воскресенье, 12 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)

Տիրող լռությունը,  ցուրտ ու անդուր սենյակը Լիզային ստիպեցին կուչ գալ ։  Նա  լաց եղավ, քանի որ Կիմը գնաց, իր հետ տանելով վերջին հույսը և  ծանր զգացումով դեռ երկար մնաց այդպես կանգնած։ Սիրելիի հեռանալով, նրան լքեց ողջ աշխարհը և նրա դեմ պետք է դուրս գար մի նոր ախոյան՝ ճակատագիրը։ Չպետք է կարծել, թե ճակատագիրը պայքարում է  միայն կործանելու և այն նույնիսկ Լիզան չէր կարող գիտակցել՝ գուցե ինքն ու ճակատագի՞րը պետք է պայքարեն դաժան իրականության դեմ։ Ո՞վ գիտի․․․
Ձմռան կարճ օրն արդեն անցնում էր սարի հետևը։ Մորաքույր Սոֆոն գործից եկավ տուն։ Ներս մտավ, ցրտից սրթսրթացնելով գրկեց սառը վառարանը, բայց լարեց լսողությունը, մոտեցավ փոքրիկ սենյակի դուռը բացեց․
-       Ի՞նչ է պատահել, ինչու ես լաց լինում,- Լիզան լուռ զարմանքով ուսերը թոթովեց, քանի որ Մորաքույր Սոֆոն այն օրից լռել էր մինչ այդ պահը։ Նա աչքերը մաքրելով նստեց անկողնուն, հայացքի տակից վախվորած նայեց մորաքույր Սոֆոյին․
-       Նա եկել էր,- խուլ շշնջաց Լիզան, ապա հայցքը կախեց։
-       Ո՞վ,- զարմացած հոնքերը կիտեց մորաքույր Սոֆոն։
-       Կիմը։
-       Եվ․․․
-       Եվ ոչինչ,- տարակուսած ուսերը վեր քաշեց Լիզան, աչքերը մաքրելով,- Իմ հույսը նա էր, իսկ հիմա․․․,- նա աշխատում էր լացը խեղդել, որից ցնցվում էին նրա ուսերը։
-       Հիմա չէ՝ դու պետք է ավելի առաջ զգոն լինեիր։ Կյանքը խաղ է, բայց չպետք է խախտել այդ կանոնները, իսկ խախտելու դեպքում հաճախ այն կյանք է արժենում։ Հիշի՛ր, բոլոր չգրված օրենքները ավելի հզոր են ու անփոփոխ, քան ցանկացած  գրավոր կանոնադրություն,- ցուցամատը թափահարելով եզրահանգեց նա։ Լիզան լռեց, առանց ծպտուն հանելու, մնաց նույն դիրքով այնքան ժամանակ, մինչև Սոֆոն անցավ մյուս սենյակ,- Գոնե էս վառարանը վառեիր,- քթի տակ ավելի շուտ ինքն իրեն քրթմնջաց նա, ապա հոգոց հանելով սկսեց մոխիրը դուրս անել։
Անորոշությունը վհատեցրել էր Լիզային։ Նա մենակ էր մնացել։ Ցանկացած միտք նրա գլխում ի վերջո վեր էր ածվում խառնաշփոթի  և  սարսափում էր շարունակել մտածել։ Միայն խորը հոգոցներն էին բազմակետեր դնում նրա մտքի ավարտին։ Օրեցօր նա դառնում էր ինքնամփոփ։ Նրան թվում էր, որ այդ ամենն այլևս վերջ չի ունենալու և  իր տձևությունն այլևս  չի անցնի։  Իրականությունը Լիզային առել էր անվերջանալի մղձավանջի մեջ։
Անցան օրեր։ Ձմռան ցուրտ երեկո էր։ Բարակ ձյունը սառչել կպել էր մայթերին։
Լիզան վաղ  պարկեց, բայց անսովոր զգացողությունը նրան ստիպեց տեղից վեր կենալ և վախեցած դիմեց Սոֆո մորաքրոջը․
-       Օգնեք խնդրում եմ։
-       Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա և անտարբեր նայեց նրան։
-       Օգնե՛ք,- կրկնեց Լիզան սարսափած և ակամա մոտեցավ նրան։
-       Ետ կանգնի՛ր,- կոպիտորոն ետ հրեց նա՝ Լիզան վայր ընկավ։
-       Աղաչում եմ, ես չգիտեմ ինձ հետ ի՞նչ է կատարվում, գոնե շտապ օգնություն կանչեք,- ընկած տեղից չորեքթաթ մրմնջում էր Լիզան, հայացքը հատակին հառած։
-       Ինքդ գլուխ հանիր և շուտով ազատի՛ր տունս,- արտաբերեց նա և փակվեց մյուս սենյակում։ Լիզան լաց լինելով ոտքի կանգնեց, նայեց շուրջը։  Զգացած վախը նրան դուրս տարավ։ Մութ էր ու  ցուրտ և  մութ ու ցրտի հետ  սառչել էր  նաև Սոֆո մորոքրոջ գութը։
Լիզայի շորը բարակ էր, նա ցրտից դողում էր, բայց հանկարծակի սուր ցավը նրան ստիպեց  կծկվել, հետո խորը շունչ քաշեց, քայլեց։ Նա մթից չէր վախենում, պարզապես շտապում էր  պատսպառվել ցրտից։ Արարատյան դաշտավայրի գիշերային սառնամանիքը ստիպեց Լիզային ծեծելու առաջին պատահած դուռը։
-       Ո՞վ է,- ներսից լսվեց տղամարդու ձայնը։
-       Ես եմ, ինձ հեռախոս է հարկավոր,- ատամներն իրար զարնելով արտաբերեց Լիզան։ Դուռը բացվեց։  Տան տերը տեսնելով  ցրտից դողացող անծանոթուհուն դեմքը խոժոռեց․
-       Ի՞նչ ես ուզում։
-       Ես․․․ միայն․․․զանգահարել, ուրիշ ոչինչ,- հուսահատ ու կաշկանդված կմկմաց Լիզան։
Զանգի՛ր,- անտարբեր ու կոպիտ  ասաց տղամարդը, ցույց տալով միջանցքի հեռախոսը,  ետ քաշվեց, սպասելով, մինչև ԼԻզան լսափողը տեղը դրեց, դուրս եկավ։ Տան տերը շտապեց նրա հետևից ուժգին շխկացնել դուռը։ Լիզան  նայեց փակված դռանը, դուրս եկավ ճանապարհին։ Մնաց դրսում, սպասելով շտապ օգնության մեքենային՝ մորաքույր Սոֆոն այլևս ներս չթողեց նրան։ 

Комментариев нет:

Отправить комментарий