вторник, 14 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


Լիզան այլևս այդ կնոջը չտեսավ։ Այլևս նրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Այցելող չուներ։ Հաճախ կարելի էր նրան տեսնել դատարկ հիվանդասենյակում, լուսամուտի մոտ կանգնած։ Երբ նրա ականջին էր հասնում դայակի ձայնը․
-       Երեխաներին կերակրելու ժամն է,- Լիզան տեղից չէր շարժվում, միայն նայում էր դռան կողմը և կարծես հայացքով թե մտովի աղերսում էր՝ չմոռանալ իր փոքրիկին։
Նա օրերով սոված էր մնում, ուստի չէր կարող կերակրել փոքրիկին։ Երբեմն, երբ միջանցքը մարդաշատ չէր լինում, կարելի էր տեսնել թե ինչպես է մի կերպ հյուծված ոտքերը քարշ տալիս բուֆետի կողմը, ոոոոորտեղ քիչ առաջ կերակրվել էին սիրված մայրերը ու կանայք։ Միայն ընթրիքից հետո, կարողանում էր նա ծածուկ մի կտոր ցամաք հաց վերցնել, երբ բուֆետի պահարանը պատահաբար բաց էր մնացած լինում (քանի որ բուֆետպան կինը տանել չէր կարողանում Լիզային, ուստի տուն գնալուց միշտ կողպում էր հացի պահարանը), սակայն այնտեղ ուտել չէր համարձակվում, նրան թվում էր, կհարձակվեն ու կխլեն։ Նա հացը գրպանը պահած, մտնում էր անկողին, վերմակը քաշում էր գլխին և թաքուն ծամում ցամաք հացը, երբ հացին խառնվում էր արտասունքը, այն դառնում էր աղի։
Մոտենում էին Ծննդյան տոները։ Ժամանակի հասարակարգը նշում էր միայն Նոր տարին, քանի որ կոմունիստական աթեիզմը լափել էր մարդու հավատքը։
Որտեղ հայտնվել էր Լիզան, հիմնականում ադրբեջանցիներ էին։ Նրանք այնտեղ լիիրավ տեր ու տիրական էին զգում։ Հայ կանանց հետ քննարկում ու քննադատում էին Լիզային և համարյա միշը նրանց կիսաադրբեջաներենը մեղվի փեթակի պես դզզում էր Լիզայի ականջների մեջ։
-       Լիզան դու՞ ես,- հարցը հանկարծակիի բերեց լուսամուտից դուրս նայող Լիզային։
-       Այո,- զարմացած պատասխանեց Լիզան, բուժքրոջ դիմելաձևից։ Նա առաջին անգամ էր տեսնում նրան։
-       Լիզա՜, ի՞նչ ես մտածում,- շարունակեց բարեհամբյուր քույրը, որի դեմքին խաղում էր ժպիտը՝ Լիզան նրա ժպիտի մեջ խղճահարություն տեսավ, ակամա կուչ եկավ,- Կարո՞ղ ես ինձ ճիշտ հասկանալ՝ երկու շաբաթվա մեջ, թերսնվելու պատճառով քո երեխայի քաշը պակասել է։ Փոքրիկին կերակրում էր իմ ազգակիցը, ցավոք նրան այսօր դուրս գրեցին։
-       Դուք հայ չե՞ք,- հետաքրքրվեց Լիզան։
-       Ո՜չ, ադրբեջանցի եմ։
-       Ինձ  ոչ ոք ոչինչ չի ասում։
-       Ես արձակուրդում էի և չեմ կարծում նույնկերպ կվարվեի նորածնի հետ, ինչպես վարվել են քո հայրենակիցները։
-       Իսկ ինչպե՞ս են վարվել,- անհանգստացավ Լիզան։
-       Անտարբեր ու մեծամիտ,- կոպիտ արտաբերեց քույրը, այնուհետ շարունակեց,- Որքան էլ հասկանամ քեզ, որպես կին, դու պետք է վճռես՝ երեխան երկար չի դիմանա,- խոսքն ավարտելով, ադրբեջանուհին հեռացավ։
Անորոշությունը ԼԻզային հերթական անգամ գամեց պատին և այդ պատը պատված էր փշերով։ Նա մնաց նայելով, հեռացող բուժքրոջ հետևից։ Որքան էլ մեղմ հնչած լիներ նրա խոսքերը, Լիզային թվաց մի ուժեղ և կոշտ ձեռք բռնեց նրա կոկորդից, ելք պահանջելու իրավիճակից․ «ՈՒ՞ր գնալ»․․․

Комментариев нет:

Отправить комментарий