четверг, 9 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


Կիմն ավելի մոտեցավ Լիզային, գլուխը կպցրեց նրա գլխին։ Լիզան գլխապտույտ զգաց և երանության թրթիռն անցավ նրա ողջ մարմնով։
-       Ես  հրաժարվում եմ քո բոլոր խնդիրներից,- ֆշշացրեց նա ատամների արանքից,- Չնայաց այն նաև իմն է, բայց մեծահոգաբար իմն էլ եմ քեզ տալիս և արա, ինչ ուզում ես,- Կիմը քայլեց կածանն ի վեր, հնարավորություն չտալով Լիզային բառ անգամ ասելու։  Նա մնաց կանգնած գունատված ու սարսափած։ Լիզան չէր սպասում նման արձագանքի։ Կիմը հեռացավ, չքվելու նրա կյանքից։ Նա ինքնամոռաց հեկեկալով հայացքով  ուղեկցում էր իր կյանքն ավիրողին, որի կերպարանքը շուտով միաձուլվեց արթնացող խավարին։
-       Ահա և վերջ, ահա թե ինչից էի սարսափում,- շշնջաց նա, հայացքը ձուլելով մթնած հորիզոնին,- Ահա թե ինչպիսին է մայրամուտից ծնված սիրո ավարտը՝ հարցական և շուրջս մութ։ Այս մութը որքա՞ն կտևի և արդյո՞ք այն կանցնի։ Չգիտեմ,- հուսահատ ուսերը թոթովեց Լիզան, թևքով մաքրելով աչքերը։
Կիմը հեռացավ Լիզայի կյանքից, թողնելով նրան չլուծված հարցական։ Իրականում Լիզան մնաց երկու  թեժացող բոցերի մեջ, ուր կար մի լքված սիրտ և զարթնող մի զգացմունք և այն օր, օրի Լիզայի սարսափը խառնում էր անծանոթ  հաճելիին։ Լիզան այլևս հանդիպում չփնտրեց։ Նա ցանկացավ հեռանալ իրականությունից և ցանկացավ հարթելու  այն օրերում ծնված հարցականը։
Լիզան մենակ էր։ Նա չուներ սրտակից՝ կիսվելու կամ խորհուրդ հարցնելու, ուստի գնաց բախելու օտարի դուռը և նրա յուրաքանչյուր քայլին դարան մտած պետք է սպասեր տագնապն ու  լարվածությունը՝ լարվածություն, որն այդպես էլ չպետք է լքեր նրան մնացած ողջ կյանքում։

Աստվածուրաց հասարակարգի օրենքները խլացրել էին մարդկային խղճի իրական ձայնը։ Լիզան միայնակ հայտնվեց ճակատագրի և իրեն ծաղրող կյանքի միջև։ Նույն մարդասպան հասարակարգը լիիրավ դատում էր «մեղավորին» մեղքի ստվերի տակ ծպտված  կոմունիստների ստեղծած անօրեն կարգ ու կանոնով։
Լիզան չէր նկատում բնակարանի անհարմարավետությունն ու ցուրտը։ Նա օրերով նստում էր լուսամուտի դիմաց, նայում էր հեռուն, որտեղից երևում էր  մեծ ճանապարհը։ Լիզան հաճախ էր մտածում և հուսադրվում, թե մի օր  երևացող ճամփով կգա Կիմը, բայց անցնող օրերի հետ անցնում էր նաև նրա հույսից մի մասնիկ և նա սկսում էր ելք որոնել, մտովի անցնելով աշխարհի բոլոր սահմանները, բայց երբ Սոֆո մորաքույրը ներս էր մտնում, Լիզան նորից հայտնվում էր խղճուկ կացարանի լուսամուտի առջև։
 Մորաքույր Սոֆոյի ամուսինը վաղուց էր մահացել, երբ դեռ ապրում էր Նախիջևանի  Առինջ գյուղում։ Պետական գործող ծրագրի համաձայն դեռ յոթանասունականներին  Նախիջևանում բնակվող հայերին տեղափոխում էին  Երևանի մերձակա շրջաններն, ապահովելով բնակարանով և աշխատանքով։  Մորաքույր Սոֆոն նրանցից մեկն էր, նա էլ վերցրել էր միակ որդուն և տեղափոխվել Երևանի մերձակա շրջաններից մեկը։  Եվ ահա Լիզան  ոչ միայն թոթափել էր նրա մենակությունը, այլ նաև օգնում էր տնային գործերի մեջ։
-       Լիզա՛, պատմիր քո մասին,- մի երեկո հիշեցրեց Սոֆոն, երբ միասին վառարանի մոտ նստած տաքանում էին։
-       Իմ կյանքը խնդիրների կծիկ է, ի՞նչ կարող եմ պատմել,- մելամաղձկոտ նայեց անարոշ մի կետի, խորը հոգոց հանելով։
-       Դե գոնե, որտեղի՞ց ես կամ ովքե՞ր են ծնողներդ։
-       Մի ուրիշ անգամ մորաքույր Սոֆո։  Չի ստացվում խոսել,- հրաժարվեց նա, բայց Եթե Լիզան անկեղծ պատասխաներ պարզապես կասեր, որ հոգու խորքում վախենում է՝ նա վախենում էր, ինչպես բոլորից, այնպես էլ մորաքույր Սոֆոյից։ Նա վախենում էր ձմռան մերկ ու անձյուն ցրտին հայտնվել փողոցում։ Հետո ու՞ր պետք է գնար։ Ետ դարձի ճամփան անորոշ ժամանակով փակ էր նրա համար, եթե մի գեղեցիկ օր Կիմը չվերադառնար։

Комментариев нет:

Отправить комментарий