пятница, 3 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Եղանակը նկատի չունեմ Աբրհամ,- արտաբերած անունը լսելով, Լիզան կծեց ձեռքը, ձայնը խլացնելու համար,- Եղանակն ու ժամանակը տարբեր բաներ են՝ ժամանակն անցնում է անվերադարձ, իսկ եղանակը հաջորդ տարի էլի ետ կգա։
-       Բայց նա կգա ուրիշ մի ճամփով։ Ի՞նչ իմանաք նոր ճամփից ինչեր հավաքած կբերի մեզ համար,- Աբրհամը խոսում էր խաղաղ ու խրատող տոնով,- Այնպես որ ամեն եղանակ իմաստավորում է ժամանակի հոսքը։
-       Տրամաբանական է, բայց իմ գործերը խառն են, դու լավ գիտես ծնողներիս։ Մեկն ուզում է հարստանամ, մյուսն ուզում է ամուսնանամ, էն մյուսն էլ ուզում է սովորելու գնամ․․․
-       Էն մյուսն ո՞վ է,- զարմացավ Աբրհամը։
-       Էլի ծնողս է՝ նրանք այնքան շատ բան են պահանջում ինձանից, ինձ թվում է, ես մի քանի ծնող ունեմ,- պատասխանեց Կիմը, խորը հոգոց հանելով։
-       Դու էլ ամուսնացիր, հենա լսել եմ գնացել ես հարսնատես,- լսածից Լիզայի արյունը սառեց երակներում և գլուխը թուլացած, հենեց քարին։
-       Հա, մայրս այդպես ուզեց, դե ես էլ․․․
-       Եվ ի՞նչ․․․
-       Ի՞նչ՝ նա ինձ չուզեց․․․
-       Դու էլ ուրիշին ուզիր, ով քեզ կուզի․․․
-       Գիտեմ ում ես ակնարկում, բայց ես նրան չեմ կարող տուն տանել։
-       Ինչու՞,  իսկ ինչու՞ ես նրան իզուր հույսեր տալիս։ Մի քանի անգամ տեսել եմ վանքի գավիթում մենակ նստած, երևի քեզ է սպասում․․․
-       Գիտեմ, ես էլ եմ հաճախ տեսնում, բայց ծնողներս․․․
-       Ծնողներդ ի՞նչ․․․
-       Չեն օգնի ինձ ուսման հարցում, եթե նրա հետ ամուսնանամ, իսկ ես աշխատանք չունեմ, առողջականս էլ մի բան չէ․․․
-       Եթե նա ամեն երեկո այստեղ քեզ է սպասում, ուրեմն սիրում է, իսկ քո նշած պատճառները մանրուքներ են․․․Մի սխալվիր․․․
-       Կմտածեմ,- պատասխանեց Կիմը և վառեց ծխախոտը,- Ծխել էլ սովորեցինք․․․, բայց դե միայն սիրելով առաջ չես գնա,- դժգոհած ուսերը թոթովեց նա, ոտքի տակ ճզմելով ծխախոտի մնացուկը,- Գոնե էդ գանձը գտնեինք։
-       Վեր կաց գնանք մի անգամ էլ քանդենք, եթե խորը լինի, կթողնենք վաղվան,- ասաց Աբրհամը, ինքը ոտքի կանգնեց խսիրե անկողնուց․․․
-       Նման հարցում, վաղը միշտ ուշ է լինում։ Հիշի՛ր՝ գանձի բույրը ուժեղ է՝ ամենածույլին անգամ նա տանից քարշ է տալիս դուրս և վայ ինձ ու քեզպեսներին, որ օրեր առաջ սկսել էին։
-       Իսկ Լիզայի մասին որտեղի՞ց գիտեին ծնողներդ,- մինչև քարանձավից դուրս գալը հարցրեց Աբրհամը։
-       Մայրս կարդացել էր նրա նամակը,- ձայնը իջեցնելով, քրթմնջաց Կիմը։
-       Ներիր, բանց վատ է, երբ կարդում են ուրիշի նամակը։
-       Արդեն կարդացել է, ի՞նչ կարող եմ անել։ Նա իմ մայրն է և փոխել չեմ կարող նրա ցանկությունը, իսկ հորս լավ գիտես․․․
-       Որոշողն ինքդ ես։ Ծնողը իր տեղն ունի, սիրած աղջիկն իր։ Մի խոսքով գնացինք, արդեն լուսանում է։
-       Գնացինք․․․
Լիզան ոտքի կանգնեց, նայեց վեր, տեսնելով մենավոր աստղին, թախծոտ ժպիտ խաղաց նրա դեմքին,  հետո նրանց հետևից դուրս եկավ քարանձավից։
-       Դու ինձ խաբեցիր․․․,- Կիմը շանթվածի պես ետ նայեց, տեսնելով Լիզային, վազեց դեպի նա,- Որտե՞ղ էիր․․․

Комментариев нет:

Отправить комментарий