суббота, 4 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Այնտեղ,- արձանացած, գլխով ցույց տվեց քարանձավի խորքը։
-       Դու ներսու՞մ էիր,- Լիզայի ուսերից բռնելով, հարցրեց նա,- Եվ դու լսու՞մ էիր մեր խոսակցությունը,- սկսեց նյարդային ջղաձգումներով թափահարել նրան։
-       Այո։ Դու խաբեցիր ինձ։
-       Դու սատանա ես, ի՞նչ ես անում այս կեսգի՛շերին քարանձավում, եթե լավ աղջիկ ես,- Կիմը գոռում էր, շարունակելով թափահարել Լիզային, իսկ նա չէր ընդդիմանում։
-       Ի՞նչ ես անում Կիմ, թող նրան,- տեսնելով, Աբրհամը ետ վազեց, Լիզային ազատելով նրա ձեռքերից։
-       Դու ինձ խաբեցիր,- ետ, ետ գնալով, անդադար շշնջում էր նա,- Վերադարձրու իմ նամակը, այն մայրիկիդ համար չէր։
-       Լիզա՛, հանգստացիր,- փորձեց սաստել Աբրհամը։
-       Ինչու՞,- անսպասելի սկսեց լաց լինել Լիզան, բռունցքներով հարվածելով Աբրհամին,- Ինչու՞ հանգստանամ, ինչու՞ նա ինձ հետ այսպես վարվեց, հիմա ես ու՞ր գնամ այսպես,- նա միալար լացում էր, ձեռքերը տարածած, ցույց տալով իրեն,- Նա ասեց միասին գանձ կփնտրենք, բայց ահա, տեսնում եմ թե ու՞մ հետ է նախընտրել։ Քո գանձը ինձ պետք չէ, պարզապես վերադարձրու իմ նամակը,- ավարտելով, նա մի պահ լռեց, ապա շշնջաց,- Վաղն այստեղ, այսինքն այնտեղ՝ մեր մահիճում կսպասեմ քեզ,- Լիզան ավարտեց խոսքը և առանց ետ նայելու քայլեց նեղ ու քարքարոտ արահետով դեպի տուն։ Կիմը մնաց կանգնած կես ճամփին, երկար նայելով նրա հետևից։
-       Լավ բան չստացվեց,- նկատեց Աբրհամը, երբ Լիզան կորավ մութ ոլորանում։
-       Գնում եմ տուն։ Վաղը կշանունակենք,- նյարդայնացած արտաբերեց Կիմը և  նույնպես կորավ ոլորանում, քիչ հետո նրան հետևեց Աբրհամը գլխահակ ու մոլորված։

Երեկվա կատարվածից Լիզայի սիրտը տակն ու վրա էր եղել։ Նա սպասում էր  թե  քնած թե արթուն։ Նրա առօրյան իմաստավորում էր  սպասումը, իսկ հաճախ զուր սպասումը։
Հաջորդ երեկոյան Լիզան նորից  գնաց քարանձավ։ Քանի դեռ երկնքի կապույտից մի փունջ լուսանցքից լուսավորում էր այդ մութ խոռոչը,  սկսեց հարդարել ցիր եկած ծղոտե անկողինը, այնուհետև պարկեց, հայցքը հառեց երևացող երկնքին։ Շուտով երևաց մենավոր աստղը։ Լիզան առանց շտապելու վեր կացավ դանդաղ քայլելով դուրս եկավ քարանձավից։ Մթնել էր։ Մոտիկից լսվում էր մշտական ջրի շառաչը, իսկ մեղմ հովից օրորվող ծառերը շշնջում էին, ստվերանում և նորից հեռանում։  Լիզային համակեց անծանոթ մի զգացում։ Նա վախենում էր։ Նայեց վեր՝ գյուղից ընդամենը մի տուն էր երևում, իսկ մինչև այնտեղ հասնելը, նա պետք է անցներ կիրճով բարձրացող մշտապես ցեխոտ ու քարքարոտ նեղ ճամփով։ Սկսեց վազել։ Նրա շունչը  կտրվում էր, նա հաճախ ետ էր նայում դեպի հին ջրաղացը, որտեղից մի ժամանակ դուրս է գալիս զառամյալ ծերունին և հետևում իրեն, մինչև տուն մտնելը։ Ծերունին չկար։ Երկնքում երևաց լիալուսինը, Լիզային թվաց նա հետևում  է իրեն։ Շտապելուց մի քանի անգամ վայր ընկավ՝ ցեխոտ ու վախեցած ներս ընկավ բակի փոքրիկ տնակում, որտեղ  օրերով մնում էր փակված իր մտորումների հետ։
Լիզան փորձում էր զսպել լացը, ամուր սեղմելով շրթունքները, բայց կատարվածի ակոսը խորանում էր նրա հոգում և փղձկաց, մեջքով հենվելով դռանը, սկսեց լաց լինել․
-       Ի՞նչ արեցի․․․,- նա երկար ժամանակ մնաց այդպես կանգնած, վախենալով մեկի հայտնվելուց։ Լիզային թվում էր շուրջ բոլորը անտեսանելի փոսեր են և եթե շարժվի կգլորվի այդ փոսերից մեկը։ Հայացքը լուսամուտից թեքեց վեր, ինչպես միշտ ընտանիքն արդեն քնած էր։  Երկար ժամեր մնաց այնտեղ կանգնած։ Նա խռովել էր աշխարհից և նրա համար այդ աշխարհը խորհրդանշում էր Կիմը։


Комментариев нет:

Отправить комментарий