среда, 8 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Ես եմ,- հուզմունքից իրեն կորցրեց Լիզան, հազիվ արտաբերելով երկու բառ։
-       Ի՞նչ կա,- անտարբեր պատասխանեց Կիմը։
-       Դու չե՞ս ուզում ինձ տեսնել։ Ասելիք ունեմ,- կմկմաց Լիզան։
-       Ինչի՞ համար,- լսափողի միջից լսվող սառցե պատասխանը խոցում էր Լիզային, բայց նա պարտավոր էր դիմակայել և շարունակել։
-       Կիմ, մենք պետք է գոնե մեկ անգամ խոսենք իրար հետ,- հորդորեց Լիզան։
-       Լավ, այսօր երեկոյան  գավիթում կլինեմ,- պատասխանեց Կիմը և անջատեց հեռախոսը։ Լիզան դողացող ձեռքով լսափողը ետ դրեց և պարտվածի ու ջարդվածի  զգացողությամբ ձեռքերով հենվեց սեղանին, գլխահակ մնաց կանգնած։
-       Նա այլևս չի վերադառնա, թեկուզ առաջինն ինքը հայտնվի գավիթում,- հուսահատ մրմնջաց, ապա զգաստացավ, նայեց դուրս՝ երկու աղավնի լուսամուտի գոգին ղունղունում  էին։
Երեկոն  ոչ միայն ցուրտ էր, այլ նաև պաղ էր։ Լիզայի համար քար ու ծառ՝ վանքի պատերն անգամ և հարազատ գավիթը նաև, կարծես սառույցից շինած լինեին։ Նա մրսում էր, շուրջը նայելով, ավելի դողում։ Մոտիկից քայլերի ձայն լսվեց։ Լիզան ամեն անգամվա պես տեսողությունը չլարեց ձայնի կողմը, այլ շտապեց թաքնվել վանքի պատի մյուս կողմը։ նորից տիրեց լռություն, նա դուրս եկավ թաքնված տեղից, հայացքը սևեռեց  ոլորանի կողմը։ Այն դատարկ էր․« Ինչու՞ ամեն ինչ ստի վերածվեց՝ մարդը, աշխարհը՝ հավատս էլ մեռավ, ուրեմն նա էլ էր սուտ ու հնարովի։ Ես էի հնարել ու փարվել իմ հավատին և ահա այն ծխի է վերածվում։ Մա՛րդ ու՞ր ես դու։ Ես անդունդի բաժին եմ դառնում, իսկ դու մարդ արարծ, ինչո՞վ ես տարված․․․ Հորիզոնը նորից մարեց մինչև վերջին կայծը, ես էլ գնամ անհետանալու իմ փլված աշխարհում,- վերջին միտքը Լիզան արտաբերեց մրմնջալով, հետո նայեց ոլորանին, որ մի ժամանակ այն իր  համար միայն դատարկ ու քարքարոտ ճամփա չէր, այլ սիրո կամուրջ, որով ամեն երեկո դեպի գավիթ էր գալիս Կիմը, իսկ հիմա՞․․․
«Այսօր էլ գնամ կորեմ»․ ձեռքերն իրար միացրած, ծնոտին հենած, մտածում էր նա և հաճախ նայում ճամփի կողմը։ Նորից քայլերի ձայներ լսվեցին։ Լիզան ետ գնաց դեպի պատի հետևը և այնտեղից հետևեց եկողին։
-       Կանչում է ու չի գալիս,- դժգոհած քրթմնջաց Կիմը, կանգնելով գավիթի պռկին։
-       Ես այստեղ եմ,- Լիզան մանրաքայլ մոտեցավ, կանգնեց նրա կողքին,- Դու ուշանում ես, իսկ մի ժամանակ միշտ առաջինն էիր գալիս, սպասում ինձ։ Ինչու՞ եկար իմ կյանք, եթե գնալու էիր․․․- լացակումած պոռթկաց Լիզան։
-       Լիզա՞, որտե՞ղ էիր․․․
-       Այնտեղ,- ձեռքով  ցույց տվեց քիչ առաջ կանգնած տեղը,-  Կարծեցի ուրիշ մարդ էիր, թաքնվեցի։
-       Ինչու՞, մի ժամանակ ոչինից չէիր վախենում,- զարմացավ Կիմը։
-       Հիմա վախենում եմ՝ բոլորից, ամենքից, անգամ քեզանից,- միշնչով արտասանեց նա և սկսեց արտասվել,- Կի՛մ ասա՛, ինչու՞ ինձ հետ այսպես վարվեցիր։
-       Ինչպե՞ս,- շինծու զարմացավ նա,- Մենք միասին ենք իրար հետ վարվել, իսկ հիմա ասելիքդ ասա։
-       Ինչու՞ էիր Աբրհամին ուղարկել ինձ մոտ։
-       Ո՞վ ասեց,- անակնկալի եկավ նա,- Ի՞նքն է ասել։
-       Այո,- Կիմն ատամները սեղմեց և խորը շունչ քաշեց, կարծես դիմանալու լսածին։
-       Եվ ի՞նչ, նա մխիթարու՞մ էր քեզ իր գրկում,- հեգնեց Կիմը։
-       Այո, նա ասում էր՝ մի վախեցիր, քեզ վատ բան չեմ անի։
-       Իսկ դու վախենու՞մ էիր։
-       Թող հեգնանքդ, այն այս պահին այնքան էլ տեղին չէ։  Մենք պետք է խոսենք։
-       Ամեն անգամ նույն բանն ես ասում, իսկ մենք ոչինչ էլ չենք խոսում։
-       Դու գանձ էիր որոնում՝ սկզբում ինձ հետ, այնուհետև ուրիշ մեկի և գտա՞ր։

Комментариев нет:

Отправить комментарий