воскресенье, 29 ноября 2020 г.

 Մեզ թվում էր թե մի պահ մենք հաղթել ենք ամենքին՝ չարին, վատին աշխարհքի՝ նախանձին լիրբ հարևանի․․․Ավա՜ղ, լոկ թվում էր և պարտվեցինք ամենքին՝ ոսկե եկող աշնանը, նոր ու սիրուն սերնդին, պարտվեցինք մենք մեր հայրենիքին ու մեր պաշտելի տգիտությանը․․․ Պարտվեցինք մեր դանդալոշ մտքերով, սուտ ու սին խոսքերով, անտակտ մեր պահվածքով, ամենքին ու թշնամուն միշտ թերագնհատելով ու ծաղրելով։ Սակայն մեծ ծաղրը մերն էր, քանզի սուտ էր միտքը մեր հաղթանակի և որքա՜ն սուտ խոսքերը, թե մեկի թե մյուսի։

Խաբում էին չորսբոլորը, կերակրում ստով մեզ՝ ամենքիս, իսկ այնտեղ, այն սարերի ու ձորերի հետևում  ողջ մնալու պայքար էր գնում, այլ ոչ հաղթելու՝ ողջ մնալու՜․․․ Հանցագործ աշխարհի ու մարդկության աչքի առջև․․․ Դեռ կյանք չտեսած ու անփորձ տղաները՝ հազարավոր տղաները հաճախ ընկնում էին, երբ փորձում էին պաշտպանվել գերժամանակակից թշնամու սպանող սարքերից, իսկ տղաները ապրել էին ուզում և գերհզոր սարքերին նրանք ստիպված էին լինում կրակել ավտոմատներից․․․ձեռքի զենքերի՜ց, որը նախատեսված չէ դեպի երկինք կրակելու․․․

Ողորմելի աշխա՜րհ, քո նիստ ու կացով, ողորմելի և ստախոս, անառակ ու տգետ կառավարող՝ դու ու՞ր, պատերազմն ու՞ր․․․ և դեռ դասալիք։ Դու, որ մարդկանք համար դարձար քայլող սև ճակատագիր, կործանեցիր բազում ընտանիքնե՜ր, ընտանիքնե՜ր և էլի ընտանիքնե՜ր, խնայելով քոնը, պահպանելով քոնը՝ պատսպառելով օտար ափերում։ 

Կյանքը մեկն է և մեկ անգամ է տրվում մարդուն և այդ վերուստ տրված մեկ անգամյա կյանքը պետք է այնպես ապրել, որ հետո կարողանաս շարունակել ապրել, այլապես շատերը կփնտրեն քեզ վրեժխնդիր լինելու, քանի որ շատերը արթնացած ավերակներում այլևս ոչինչ չունեն կորցնելու․․․

Պատերազմը փոխում է ճակատագրի ընթացքը․․․




Комментариев нет:

Отправить комментарий