четверг, 27 августа 2020 г.

 Մարդն ընդդեմ մարդկության  (մաս - 59)

Կորին թռչունին բաց թողեց, պոչատ սիրամարգը կռնչալով դուրս թռավ պատշգամբից։ Նաթիի ձեռքից վայր ընկավ զենքը։ Անհետացավ ոսկեզոծ սրահը, նրանք հայտնվեցին բաց երկնքի տակ՝ հրապարակում։ Ադամանդը ձեռքը տարավ ճակատին․ թանկագին քարը սառը թվաց։ Նա իջեցրեց չալման, նայեց․ այն վեր էր ածվել հասարակ գլխարկի, իսկ թանկագին քարը նրա ձեռքի մեջ դարձավ խոշոր ջրի կաթիլ և գլորվելով ընկավ հրապարակի եղյամի վրա։ Եղյամը թխկաց, թվաց՝ սառույցը կոտրվեց։ Ձայնը կրկնվեց ողջ մեգապոլիսով՝ վերածվելով աղմուկի։ Կարծես քաղաքը շարժվեց։ Եղյամից սկսեցին անջատվել կաթիլներ, որոնք անհետանում էին՝ առանց գետին հասնելու։ Երևացին ռոբոտ-զինվորները։ Նրանք անտարբեր մնացին, երբ անցնում էին մարդկանց կողքով։

-         Չարը կոտրվեց,- ուրախացած արտասանեց Կորին։

-         Մենք ընդամենը հիմք դրեցինք բարու հաղթանակին, իսկ ամեն ինչ դեռ առջևում է,- պատասխանեց Մարկոսը, երբ Կորին բացում էր նրա կապանքները,- Նրանք մնացին որպես արյան համ առած, և մարդը միշտ նրանցից կզգուշանա,- եղրակացրեց Մարկոսը։ Նրանք ուղղվեցին միայնակ տան կողմը։

-         Գրողը տանի´, ի՜մ ադամանդը,- բղավեց Ադամանդը, երբ վերջնականապես այն ջուր դարձավ։

Հայտնվեց Սատանան։

-         Ինչու՞ այսքան վաղ հիշեցիր ինձ, արդեն կատարե՞լ ես մեր պայմանը,- խոսեց նա։

-         Ո´չ, ես ոչինչ էլ չկարողացա անել, քանի որ իմ խորհրդավոր քարը ջուր դարձավ,- վրդոհված արտաբերեց Ադամանդը։

-         Այդ դեպքում, որպեսզի մնացած կյանքդ չսողաս որպես օձ, քեզ նոր հնարավորություն եմ տալիս։ Դու կդառնաս լուսնի զավակը, կկատարես քո խոստումը՝ այսինքն՝ մեր պայմանը։

-         Ինչպե՞ս,- զարմացավ նա, բայց սատանան անհետացավ՝ թողնելով նրան առանց պատասխանի․․․

Ադամանդը գլխարկը դրեց, անկախ իր կամքից՝ սկսեց պտտվել հոլի պես, իջավ, հավասարվեց գետնին, կանգ առավ, վերածված կուբիկի, սլացավ դեպի լուսինը, որը կարծես սպասում էր՝ կիսով հենված սարի ուսին։ Ռոբոտ-զինվորները հայացքով երկար նայեցին նրա հետևից, ապա շարքով վեր սլացան՝ հետևելով Ադամանդին։ Հեռվից կարծես սև շարքը տարալուծվեց գիշերային լուսատուի մեջ։ Վերջում երկու հոգի միացան շարքին, անհետանալով նրանց հետ․․․

Միայնակ տան բնակիչները ուրախացած հետևուն էին անհետացող եղյամին, միաժամանակ անհամբեր սպասում տան տիրոջը։ Երբ կանաչ ծառուղում երևացին Կորին և Մարկոսը, բոլորը ընդառաջ գնացին նրանց։

-         Մենք հաղթեցի՜նք Ադամանդին, բայց նա մնաց ազատության մեջ,- սկսեց Մարկոսը։

-         Նման ազատությունը հավասար է բանտի,- առաջ եկավ կուչ եկած ու ճերմակած գիտնականը։

-         Գիտնակա´ն, որքա՜ն եք փոխվել,- Կորին զարմացավ,  տեսնելով նրան։

-         Այո´, Զմրուխտե աչք, ժամանակը խժռում է մարդուն՝ սկսելով արտաքինից,- ափսոսանքով պատասխանեց Աբգարը։

-         Կորի´,- առաջ եկավ Վերին, գրկեց եղբորը։

-         Վերջապե՛ս կարողացա գրկել քեզ երկար բաժանումից հետո,- ուրախացավ նա,- Երբ առաջին անգամ հանդիպեցինք, մենք պատանիներ էինք, իսկ հիմա՝ հասուն մարդիկ,- նկատեց Կորին՝ ավելացրեց,- Իսկապես ժամանակը կանգառ չունի․․․

-         Այսուհետ,- խոսեց Մարկոսը,- Մենք պետք է կարողանանք պահպանել  հորիզոնի լույսը, որպեսզի միշտ գոյություն ունեցող չարը չկարողանա իշխել մեր քաղաքին։

-         Մենք ի՞նչ ենք անելու, վերադառնա՞նք մեր տները,- հարցրեց Մալեն առաջ գալով։

-         Բանակը միշտ էլ անհրաժեշտ է սրահի լույսն անմար պահելու համար, բայց, եթե ուզում եք վերադառնալ, չեմ արգելում, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ,- պատասխանեց Մարկոսը։

Զինվորները շարք կանգնեցին։

-         Շարունակում ենք ծառայել բարի գործին,- միաբերան հնչեց նրանց շուրթերից։

Մարկոսը ժպտաց։ Կորին աննկատ անհետացավ շարքերի մեջ։ Հանկարծ բոլորը վեր նայեցին, երբ նա, Վիվիին գրկած, սլանում էր մեգապոլիսի  երկնակամարով․․․

 

 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий