вторник, 7 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Լսում եմ, շարունակիր,- այս անգամ համարձակ սկսեց նա։
-       Նա է ինձ ուղարկել․․․ կմկմաց Աբրհամը։
-       Ինչու՞,  ինքը չկարողացա՞վ գալ, ի՞նչ է պատահել,- անհանգստացավ թե զարմացավ Լիզան, Աբրհամը գլխի չընկավ։
-       Դե՜,  ասում էր, գնա, ես էլ եկա․․․
-       Ինչպե՞ս․․․, ինչու՞․․․ Դու ի՞նչ կարող ես անել ինձ կամ ո՞վ ես դու,- Լիզայի նյարդերը տեղի տվեցին, սկսեց լաց լինել,- Դավաճան, լակոտ, փսլնքոտ․․․․
-       Լիզա հանգստացիր, եթե վատ մտքով եկած լինեի, պարզապես կարող էի լռել՝ հանգստացիր խնդրում եմ,- Աբրհամը մի կերպ բռնեց Լիզային և սեղմեց կրծքին,- Ես քեզ ոչ մի վատ բան չեմ անի, որքան էլ նա իմ ընկերը լինի։
-       Ես հավատում էի նրան,- գլխահակ շշնջաց Լիզան, ետ հրելով Աբրհամին։
-       Իսկ հիմա ու՞մ ես հավատում,- լսվեց Կիմի ձայնը։ Աբրհամը հանգիստ նայեց նրա կողմը, իսկ Լիզան մոլորված ու շփոթված ետ քաշվեց։
-       Ոչ ոքի,- հազիվ լսելի, պատասխանեց լիզան, գլուխը օրորելով,- Ոչ ոքի։
-       Իսկ ի՞նչ էիր անում այս ժամին, այստեղ։
-       Չգիտեմ, ավելի ստույգ մայրամուտին էի նայում։
-       Ա՜խ այդպե՜ս,- քամհարանքով բացականչեց Կիմը,- Արդեն ինձ չե՞ս սպասում։
-       Սպասում էի, բայց․․․,-  շշնջաց Լիզան։
-       Ձեզ մենակ կթողնեմ,- ասաց Աբրհամը և քայլեց դեպի գյուղ։
-       Սպասի՛ր, ես էլ եմ գալիս,- անտարբեր արտաբերեց Կիմը, հետևեց ընկերոջը։
Լիզան շրթունքները սեղմած, երկար նայեց նրա հետևից։ Նա լաց էր լինում, սակայն արտասունքը դուրս հորդելու փոխարեն լցվում էր նրա հոգին և նոր բացված սիրո վերքը մռմռացնում։  Երբ Կիմն անհետացավ ոլորանում, նա մոտեցավ, կանգնեց գավիթի պռկին, նայեց մթնող անդունդին․ «Նրա համար լաց չեմ լինի»․ Շշնջաց, ապա նայեց  կանգնած տեղից ցածր թվացող հորիզոնին․« Իսկ ինձ համար ո՞վ լաց կլինի՝ ոչ ոք»․ Որոշեց նա։ Միտքը շարունակելը նրա հաջորդ քայլն էր, բայց հանկարծ ետ քաշվեց․« Չեմ կարող՝ ուժեղներն են ինքնասպան լինում, իսկ ե՞ս․․․»․ Լիզան փլվեց գետնին և դառնորեն ու երկար լաց եղավ, ազատություն տալով արտասունքներին։
Ոչ ոք չէր փնտրում նրան, որքան էլ սպասեր մեկին։ Նրան տանջում էր կիսվելու, խոսելու ցանկությունը, բայց զգում էր, ընկած թակարդը խեղդելու աստիճան ձգվում է և նա  շնչահեղձ էր լինում։
Վերջապես սև ամպերը հաղթեցին և հորիզոնը մարեց։ Լիզան զգաց՝ ինքն էլ մայր մտնող արևի պես պարտվում է կուտակվող,անտես մութ ամպերին։ Ոտքի կանգնեց, ակամա կուչ եկավ, մի հայացք գցեց վանքի դռանը, քայլեց դեպի ոլորանը։
Օրերն իրար փաթաթվելով հեռանում էին, հաջորդելով Լիզայի համար ավելի անհանգիստ ու լուծում պահանջող օրերի։
Լիզան մտովի ամենուր էր, և ամեն տեղ փնտրում էր թաքստոց, բայց միաժամանակ փափագում էր մեկին՝ ոչ այնքան կիսվելու, որքան իր փոխարեն վճռական ելք գտնելու, բայց ո՞վ․․․ Նորից նրա միտքը կանգ էր առնում Կիմի վրա։ Նա փորձեց գեթ մեկ անգամ վճռական լինել, բայց լսափողը նրա ձեռքից վայր ընկավ, իսկ ինքը փլվեց բազմոցին։ Անսովոր ծանրությունը  ավելանալով, ճզմում էր նրա ուղեղը, միտքը վերածելով ծանր կաղապարի։ Լիզան գլուխը ետ գցեց, աչքերը փակեց, մտովի վերհիշեց Կիմի հետ հանդիպումները և բոլոր հանդիպումների մեջ նա տեսնում էր իրեն, որպես թուլության մարմնացում։ Իսկ ինչու՞ չէր կարողանում զանգահարել Կիմին, հանդիպում խնդրել, չէ՞ որ կատարվածից հետո հպարտ լինելն անմտություն էր կամ պարզապես ավելնորդություն։ Լիզան նորից ձեռքը տարավ հեռախոսին։
-       Ալլո,- լսվող ձայնից Լիզան ուզեց լսափողը ետ գցել, բայց ձեռքը ուժգին սեղմեց, պահելու  ծանրացող լսափողը։

Комментариев нет:

Отправить комментарий