понедельник, 6 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)

Լիզան խորը հոգոց հանեց, վերարկուն  սահեցնելով գցեց հատակին, լույսը վառեց, դանդաղ մոտեցավ նայեց հայելու մեջ, բայց հանկարծ շանթահար ետ քաշվեց, նորից անջատեց լույսը, այդպիսով, կարծես նա ցականում էր հեռացնել, ջնջել  հայելու մեջ երևացած  կնոջ կերպարը։ Լիզային թվում էր,  դա ինքը չէ, այլ ամենուր իրեն հետևող  մղձավանջը, որից ուզում էր ազատվել, խավարում թաղվելով։  Նա երկա՜ր ժամեր խորհում էր մթության մեջ նստած, իսկ սպասումը դեռ կաթում էր նրա էությունից։
 Նրա համար այդ պահից հաճելին խառնվել էր, նույն հաճելիից սնվող ու մեծացող սարսափին։ Նա տեղը չէր գտնում և թվում էր բազմոցը, անկողինը, աթոռը՝ ամեն ինչ փշերով է ծածկված։ Լիզան նորից տեղից վեր թռավ, հագավ վերարկուն, ուղղվեց դեպի դուռը՝ մնաց դռանը կանգնած, նորից ետ եկավ, վառեց լույսը, նայեց ժամին։ Գիշերը վաղուց մտել էր իր տարերգի մեջ։ Մնաց թևաթափ։ Ու՞ր կարող էր գնալ նման ուշ ժամի։ Վերարկուով պարկեց, կուչ եկավ, քնեց։ Թվում էր, նման կերպ նա ցանկանում էր  թաքցնել իր էությունը։
Լիզան տառապում էր խորիմաստ լինելու անհրաժշտությունից։ Նրան լքել էր հասարակ բանականությունը, երբ  տուրք էր տվել խելահեղությանը։ Մշուշի միջից նշմարվում էր մոտեցող վտանգը, և այն օր, օրի նմանվում էր մեծացող ձնագնդի։ Ուշացած, կատարվածի վախն ապականում էր նրա միտքը։
Որքա՜ն է ուշանում մարդկային ողջախոհությունը, երբ ճակատագրին անհրաժեշտ է լինում  հերթական զոհը։
Լիզան երկար սպասեց Գավիթի պռկին կանգնած, այնուհետ մի ետ հայացք գցեց վանքի դռանը, բայց չմոտեցավ, ներս չմտավ։ Նրա խռոված հայացքը նորից մեխվեց մնաց  ամպամած հորիզոնին, որի սև ամպերի ճաքերից կարծես ուզում էր դուրս պրծնել կարմրած արևը  և ցրիվ գալ աշխարհով մեկ, բայց մայրամուտը զսպում էր նրա խենթ ցանկությունը։ Լիզան ժպտաց։
Ոլորապտույտ արահետը ոտնաձայներ էր բերում։ Լիզայի սիրտը տակն ու վրա եղավ։ Տեղից չշարժվեց, միայն մի թեք հայցք գցեց մոտեցող ձայնի կողմը։
-       Կիմի՞ն ես սպասում,- հարցը շփոթեցրեց Նրան և մնաց համրացած ու գլխահակ։ Որքա՜ն կցանկանար եկողը Կիմը լիներ և նա խռոված նայեց հարցնողին․
-       Աբրհամ դու՞ ես,- Լիզայի ձայնը դողաց, այն չվրիպեց Աբրհամի ուշադրությունից։
-       Այո, ես եմ։ Բարի երեկո։
-       Բարև,-Լիզան  անտարբեր պատասխանեց, ապա վիրավորանքը թաքցնելով շարունակեց,- Ոչ ոքի չեմ սպասում, պարզապես հերթական մայրամուտն եմ ճանապարհում դեպի հուշերի աշխարհը։
-       Գեղեցիկ  փիլիսոփայել գիտես։
-       Բոլորն են փիլիսոփայում, առանց փիլիսոփայության խոսքը համ ու հոտ չէր ունենա և կյանքը չէր ընկալվի այնպես խորը, ինչպես ընկալվում է համեմված փիլիսոփայությամբ։
-       Դու իսկապես խելացի ես,- ասաց Աբրհամը, մոտենալով Լիզային, Լիզան ետ գնաց քարափի պռկից, իսկ Աբրհամը շարունակում էր մոտենալ,- Մի վախեցիր, ես քեզ վատ բան չեմ անի,- մրմնջաց Արբհամը։ Լիզան մեջքով դեմ առավ պատին, Աբրհամը գրկեց նրան․
-       Ո՛չ,- սարսափած ետ հրեց Լիզան և  փորձեց փախչել։
Սպասի՛ր, ես դա չէի ուզում ասել,- Լիզայի հետևից ձայն տվեց նա,- Ինձ Կիմն էր ուզարկել քեզ մոտ,- Լիզան քարացավ տեղում, ետ դարձավ, կանգնեց Աբրհամի դիմաց․

Комментариев нет:

Отправить комментарий