понедельник, 23 ноября 2020 г.

 Արփենը վառարանի վրա կարտոֆիլ տապակեց, լուռ ընթրեցինք, բարձրացանք երկրորդ հարկ քնելու։ Ողջ երկրորդ հարկի լուսամուտները, մեծ պատշգամբի հետ առանց ապակի էին։ Տեղ, տեղ փեխկերը փակված էին արդեն պատառոտված պոլիէթիլենով, քամին աղմուկով խշխշացնում էր, սուլելով սենյակներով։ Ես ու Ադելը տեղավորվեցինք մի անկողնում, որքան էլ անհարմար լիներ, հաղթեց հոգնածությունը և պատած անհյուրընկալ սև խավարի մեջ խորը քուն մտանք։

Շատ էինք քնել թե քիչ, Ադելի ձենից վեր թռա, գլորվեցի հատակին՝ ես ավելի ուժգին ճչացի, երբ դիպչեցի հատակին պարկած տղամարդուն։ Նա մեր ձայնից երկու քայլ արեց և դուրս ցատկեց պատուհանից, վեր կացա, շտապեցի դուրս նայել լուսամուտից՝ սև կերպարանքը, զենքը ուսով գցած անհետացավ տան անկյունում։ Արփենն ու Ադելը կանգնած էին իմ կողքին և նայում էին դուրս։

- Արփեն, ու՞մ ես ասել, որ մենք այստեղ ենք,- վրդոհված սկսեց Ադելը։

- Խի՞ հինչա իլալ վեր, խի՞ եք սասներդ քիցել կլոխներդ,- պատասխանեց Արփենը, վերադարձավ անկողին։

- Ո՞վ էր տղամարդը, նա բռնեց իմ ձեռքը, քիչ էր մնում սրտաճաք լինեի, դու ասում ես ինչա՞ իլալ, հետաքրքիր կին ես,- Ադելը սկսեց լաց լինել։

- Քնե՛ք, էքուց կիմացվի հով էր,- անտարբեր պատասխանեց Արփենը և շուտով լսվեց նրա անուշ խռմփոցը։ Ես և Ադելը բաց աչքով լույս հանեցինք։

Առավոտը սառն էր ու թաց։ Ողջ գիշեր ամպերը մնացել էին կախված, միայն լուսաբացին տեղ տեղ սկսել էին ծիկրակել խռոված աստղերը։ Մեզ համար սարսափելի օր էր սկսվում՝ ցրտից դողում էինք։ Արփենը մոտեցավ ավտոմատը ուսից կախ գցած մի տղամարդու, ինչ որ բան ասաց և շտապեց հրաժեշտ տալ մեզ։ Ես հայացքս չէի կարողանում կտրել զենքով տղամարդուց, սակայն, երբ շատ մարդիկ հավաքվեցին, եկավ տրակտորը, փոքր ի շատե խաղաղվեցի։

Ես ու Ադելն էինք կին, մնացածը տղամարդիկ էին և երկու երեխա։ Երեխաների ներկայությունը ինձ հանգստացնում էր։ Շուտով բոլորը տեղավորվեցին թափում, վերջում ես և Ադելը նստեցինք։

- Դե ի՞նչ, տեդներդ լավ է՞,- մեզ դիմեց ավտոմատավոր տղամարդը, ապա հետաքրքիր նայեց ինձ, ես վախեցա։ Նա ինձ հիշեցնում էր գիշերվա լուսամուտով փախած կերպարանքին, բայց հրաժարվում էի հավատալ։ Ակամա կուչ եկա։

- Գիտե՞ս նա ո՞վ է,- ականջիս փսփսաց Ադելը։

- Ո՞վ է,- латок-ի հետ վեր փռա ես և հազիվ մնացի թափքի մեջ, ամուր բռնվելով։

- Աղվեսն է, նա ոչ մի բանից չի վախենում։

- Պարզ է,- ավելի կուչ եկա, ամուր կառչելով թափքից, որպեսզի դուրս չթռչեմ զառիվար ու խոշոր քարերով պատված ճամփին։

Շուտով եղանակը փոխվեց, տաքացավ։ Տաքացանք նաև մենք։ Քարքարոտ ճամփան հատելուց հետո, հայտնվեցինք Կուիբաթլուի հարթավայրում։ Տրակտորը կանգ առավ հսկա ծառի տակ։ Բոլորը թափվեցին ցած։ Ադելի հետ մի պահ մնացինք շվարած, ապա հետևեցինք փարթամ այգիների միջի նեղ արահետով քայլող տղամարդկանց շարքին։


Комментариев нет:

Отправить комментарий