին։ Ներսում մարդաշատ էր։
- Որքա՞ն շատ մարդ կա այնտեղ,- նկատեց աղջիկը ծիծաղելով։
- Այո՜,- ծոր տվեց Կորին, նայեց ներս։
- Վերի՞,- զարմացավ նա, ավելի ուշադիր նայելուց հետո,- Ես պետք եմ նրան։
- Իսկ ե՞ս,- վախվորած շշնջաց աղջիկը, մնալով պատշգամբի գոգին։
- Վիվի՛,- տեղից վեր թռավ գիտնականը, անհանգիստ նայեց Կորիին,- Դու՞,- Շփոթվեց նա, այլևս լռելով։
- Հայրի՜կ,- աղջիկը սկսեց լաց լինել։ Կորին նրա թևից ներս քաշեց, ինքը մոտեցավ գիտնականին։
- Նորից նու՞յնը,- ցասումով արտաբերեց պատանին, մոտեցավ եղբորը,- Վերի՛,- Վերին մնաց անտարբեր,- Ի՞նչ եք արել նրա հետ,- հուսահատությունից պատանին հարձակվեց նրա վրա։ Ներս մտան երկու աժդահա հսկիչները։ Կորիի աչքերը փայլեցին, նրանք ետ քաշվեցին։ Նրանցից մեկը միացրեց հեռախոսը․
- Մեզ օգնություն է հարկավոր,- վանկարկեց նա։
- Նա քո եղբա՞յրն է,- զարհուրանքից Աբգարի աչքերը կարծես տեղից շարժվեցին առաջ։
- Գիտնակա՛ն, դուք կափսոսաք ձեր աշխարհ գալու համար,- մռնչաց պատանին, անհետացավ եկած տեղով։ Վիվին, որ խուլ հեկեկում էր հուսահատ նայեց Աբգարին, ապա բաց պատշգամբին։
- Ների՛ր աղջիկս,- շշնջաց նա, ձեռքերը հպելով դեմքին։

Комментариев нет:

Отправить комментарий