пятница, 17 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


Լիզան տարվել էր տխուր մտքերով, երբ նրան սթափեցրեց կանացի ձայնը․
-       Տեսնում եմ անելանելի վիճակում ես հայտնվել,- Լիզան իր առջև տեսավ սպիտակ խալաթով բուֆետապանուհուն, որը տուն գնալիս, չէր մոռանում  փակել հացի դուռը։
-       Գուցե,- անորոշ, ուսերը վեր քաշեց նա։
-       Ահա, սա հեռախոսի համար է, եթե ցանկանաս, երեխային իմ աղջիկը կորդեգրի, նա երկար տարիներ երեխա չի ունենում,- և Լիզայի ձեռքի մեջ խոթեց փոքրիկ թղթի կտորը, շարունակելով տրտնջալ սեփական բախտից, սակայն պարզ չէր, արդյո՞ք Լիզան լսու՞մ  էր  կնոջը, թե մտովի ապաստան էր փնտրում,- Դու ինձ լսու՞մ ես,- վրդոհվեց կինը։
-       Ըհը,- անհամարձակ գլխով արեց Լիզան և թղթի կտորը նրա ձեռքից սահեց կնոջ ոտքերի մոտ։ Կինը ցնցվեց, հեգնական մի ժպիտ խաղաց նրա դեմքին և դիմեց դեպի դուռը։ Երկար րոպեներ լսվում էր նրա հայհոյանքը Լիզայի հասցեին։
Լիզան մնաց երկար ժամանակ կանգնած՝ նրա աչքերում սպասում կար։ նա սպասում էր մեկին, ով պիտի գար իրեն ու փոքրիկին առներ ու տաներ այնտեղից։ Տղամարդու խաղաղ ձայնը խախտեց  նրա սպասումը։ Լիզան շուռ եկավ
-       Շուտով տոներ են, իսկ դու դեռ այստեղ ես,- մոտեցողը բժիշկ էր՝ Լիզան նրան առաջին անգամ էր տեսնում,- Արի ինձ հետ,- նկատելի երերալով, Լիզան հետևեց  նրան։ Երբ մտան սենյակ, բժիշկը զբաղերեց իր տեղը՝ դիմեց Լիզային,- Անուն ընտրե՞լ ես երեխային․
-       Դե՜, կուզեյի Մարսել անվանել,- անվճռական պատասխանեց Լիզան, ձեռքերը բարև բռնած։
Լիզայի համար անսպասելի, բժիշկը՝ ինքը լրացրեց երեխայի ծննդյան վկայականը և մոտեցավ Լիզային,- Թույլ չես տա չէ՞, որպեսզի նա մեծանա առանց հարազատ մոր։ Չէ՞  որ նա այս դաժան  աշխարհում քեզ ունի, մեկ էլ այս թղթի կտորը, որով հաստատվում է նրա գոյությունը։ Մի պահ դու պիտի խլանաս, որպեսզի չլսես ոչ ոքի։ Նրանք քեզ կտրորեն՝ կյանքն այդպիսին՝ ընկածին չեն ներում, իսկ դու աշխատիր բարձրանալ և ոտքի հանել  երեխային։ Կյանքում լինում են բացառություններ և այդ բացառություններից դու եղիր, որպես մայր՝ ավելի ստույգ անձնազոհ մայր․․․
Լիզան, որ գլխահակ լսում էր նրան, ոչինչ չպատասխանեց, միայն տխուր ժպտաց և ոսկրացած ձեռքը մեկնեց դեպի վկայականը։
-       Ապրե՛ս,- հուզվեց բժիշկը և անսպասելի համբուրեց Լիզայի այտը։ Բժշկի մեկ հատիկ բառը և համբույրը ջերմացրեց Լիզայի հոգին։ Նրա խոսքը անդադար կրկնվում էր ուղեղի մեջ։ Լիզան միայն հետո իմացավ, որ բժիշկը ազգությամբ ասորի էր։ Ինքը ծնվելու ժամանակ մահացել է մայրը, որոշել է դառնալ մանկաբարձ և ահա նրա ջերմ հոգատարությունը ջերմացրել էր Լիզայի մայրական զգացմունքը՝ (ցավոք չի հիշատակվում բժշկի անունը)։

Комментариев нет:

Отправить комментарий