пятница, 10 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


Անցան օրեր, Լիզան սկսեց ցերեկները կորչել մորաքույր Սոֆոյի տնից։ Նա թափառելով հասնում էր մայրաքաղաք։ Ժամերով քայլում հոծ բազմության միջով և ամենուր, ամենքի մեջ փնտրում Կիմին։ Սակայն այդպես չի լինում, Լիզան հասցե չուներ, ուրեմն նա իսկական թափառական  էր, որքան էլ  մղձավանջի մեջ փրփուրներ փնտրեր կախվելու համար։
Մութը խառնվել էր, երբ նա տուն մտավ։ Ուժասպառ  ու հուսահատ նայեց վառարանի մոտ ծվարած Սոֆո մորաքրոջն, անցավ իր սենյակը, փլվեց անկողնուն,  փղձկաց։ Նա լաց էր լինում բարձրաձայն ու անհասկանալի բառեր մրմնջում, լսելով մորաքույր Սոֆոն մտավ Լիզայի սենյակը․
-       Տեսնում եմ դու շատ ես տանջվում, հիմա էլ  այսպես,- ձեռքերը տարածեց կինը,- Գուցե  խոսես, պատմես, ի՞նչ է կատարվում քեզ հետ,- Լիզան գլուխը բարձրացրեց, նայեց նրան, ավելի կուչ գալով։
-       Չգիտեմ, ինչպես խոսեմ,- լացի միջից պատասխանեց Լիզան։
-       Ինչպես էլ ասես, կհասկանամ,- պնդեց Սոֆո մորաքույրը, տեղավորվելով մահճակալի ծայրին։ Լիզան լռեց, նստեց, երկու ձեռքերով գրկեց ոտքերը, գլուխը դնելով ծնկներին։
-       Նա լքեց ինձ, երբ իմացավ երեխայի եմ սպասում,- Լիզան  ավելի կծկվեց։
-       Ծնողներդ գիտե՞ն,- վրդոհված հետաքրքրվեց Սոֆոն, տեղից վեր կացավ։
-       Ոչ,- կիսատ, անհամարձակ շշնջաց Լիզան։
-       Ինչպե՞ս,- զարմացավ կինը,- Դու տանից հեռացել ես առանց ասելու պատճա՞ռը։
-       Եթե  ասեի նրանք ինձ չէին հասկանա։ Որպես մարդ իմ կյանքը հետաքրքիր չէ նրանց, իսկ որպես նրանց դուստրը, հազիվ թե ներին ինձ։
-       Իսկ ո՞վ է այդ անպատասխանատուն,- ավելի վրդոհվեց Սոֆոն։
-       Կիմը՝ նրա անունը Կիմ է- կիսատ շշնջաց Լիզան, հայացքի տակից վախվորած նայելով կնոջը։
-       Այնպես ես ասում Կիմը, կարծես նա գերաստղ է և բոլորը պետք է ճանաչեն են նրան,- հեգնեց Սոֆոն, խեթ նայելով Լիզային։
-       Դե, հարցրեցիր, ես էլ ասացի,- ուսերը թոթովեց նա։
-       Գոնե նորմալ մարդ է՞,- նորից նստելով տեղը, հարցրեց Սոֆոն,- Ասենք այսքանից հետո ի՞նչ նորմալ մարդու մասին կարող է խոսք լինել,- տարակուսած ուսերը վեր քաշեց Սոֆոն։ Լիզան կծկվեց այնքան, մինչև դառավ մի բուռ և այդպես մնաց։ Սոֆո մորաքույրը երկա՜ր ժամանակ լուռ նայում էր նրան։ Նույն լռությամբ նա դուրս եկավ Լիզայի մոտից։ Տիրող լռությունը տևեց օրեր։ Նա այլևս չէր նայում Լիզայի կողմը, բայց ի զարմանս Լիզայի, չէր վռնդում տնից, իսկ Լիզայի համար ամեն ինչ արդեն միևնույն էր։ Նա չէր փորձում արդարանալ և չէր շտապում հեռանալ։ Առավոտյան կանգնած  ցանկապատի մոտ  երկա՜ր դիտում էր երևացող գորշ դաշտին,  այն իր կանգնած տեղից բաժանում էր լայն ճանապարհը։
-       Ի՞նչ ես շվարել, մնացել, ներս անցիր,- ջրով լի դույլը ձեռքին դարպասից  ներս մտավ Սոֆոն։ Լիզան կուչ եկավ, թաքցնելու տձև մարմինը, զսպելու համար մորաքույր Սոֆոյի զայրույթը, բայց մնաց կանգնած, նայելով նրա հետևից,- Քեզ հետ չե՞մ,- դույլը ներս տանելուց հետո, գլուխը դուրս հանեց Սոֆոն, բղավելով։
-       Հիմա կգամ,- հանգիստ պատասխանեց Լիզան և նորից մի հայացք գցեց ճանապարհին։
-       Իզուր մի սպասիր, նա չի գա,- վրդոհվեց Սոֆոն, ձայնն ավելի բարձրացնելով։
-       Գիտեմ,-  շշնջաց նա, գնաց ներս, կուչ եկավ վառարանի կողքը։
-       Ինչու՞ այսօր վառարանը չես վառել,- նկատեց Սոֆոն, երբ Լիզան գրկեց սառը խողովակը։
-       Չգիտեմ,- մեղավորի պես ուսերը վեր քաշեց Լիզան,- ՄԻ տեսակ ուժս չպատեց։ Ինձ թվում է սա վերջն է և այս ամենն այլևս չի անցնի իմ կյանքից,- տրտմեց Լիզան, սկսեց լաց լինել։
-       Մնացող ոչինչ չի լինում, պարզապես վատը դժվար է անցնում, առավել ևս, երբ մենակ ես։ Դա էլ կանցնի հոգ մի արա, վստահիր ժամանակին, բայց քո ողջ խնդիրն այն է, թե հետո ուր կընկնես կամ հետոն ինչպես կլինի։
-       Դու ինձ վռնդու՞մ ես,- վախեցած, հարցրեց Լիզան։
-       Մեղք  կլինի  ձմռան  ցրտին քեզ դուրս հանել, բայց, երբ հիվանդանոց ընկնես, մոռացիր այս հասցեն,- վերջին խոսքերի վճռականությունից Լիզան դառնացած սեղմեց ատամները, սկսեց վառարանը վառել։ Երբ ջերմությունը տարածվեց սենյակով, նա  հուսահատ փակվեց փոքրիկ սենյակում, մինչև առավոտ այլևս դուրս  դուրս չեկավ այնտեղից։

Комментариев нет:

Отправить комментарий