вторник, 1 декабря 2020 г.

                                                                 ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ


Հավերժությունը մնում է անվերջության մեջ։ Այն ամփոփվում է կրկնության մեջ։ 

Ամռանը՝ երգը, արևը, ջուրը, օրն ու գիշերը տաք են ու գունեղ՝ 

թվում է, էլ չեն խամրի ու էլ չեն անցնի, սակայն ակնթարթ, որն էլ բերում է հաջորդի հերթը։ 

Նորից հավերժից մի փոքրիկ կտոր դեղնում է ու ոսկի շաղ տալիս, դառնում  քամու հետ պարում ու պարում, առուն սառչում, մեջքն ուռցրած հոսում է, հոսում վարար անձրևից․․․

Հավերժ է երկինքը, թռչունների չուն, իսկ հավքն անցողիկ,

ապառաժը ճաք տված, որ հետո կհարատևի խիճի վերածված,

հանդերն ու սարերն են հավերժ, իսկ թղթին նկարած սահմանն անցողիկ,

անկյունն է հավերժ՝ այնտեղ կուչ եկած էակն անցողիկ,

ջրերն են հավերժ, որքան էլ  ցամքեն՝ անձրև են դառնում ու հոսում առվով,

կռունկն է հավերժ և արագիլը մի ոտքի վրա, բույնը նրա տան կտուրին, իսկ տունն անցողիկ,

ծիածանն է հավերժ, որքան էլ պահ մտնի սև ամպե դեզի մեջ․․․

Տեսնես ո՞րն է սկիզբը հավերժի՝ տարվա ո՞ր եղանակն է՝ աշու՞նը թե ձմեռը,

իսկ գուցե ձյու՞նը հավերժի գույնով՝ ճերմակ է ու պաղ․․․

Հավերժությունը անվերջության մեջ․․․ 

Комментариев нет:

Отправить комментарий