воскресенье, 5 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Բայց դու այնտեղ՝ վանքի գավիթում այն ժամանակ սեր խոստացար, իսկ հիմա պարզապես անտարբեր չե՞ս,- Լիզան շփոթված էր երեկվա լսածից և այսօրվա նրա խոստումներից,- Ետ տուր իմ նամակը և հեռացիր,- գլխիկոր, անվստահ, հազիվ լսելի շշնջաց նա։
-       Եվ  դու հավատու՞մ ես քո ասածին։ Կուզենայի ինքդ լսեիր քեզ,- ինքնավստահությունը կաթում էր Կիմի ամեն խոսքից, և Լիզան կուչ եկավ,  խռովածի պես մնաց կանգնած։ Կիմը նորից գիրկն առավ նրան՝ նա չընդդիմացավ և չվիրավորվեց՝ նրա ներսում գլուխ էր բարձրացնում նոր ու անհայտ մի զգացմունք։  Այս անգամ Լիզան տրվեց իր մեջ արթնացող նոր զգացմունքին, որը ոչ այլ ինչ էր, քան մոլորյալ հոգու սփոփանք։ Նրա համար Կիմը նմանվեց շողոքորթ կատվի։ Այդ կենդանին  ջերմ էր ու փափուկ։ Լիզան դարձել էր սեփական պատրանքների գերին, որքան էլ կանացի վեցերրորդ բնազդը հակառակը հուշեր նրան։ Նա իր համար ստեղծել էր մի աշխարհ, որտեղ տեսնում էր իրեն և Կիմին։ Միաժամանակ ափսոսանքի պես տտիպ մի բան խեղդում էր նրա կոկորդը և շատ ուշացած, գուցե  ամեն ինչ կտար, միայն թե այլ կերպ լիներ այդ հանդիպումը, բայց նրա խոսքի ձևը սխալ ստացվեց։ Բառերը, որպես միտք արտահայտող սխալ ընթացք տվեցին․․․ Նա լռեց։
Երիտասարդ տարիքում, մարդու բնազդը շատ դեպքերում հեռու է լինում խոհեմությունից և  հաճախ ճակատագրական սխալները ծիլ են առնում հենց այդ խելահեղ տարիքում և սխալ քայլն է, որ ծնում է սխալ հետևություն։
Ամառային օրվա երթը երկար է տևում, կարծես այն ցանականում է  ևս մեկ հնարավորություն տալ չհասկացված սրտերին։
Լիզայի համար օրն անցավ աննկատ և ասելիքը նորից  կուլ տվեց արթնացող մութը։ Մարող հորիզոնը Կիմի մեջ արթնացրեց անցած օրերի խելահեղ պահը և արթնացած ցանկությունը վարակեց Լիզային։ Նա նորից գտավ իր ցնորքների դղյակը։  Կեսգիշերն անցել էր, երբ Կիմն առանց հրաժեշտի, լուռ հեռացավ։ Լիզայի ասելիքն այդպես էլ լռեց, մնաց ցանկությունների ցանկում, ուր հաղթում է միայն կիրքը։ Եվ որքա՜ն լիրբ ու անկուշտ է մարդկային ցանկությունը։

Անցան շաբաթներ։ Աշնանային օրերը կարճացել, դարձել էին մի թիզ։  Երեկոյան զովը մարդկանց քշել էր տները։  Մութը  թանձրանալով, իր մեջ էր առել  գյուղի առօրյան։
Լիզան  դանդաղ  վեր ու վար էր անում փողոցային աղոտ լույսի տակ։ Նա մրսում էր, բայց չէր ուզում կուչ չգալ։  Զով երեկոն հետզհետե տեղի տվեց ցուրտ գիշերվան։ Լիզան չէր ուզում հավատալ, որ երկար է սպասում և սարսափում էր այն մտքից, թե կարող է անտեղի սապասել։ Նրա գտած սերը, որ իրեն պարգևել էր լոկ գլխապտույտ պահեր, կարծես վերն էր  ածվում հույսի, գիտակցելով այն, Լիզան սարսափեց։
«Չէ՞որ նա խոստացավ գալ։ Ինչու՞ ուշացավ։ Ախր նա խոստացավ գալ ու միասին փախչենք»․ Մտածում էր Լիզան․« Այսպես չի կարող լինել, այսքան վատ չի կարող լինել իմ կյանքում։ Ես անզոր եմ դիմանալու  իրականությանը»․ Նա հրաժարվում էր հավատալ և շարունակում սպասել, իսկ ցուրտը ծուլորեն սողոսկում էր նրա մարմինը։ Լիզան համառորեն չէր ուզում տուն գնալ և մրսելով շարունակում էր վեր ու վար անել փողոցով։ Նրա սպասումն այլևս տենչանք չէր, այլ պարտադրանք և չէր կարողանում հասկանալ սիրելիի չհայտնվելը։  Րոպեները ժամեր դառնալով, լքում էին նրան, տեղ տալով գիշերային ցրտին։ Լիզան երկար սպասեց և ցրտից կուչ եկավ, հուսախաբ քայլերն ուղղեց դեպի երկհարկանի տան կողմը։ Հանկարծ քարացավ տեղում, երկար նայելով տանը․
-       Սա իմ  տեսած երազի տանն է նման, և սա Կիմի տու՞նն է,- երանությամբ նայելով տան կողմը, ակամա շշնջաց նա ։ Հիշված երազն ու ուշ ժամը նրա էության մեջ խցկեց սարսափը։ Լիզան գլխապատառ սկսեց փախչել։  Տուն հասնելով, մտավ ննջարան, երկար ժամանակ անշարժ նստեց։ Առաջին անգամ նա իր շուրջը տեսավ խաբվածության և լքվածության ուրվականը, որ կարծես հանկարծ հայտնվել էր ավիրելու ու քանդելու կյանքը։

Комментариев нет:

Отправить комментарий