вторник, 24 ноября 2020 г.

 Փարթամ այգիների և բոստանների մեջ դես ու դեն ընկած երևում էին սատկած հավեր, ավանակ, կով, հորթ, սագ, բադ՝ այդ ամենին զուգահեռ  ջարդված կահույք, սպասք, հագուստ։ Առաջին պատահած տան բակում դուրս էր թափված կահույքը և անկողնային պարագաները, այն մի տեսակ դեզ էր արված։ Ադելի հետ մոտեցանք և այ քեզ զարհուրանք՝ այդ ամենով ծածկված էր մարդկային մարմինները՝ մերկ ու խոշտանգված։ Ակամա ետ քաշվեցի, մի տեսակ դող ընկավ մարմինս։

- Վախեցա՞ր,- անտարբեր հարց տվեց Ադելը, ապա շարունակեց,- Սա կոչվում է պատերազմ, այն արդարացվում է վերևից, իսկ մենք լավագույն դեպքում դիտորդներ ենք,- Խոսքն ավարտեց, նայեց շուրջը, ներս մտավ, հետևեցի նրան, ավելի շատ տեսարանից փախչելու համար։ Ներսում ամեն ինչ տակն ու վրա էր արված՝ անթիվ անհամար պահածոներ էր շարված խոհանոցում և այդ ավերակի մեջ ոչ մի պահածո ջարդված չէր,- Ես կվերցնեմ այս երկու ծածկոցը և մի քանի սրբիչ,- հավաքելով, համարյա նոր իրերը, քթի տակ մրմնջաց Ադելը,- Իսկ դու՞,- երբ այդ ամենը տեղավորեց պարկի մեջ, նա դիմեց ինձ։ Ես դեռ դողում էի առաջին տեսարանից և իսկապես սպասում էի, թե Ադելը ե՞րբ պիտի դուրս գա այդ անիծված տնից, որպեսզի կարողանայի փախչել դժոխք հիշեցնող տեսարանից։

Տղամարդկանց այլևս չտեսանք, երբ ետ եկանք ավարը տեղավորելու տրակտորի թափքում։ Մնացել էինք երկուսով, չգիտեինք ու՞ր կարելի է գնալ, կամ ինչպես հավաքել մեր երազած բանջարն ու միրգը, ուստի քայլեցինք ուր աչքներս կկտրեր։ Տեղանքը ավազոտ էր։ Հեռվից լսվում էր ջրի խշշոցը, իսկ շոգը ստիպում էր մեզ ամենուր ջուր փնտրել և մենք քայլեցինք դեպի լսվող ջրի խշշոցի կողմը։ Երևաց գետը։ Մյուս ափին այրվում էր մեծ, երկհարկանի տունը, նրա շուրջը վխտում էին դեմքերը մազակալած, կիսամերկ, ավտոմատավոր ամեն տարիքի կամավորներ և զինվորներ։ գետը լայն էր ու խաղաղ։ Ծարավն ու շոգը մեզ ստիպում էր նետվել ջուրը, սակայն հրդեհից տարածվող սև, խեղդող ծուխն ու նեխած կենդանիների գարշահոտությունը ետ էր պահում մեզ, առավել ևս, եթե այդ լեշերով հագեցված ջրի մեջ արդեն լողանում էին կամավորները։

Ետ դարձանք և այլևս չգիտեինք թե ու՞ր ենք գնում։ Հասանք բարձր սարին, որը պատված էր գորշ ավազով ու աղքատիկ բուսականությամբ՝ հիմնականում ծակող քարաքոսներով։ բարձրացանք սարն իվեր։ Սարի բարձր լանջին թիկն էր տվել մի շենք։ Մոտեցանք։ Լուսամուտների ապակիները թափված էին, իսկ  ճակատին կիսակախված դեռ ճոճվում էր  «школа« ցուցանակը։ Կուբաթլուի դպրոցն էր։ Անդուռ դռնից մեր դեմ դուրս եկավ 25-ի մոտ մի երիտասարդ, մեզ տեսնելով լայն ժպտաց, ապա զարմանքը չթաքցնելով հարցրեց․

- Ովքե՞ր եք, ի՞նչ եք անում այս ամայի վայրերում,- մենք համրացանք, ուզեցինք ետ գնալ, բայց նա մեր ճամփան կտրեց,- Սպասե՛ք, դուք չպատասխանեցիք իմ հարցին։

- Մի բաժակ ջուր կտա՞ք,- խնդրեց Ադելը, պատասխանի փոխարեն,- Մենք ներքևից բարձրացանք, սակայն չգիտեինք այստեղ էլ են զինվորները, շարունակեց նա։

- Այստեղ և ամենուր այսուհետ մերոնք են, գրավել ենք, թուրքին շան տուր տալով։ Երևի տեսաք ավերակներն ու այրվող տները,- ոգևորվեց զինվորը, ապա շարունակեց,- Եկեք ներս, ես  ձեզ ջուր կտամ,- և ես ու Ադելը ոգևորված մտանք նախկին դպրոցը․․․

                                                                                                                (շարունակելի)




Комментариев нет:

Отправить комментарий