суббота, 11 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


Օրերը շաբաթներ դառնալով գլորվում էին, Լիզայի վիճակն ավելի կախյալ ու անտանելի դարձնելով։ Նա նստած էր կիսամութ ու ցուրտ սենյակում, երբ դուռը բացվեց, ներս մտավ Կիմը։ Լիզան շփոթված տեղից վեր թռավ և անհագ մի ցանկություն զգաց  նետվելու նրա գիրկը, բայց սիրտ չարեց, միայն սպասողական նայեց նրան։
-       Ի՞նչ ես անում այստեղ,- սկսեց Կիմը, հանդիմանող ձայնով։
-       Չգիտեմ,- անհամարձակ կմկմաց Լիզան, կուչ գալով։
-       Ինչպե՞ս թե չգիտես։ Դարձյալ նույն հիմար պատասխանն եմ լսում,- վրդոհված Կիմը մնաց դռանը կանգնած։
-       Դու այնքան չարացած ես, չէ՞ որ առաջներում նման պատասխանը քեզ դուր էր գալիս։
-       Իսկ հիմա ինձ դուր չի գալիս։ Կարծես փոքր երեխա լինես և դեռ ինձանից էլ մեծ ես,- Կիմը մի պահ լռեց, ապա շարունակեց ավելի նյարդայնացած,- Չարացած եմ, որովհետև դու վատ վարվեցիր ինձ հետ։
-       Ինչպե՞ս,- զարմացավ Լիզան, բռնվելով մահճակալի գլխից,- Անմտորեն քեզ սիրելը վատ վարվե՞լ էր։
-       Ինձ պետք չէ քո սերը,- պոռթկաց Կիմը, իրեն կորցրած։ ԼԻզան ականջները փակեց, ընկնելով անկողնուն, սկսեց լաց լինել։
-       Լիզա՛, ինձ ճիշտ հասկացիր,- գուցե Կիմը զգաց չափն անցավ և մոտեցավ, մատների ծայրով շոյեց նրա այտը, զգաց թե ինչպես է նա դողում ողջ մարմնով,- Արի, արի նստիր, հետո խոսենք, տեսնում եմ դու  դողում ես,- Լիզան նստեց Բազմոցին, իսկ նա մնաց կանգնած,- Լիզա՛ ուզու՞մ ես ծնկաչոք աղաչեմ,- սկսեց Կիմը մոտենալով չոքեց հավասարվելով Լիզային,- Ազատվիր այդ երեխայից,- Լիզան ակամա ետ քաշեց ոտքերը, կծկվելով։
-       Չեմ կարող,- անվճռական շշնջաց Լիզան։
-       Խնդրում եմ հասկացիր և ինձ ու քեզ մի բանտիր։
-       Ուշ է,- նույն կերպ կրկնեց Լիզան, անորոշ հայացքը հառած Կիմին։
-       Այդ դեպքում, գոնե ունենալուց հետո, թող նրան այնտեղ։
-       Որտե՞ղ,- նույն անտարբերությամբ հարցրեց Լիզան։
-       Դե՜ այնտեղ,- ծոծրակը քորելով, շփոթվեց Կիմը։
-       Որտե՞ղ,- նույն հարցը կրկնեց Լիզան, այս անգամ դառնացած։
-       Հիվանդանոցում։
-       Դու հրե՞շ ես, թե մի վախկոտ ու լպրծուն արարծ,- հեգնեց Լիզան,- Եվ ես քե՞զ եմ տանուլ տվել իմ սերը,- Կիմը ոտքի կանգնեց, մի քայլ ետ գնաց, նայեց լուսամուտից դուրս։
-       Եվ դու եկել էիր դա՞ ասելու։
-       Լիզա, ինձ ճիշտ հասկացիր, ես այլընտրանք չունեմ,- խեղճացավ Կիմը, թե խեղճ ձևացավ՝ արդեն կարևոր չէր։
-       Ես էլ քեզ տեսնելով ուրախացա,- խորը հոգոց հանեց Լիզան,- Կարծեցի եկել ես ինձ այստեղից առնես ու տանես հեռու՜, հեռուներ, որտեղ չկան նման օտար ու չար մորաքույրներ և  այնտեղ այլևս չեմ թաքցնի իմ գոյությունը, իսկ դու․․․,- Լիզան փորձեց զսպել հուզմունքը, լուռ գունատվեց։
-       Լիզա՛,- Կիմն ավելի մոտեցավ, փորձելով մխիթարել  նրան։
-       Մի դիպչիր ինձ,- նվաղող ձայնով ասաց նա, ծանրացած ոտքի կանգնեց։ Կիմը հայացքով չափեց նրան ոտքից գլուխ և հայացքն ակամա կանգ առավ Լիզայի տձև մարմնին։
-       Լսի՛ր Լիզա՛,- Կիմը նորից  ուզեց գրկել Լիզային, բայց սիրտ չարեց, միայն շոյեց նրա մազերը,- Ես գնում եմ գյուղ՝ կվերադառնամ երեք օրից։ Քեզ այստեղից կտանեմ հեռու, հեռու, ինչպես դու ասեցիր։
-       Իսկ ինչու՞ ոչ հիմա,- կարծես Լիզան չհարցրեց, այլ աղերսեց։ Կիմը ոչինչ չպատասխանեց։ Լիզան թերահավատ նայեց նրան,- Դու չես գա։
-       Կգամ, այ կտեսնես՝ անպայման կգամ,- Լիզան լուռ նայեց նրան,- Այդպես մի նայիր, ես կգամ քո հետևից,- կրկնեց նա, դուրս նայեց լուսամուտից, Լիզան նույնպես դուր նայեց՝ ճանապարհին, դարպասի մոտ կանգնած էր Աբրհամը։
-       Նա ի՞նչ է անում այստեղ,- սրտնեղեց Լիզան։
-       Միասին ենք եկել։
-       Նա գիտի՞ ամեն ինչ,- Խուլ շշնջաց Լիզան, կարծես ափսոսալով․․․
-       Այո,- մեղավոր պատասխանեց Կիմը, դիմեց դեպի դուռը,- Պետք է գնամ․․․Անպայման կգամ։
-       Այո, գնա, բայց նա ինչու՞․․․,- ուսերը վեր քաշեց Լիզան, կարծես տեսածը հանգիստ չէր տալիս նրան։
-       Նա  ուզեց ընկերակցել ինձ, երբ նրան պատմեցի ճշմարտությունը։
Լիզան հարցական նայեց նրան, կարծես ուզեց պարզելու իմաստը նրա արարքի, բայց Կիմը հայացքը թեքեց և դուրս եկավ, կարծես փախչելով,- Էլի կգամ,- ի միջալյոց արտաբերեց նա։
-       Դու  չես գա,- կրկնեց Լիզան, հայացքով ուղեկցելով, մինչև  որ Կիմն անհետացավ փողոցի անկյունում։

Комментариев нет:

Отправить комментарий