суббота, 18 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


Երբ Լիզան վերադարձավ հիվանդասենյակ, արդեն փոքրիկ Մարսելին դայակը գրկած սպասում էր։ Նա վերցրեց, շոշոափեց բարուրը, այն բարակ էր հունվար ամսվա համար՝ հանեց գլխաշորը, դողացող ձեռքերով փաթաթեց, հետո վկայականը պահ տվեց բարուրի արանքում։ Լիզան գրկեց երեխային և առանց հրաժեշտի, քայլերն ուղղեց դեպի դուռը։ Միայն մի ետ հայացք գցեց՝ տեսավ թե ինչպես բուժաշխատողներն իրենց «բախտավոր հիվանդներով» կուտակվել են լուսամուտներին՝ նա գիտեր, ոչ թե հրաժեշտ տալու, այլ չարախնդալու և ծաղրելու։
Բակում նրան սպասումէր մայրը։ Լիզան հանկարծակիի եկած, մնաց տեղում քարացած․
-       Մայրիկ,- շշնջաց նա։ Մայրը ոչինչ  չասաց, միայն նայեց նրան՝ նա ոչ այնքան սառը դիմավորեց աղջկան, որքան տխուր և այդ խորը տխրությունը քողարկել էր իր մեջ մյուս բոլոր զգացմունքները։ Տեսնելով հարազատ մորը, Լիզան հույսով լցվեց, բայց ժպտալ չկարողացավ և ակամա բարուրը ավելի սեցմեց կրծքին։
-       Լիզա՛, արի տուն գնանք,ինչու՞ ինձ ոչինչ  չէիր ասում։
-       Մայրիկ, դու եկել ես մեր հետևի՞ց,- ուրախացավ Լիզան։
-       Քո հետևից,- չոր պատասխանեց նա և մի պահ նայեց բարուրին,- Իսկ նրան մանկատուն կտանք։ Մենք պետք է տաքսի գտնենք։ Արի դուրս գնանք այստեղից,- առաջարկեց մայրը, բակից քայլեց դեպի կանգառ։ Լիզան անխոս հետևեց նրան։
Քաղաքային կանգառը մարդաշատ էր։ Մարդիկ նոր տարվա գնումներ կատարած տուն էին շտապում։ Լիզային թվում էր բոլոր մարդիկ երջանիկ են և անհոգ, և աշխարհում  միակ ծանր հոգսը իրեն է տրված։
Նա  մոր առաջարից ազդվելով, ակամա ավելի կուչ եկավ։
Լիզան մոր հետ հայտնվեց տաքսի սպասողների հերթի մեջ։ Հերթական տաքսու վարորդը նկատելով  Լիզային, գլխաշորով փաթաթծ բարուրը գրկին, կարգը խախտեց, նրան առաջարկելով նստել։ Լիզան ակամա սարսափեց, բայց ավելի շուտ ցրտեց պաշտպանվելու, քան համաձայն էր մոր առաջարկին, նստեց տաքսի․
-       Ու՞ր,- հնչեց վարորդի ավանդական հարցը։
-       Մանկատուն,- տարօրինակ պատասխանը վարորդին ստիպեց ետ նայել՝ երիտասարդ կինը, բարուրը ամուր գրկած, կծկվել էր։ Նրա դեմքին դրոշմված էր տառապանքի թարմ հետքը։ Հայացքը սահեցրեց մյուս ուղևորի վրա հասկացավ՝ պատասխանողը նա էր։
-       Գուցե ինձ չի վերաբերվում, բայց ինչպե՞ս թե մանկատուն,- շվարած թե վրդոհված, հարցրեց վարորդը։
-       Նա ուրիշ ելք չունի,- պատասխանի հետ, մայրը կողքանց նայեց Լիզային, իսկ նա ավելի կուչ եկավ։

Комментариев нет:

Отправить комментарий