воскресенье, 12 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Շուտով ցուրտը սողոսկեց մինչև ոսկորները։ Սպասումի այդ րոպեները նրան երկար ժամեր էին թվում։
Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը։  Լիզան ակամա ժպտաց, ձեռքերը հանելով գրպաններից, փորձելով հանգիստ երևալ։  Շտապ օգնության մեքենան կանգ առավ Լիզայի մոտ, ապակին իջավ և երևաց վարորդի քնատ դեմքը․
-       Դու՞ք եք կանչել շտապ օգնությունը,- անտարբեր ու ալարկոտ հարցրեց նա։
-       Այո,- կարծես մոտեցող աղետից փրկվելու հույսով, Լիզան առաջ նետվեց։ Ինչ խոսք նա միամիտ էր և  համոզված էր՝  այդ մեքենան իր փրկութնունն էր։ Ցրտից հոգնած նետվեց մեքենան։ Վարորդը զարմացած նայեց նրան․
-       Մենակ ե՞ս․․․
-       Այո,- խուլ արտաբերեց Լիզան։
-       Պարզ է,- երկիմաստ մրմնջաց վարորդը, մեքենան գործի գցելով։  Ավա՜ղ, ուր ոտք դրեց Լիզան, ընդամենը հերթական արթնացող տագնապն էր։ Մեքենան նրա տարավ  մորաքույր Սոֆոյի տնից ընդմիշտ, իսկ նա այդ ընթացքում վարագույրի հետևից ծածուկ  հետևում էր և տեսավ, թե ինչպես նա ցրտից կծկված նետվեց մեքնենան և հետո մեքենայի հետ նրան կուլ տվեց խավարը։
Այնտեղ բազմամարդ էր և լիքը երջանկությունից փայլող մայրեր։ Շատերն ապրում էին առաջին անգամ մայրանալու բերկրանքով կամ հերթական զավակը ունենալու երկունքով։
Լիզան մերժված էր  սիրելի մարդու կողմից, որի հասցրած ապտակը դեռ երկար պետք է այրեր նրա այտը։
Ձմռան ցուրտ առավոտ էր՝ պաղ ու սպիտակ լուսաբացով։ Արևը ժլատ ճառագայթները  խցկել էր սենյակը, որտեղ միայանակ ու լքված, ցավից տնքում էր Լիզան։
Ներս մտավ միջին տարիքի բժիշկը՝ Լիզան  սպասում էր հերթական  կշտամբանքին ու  առհամարանքին, ինչպես  նրա հետ վարվել էր գիշերային հերթափոխի երիտասարդ բժշկուհին, բայց ի զարմանս Լիզայի՝ տղամարդ բժիշկն անգամ բարի լույս մաղթեց և անցավ իր պարտականություններին։
Նա լարեց վերջին ուժերն, ապավինելով ուշացած ողջախոհությանը։ Լիզան գիտեր, որ զուր է աղերսանքը աստվածուրաց հասարակարգի գութը շարժելու, ուստի լռեց, փորձելով մնալ ուշադրությունից դուրս։
-       Աղջիկ ունեցար,- նա լսեց նորությունը, երբ  աչքերը փակվում էին, իսկ հոգին  խռով էր։ Փոքրիկի ուշացած ճիչը բթացրեց նրա բոլոր ցավերը։  Չհասկանալով ինչից՝ Լիզան ակամա թեթևություն զգաց։ Չէ՞որ այն ինչ պատահել էր նրա հետ նոր ընթացք առավ և այն ինչ ապրել էր, գուցե այդուհետ մանրունք թվար։
Վերջին  ամիսների ապրումները՝ ստորացումներն ու լքվածությունը, ցուրտը և  թերսնվելը մի պահ լքեցին նրան և ինքն իր մեջ երջանիկ պահ գտավ։ Նա երջանիկ էր, բայց ոչ ուրախ։
Լիզային լքել էին բոլորը՝ աշխարհը, մարդը, հավատը։ Նրա համար խլացել էին ամեն ոք և ամեն ինչ։  Լիզային չէր լքել կյանքը և  արթնացած ճակատագիրը, իսկ վերջինը՝  նրա հավատարիմ ուղեկիցը դարձավ սարսափը, որն աննկատ, բայց հաստատուն բույն դրեց նրա մեջ։
Լիզան այցելող չուներ։  նա ուժասպառ պարկած էր և ոչ ոք  ուշադրություն չէր դարձնում։  Պարկած տեղից նստեց, ուզեց վեր կենալ, բայց ուժերը դսավաճանեցին և ուշագնաց վայր ընկավ։ Երբ աչքերը բացեց, շուրջը սպիտակ խալաթավորներ էին։ Նրանցից մեկը նրան մոտեցրեց կերակուրով ափսեն․
-       Ահա  կեր, դու շատ հյուծված ես, շատ արյուն ես կորցրել,- Լիզան վախվորած վերցրեց, սկսեց ուտել, շուրջը նայելով։
-       Մի անհանգստացիր, փոքրիկը լավ է։ Նրան կերակրեց մի ադրբեջանուհի․․․
Լիզան տխուր ժպտաց և ուտելը կիսատ, ափսեն ետ հրեց, թուլացած ընկավ մեջքի վրա։
-       Դու շատ ծանր ես տանում, բայց պետք չէ։ Հիշիր աղջիկս՝ մարդը տանել չի կարողանում ընկածին, աղքատին, խնդրողին։ Էսպես չի մնա՝ զուր չէ ասված․․․ ,- կինը տեղից վեր կացավ,- Դու պետք է սնվես, որպեսզի կարողանաս դիմակայել,- վերցնելով ափսեն դիմեց դեպի դուռը։
-       Ինչպե՞ս  դիմակայեմ՝ մենակ ու․․․,- կինը ետ եկավ, շոյեց նրա վարսերը, անխոս դուրս գնաց, մաքրելով աչքերը։

Комментариев нет:

Отправить комментарий