воскресенье, 19 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


Լիզան մոր հետ հայտնվեց տաքսի սպասողների հերթի մեջ։ Հերթական տաքսու վարորդը նկատելով  Լիզային, գլխաշորով փաթաթծ բարուրը գրկին, կարգը խախտեց, նրան առաջարկելով նստել։ Լիզան ակամա սարսափեց, բայց ավելի շուտ ցրտից պաշտպանվելու, քան համաձայն էր մոր առաջարկին, նստեց տաքսի․
-       Ու՞ր,- հնչեց վարորդի ավանդական հարցը։
-       Մանկատուն,- տարօրինակ պատասխանը վարորդին ստիպեց ետ նայել՝ երիտասարդ կինը, բարուրը ամուր գրկած, կծկվել էր։ Նրա դեմքին դրոշմված էր տառապանքի թարմ հետքը։ Հայացքը սահեցրեց մյուս ուղևորի վրա հասկացավ՝ պատասխանողը նա էր։
-       Գուցե ինձ չի վերաբերվում, բայց ինչպե՞ս թե մանկատուն,- շվարած թե վրդոհված, հարցրեց վարորդը։
-       Նա ուրիշ ելք չունի,- պատասխանի հետ, մայրը կողքանց նայեց Լիզային, իսկ նա ավելի կուչ եկավ։
Տաքսին կանգ առավ քաղաքի ծայրամասում՝ լքված ու ամայի մի տեղ։ Գետինը պատված էր վաղուց թափված աշնան տերևի հաստ շերտով։ Փողոցի մյուս կողմը երևաց երկաթյա ճաղերով բարձր պարիսպը, այն իր մեջ էր առել բարձրահարկ մի շենք։ Լիզան վախվորած մեքենայից դուրս եկավ բարուրը գրկին և մնաց  դռանը կպած, կանգնած, իմանալով այդ շենքը մանկատունն է և որտեղ ծվարել են հարազատներից մերժված անմեղները։ Լիզան որբության համ զգաց։ Այն վարակեց հոգին, նա առաջ գնալ չկարողացավ։ Այնտեղ , նրա զգացած սարսափը խորթ էր ու խեղդող։
Շուտով երևաց բարետես, լիքոտ, խնամված մանկատան տիրուհին։ Լիզան թախանձագին նայեց կնոջ աչքերին, սկսեց լաց լինել։ Նա ուզում էր  ձեռքերով ծածկել դեմքը, բայց Մարսելը գիրկն էր և  ակամա բարուրը սեղմեց դեմքին։ Տիրուհին զարմացած՝ մեկ նայում էր Լիզային, մեկ այլայլված տղամարդուն, մեկ վիշտը կեղծ անտարբերությամբ քողարկած մորը,- Ձեզի՞նչ է հարկավոր,- վերջապես խոսեց նա։
-       Ուզում ենք երեխային մանկատուն տալ,- ակամա արտասանեց տաքսու վարորդը։ ։
-       Իսկ երեխայի մայրը ուզու՞մ է,- լսածից, տիրուհին նայեց Լիզայի կողմը։
-       Գուցե ո՛չ, բայց դա նրա միակ ելքն է,- պատասխանեց Լիզայի մայրը, որից նա սկսեց ավելի ուժեղ լաց լինել։
-       Ինձ էլ  նրա հետ թույլ տվեք մնալ այստեղ, ես չեմ ուզում բաժանվել, ապրելու տեղ էլ չունեմ,- հեծկլտոցի միջից մի կերպ արտասանեց Լիզան։
-       Ես իրավունք չունեմ երեխային զրկել մորից, քանի որ մանկատուն տվողը մոր ցանկությունը չէ, իսկ մոր հետ միասին եկեք տոներից հետո։
Լիզան ակամա ժպտաց և դեմքը թաքցրեց բարուրի մեջ,-Շնորհակալ եմ,- շշնջաց նա։
Մայրը մոտեցավ նրան,- Տուր նրան ինձ, դու ուժասպառ ես,- Լիզան ետ քաշվեց։


Комментариев нет:

Отправить комментарий