суббота, 21 ноября 2020 г.

Հանրակացարանում բոլորս միահամուռ վատ էինք ապրում։ Բաքվեցիները խոսում էին ռուսերեն, թարմ տեսք ունեին և նվաստներիս նայում էին որպես մեղավորի։ Նրանք ոչ ոքի հետ հարևանություն չէին անում, միաժամանակ գործերը պատրաստում էին Մոսկվայի միջնորդությամբ, արտերկիր տեղափոխվելու համար։ Շատ կենվորների համար անհաս երազ էր այդ շենքից դուրս գալը, ուր մնաց արտերկրի մասին երազելը։

Շուտով նրանց գործերը ստացվեց և նրանք սկսեցին վաճառել անձնական իրերն ու հագուստները։ Ինձ բաժին հասավ մի քանի մանկական շրջազգեստ, բայց շուտով այն դուրս մնաց մեր կյանքից, այդպես էլ չիմացա ի՞նչ եղան այդ շորերը։

Ժամանակը հոսեց, իր հետ Ամերիկա տանելով բաքվեցիներին, իսկ մի քանի ընտանիքներ վերադարձան իրենց հայրենի գյուղերը։ Շուտեվ հանրակացարանում մնացին ամենանաճարները, որոնց թվում հայտնվեցի նաև ես։ Գոյատևելու հնարք գտնելը դարձավ գլուխկոտրուկ և յուրաքանչյուրը փորձում էր յուրովի գտնել այդ խնդիրը։

Դիմացի հարևանուհիս Ադելն էր, ընտանիքով եկել էր Գորիսից, բայց մնացել էր երեխայի հետ, քանի որ ամուսինն էլ շատ ամիսներ առաջ, շատերի պես մեկնել էր արտագնա աշխատանքի, անհետ կորել։ Ադելը գուցե հոգու խորքում տխրու՞մ էր, բայց երեբեք ցույց չէր տալիս։ Նա կենսուրախ էր, բայց աչքերը այլ բան էին ասում՝ թախիծը դրոշմվել էր կանաչ աչքերի մեջ և հաճախ քայլում էր արագ ու գլխահակ, կարծես թաքցնելու անզորությունը։

Ադելի որդին երեք տարեկան էր, իմ աղջիկը հինգ։ Ապրում էինք վաղվա օրով, ամեն աստծո օր սոված՝ լավագույն դեպքում կիսասոված անկողին մտնելով։

Հոսանքը, վառելիքը, ուտելիքը, կարծես ֆիդայինները իրենց հետ տարել էին պատերազմ, բայց երբեք չէինք նեղվում կամ բարձրաձայնում՝ յուրաքանչյուրը լուռ սպասում էր կռվի ավարտին, երբ կռվող տղաները պիտի ետ բերեին իրենց հետ տարածները, բայց ,ավա՜ղ, ոչ նրանցից շատերը ետ եկան, ոչ էլ տարածը ետ բերեցին և մենք մնացինք հավերժություն թվացող մթի, ցրտի, սովի ճիրաններում․․․

                                                                                                          շարունակելի

Комментариев нет:

Отправить комментарий