суббота, 11 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 56)


Ծանր դռերը իրար եկան, աղմկելով փակվեցին։ Իշխող խավարն իր մեջ առավ Ադամանդին։ Նա ահաբեկված սկսեց հարվածել երկաթյա դռներին։
-         Բա´ց արե՛ք, Նաթի´, Բե´ն,- ոչ ոք չպատասխանեց։
Հանկարծ նա ետ քաշվեց դռներից, խաղաղվեց, սկսեց տնտղել խավարը, կարծես ինչ որ բան էր փնտրում, երկու մատներով համբույր դրոշմեց ճակատի ադամանդին, մրմնջաց․
-         Լուսավորի´ր իմ շուրջը, դու փայլում ես ցերեկը, փայլի´ր նաև երբ մութ է։
Թանկարժեք քարը սկսեց աղոտ լուսավորել, բայց հանկարծ նորից տիրեց անթափանց խավարը։
-         Որտե՞ղ ես  Ձյունահեր, ու՞ր ես կորել,- հուսահատված ձայն տվեց նա։
-         Այո´, Ադամա´նդ,- հայտնվեց սիրամարգը, սպիտակ լույսը տարածվեց  զնդանում,  Ադամանդը ուշադիր նայեց  թռչունին։
-         Դու նույնպե՞ս, ինչպե՞ս ես տանուլ տվել քո գեղեցիկ փետուրները, մի՞թե վերջն է,- տեսելով սիրամարգի խանձված փետուրերը՝ կատաղությունից բղավեց նա,- Ես պետք է դուրս գամ այստեղից, ես պարտավոր եմ ոչնչացնել այդ փսլնքոտին։
-         Դու դուրս կգաս այստեղից՝ կանխելու վերահաս պարտությունը- ասաց թռչունը, անհետացավ, նորից տիրեց խավարը։
-         Ինչպե՞ս, գրողը տանի քեզ,- մենակ մնալով՝ նա գազազեց, սկսեց ոտքերը գետնին խփել։
-         Այո´, Ադամա´նդ,- այս անգամ հայտնվեց Սատանան,- Ինչու՞ հիշեցիր ինձ,- նա կանգնեց Ադամանդի դիմաց։
-         Վերջապես ինձ դուրս կհանեք՞ այստեղից,-  հարց տվեց նա, զսպելով ցասումը։
-         Գուցե,- ոչ այնքան հանգիստ, որքան անտարբեր պատասխանեց սատանան։
-         Նախ լուսավորի´ր այստեղ, որպեսզի կարողանամ տեսնել քեզ;
-         Լույսը իմը չէ, սակայն ցանկության դեպքում խավարը չի խանգարի քեզ, որպեսզի դու ինձ տեսնես։
-         Այո´, ես իսկապես քեզ տեսնում եմ առանց լույսի։ Գիտեմ՝ քեզ համար անհնարին ոչինչ չկա, դու´րս հանիր ինձ այստեղից։
-         Մի՞թե միայն քո կախյալ վիճակն է քեզ ստիպում հիշել ինձ։
-         Այդպես չէ, միշտ էլ հիշում եմ քեզ, ազատի´ր ինձ զնդանից, և ես քեզ վարձահատույց կլինեմ։ Չեմ ուզում մնացած կյանքս անց կացնել զնդանում, ես խավարասեր չեմ։ Անգամ իմ յուրայինները ինձ դավաճանեցին։
-         Ադամա´նդ,- շարունակեց Սատանան,- կյանքը բումերանգ է; Մի՞թե մինչև հիմա այս խավարում կենդանիներ էին փակված։
-         Նրանք արժանի են դրան։ Դու´րս հանիր ինձ, վարձահատույց կլինեմ, երդվում եմ։
-         Այլևս չեմ ծառայում քեզ, քանզի ակնհայտ է քո երախտամոռությունը, կօգնեմ փոխադարձ համաձայնության դեպքում։
-         Խոսի´ր, ցանկացած պայմանում դաշնակից եմ։
-         Կանխի´ր եղյամի ճաքը։
-         Մի՞թե եղյամը ճաք ունի, այն նման է հաստ ձյան շերտի։ Մեր հաղթանակը դեռ երկար ժամանակ ապահովված է,- ինքնավստահ պատասխանեց Ադամանդը։
-         Մի´ մոռացիր, վերադարձել է Կանաչ աչքը։ Անխուսափելի է եղյամի ճաքը։
-         Դա մանրունք է,- ձեռքը թափահարելով պատասխանեց Ադամանդը։-Կանաչ աչքը միշտ էլ կա․․․
-         Մանր թերություններից է ծնվում խոշոր պարտությունը, ահա´ հավաստիացումը,- ձեռքերը տարածեց Սատանան։
-         Իմ հզորության առջև դա իսկապես մանրունք է,- պնդեց Ադամանդը։
-         Հաճախ մեծախոսությունն անզորության նշան է, չե՞ս կարծում։ Մի´ մեծախոսիր, երբ դեռ այստեղ ես։ Վախեցի´ր գաղափարիդ հետևանքից։
-         Ես քո օգնությամբ դուրս կգամ այս զնդանից, և կհամոզվես, թե  ինչպես է իմ խոսքը գործ դառնում։ Դու կօգնես ինձ, այնպես չէ՞,-ավելի մեղմացած հարց տվեց նա,- Չէ՞որ միշտ քո հպատակն եմ եղել։
-         Հպատա՛կ, որում միշտ փայլել է սեփական շահը։ Թվաց՝ հաղթանակդ վերջնական է, փորձեցիր երես թեքել ինձանից, բայց փոխվելով գլխաշորիդ գույնը, փոխվեց իրավիճակը,- նկատեց Սատանան։
Նրա խոսքերից Ադամանդն ակամա ձեռքը տարավ դեպի գլուխը, մրմնջաց ատելությամբ։
-         Ես կոչնչացնեմ այդ սևամորթին։
-         Իսկ կարո՞ղ ես։ Այդ կանաչ աչքերովը միայն ժամանկի առջև է անզոր, որին չի տիրապետում և ոչ ոք։ Այն աննկատ անցնում է բոլորի միջով, լավագույն դեպքում, նրանցից թողնելով անանուն մի տապանաքար։ Մի՞թե դու բացառություն ես․․․
-         Դու անտանելի ես դառնում, դու´րս հանիր ինձ այստեղից,- ակամա հոխորտաց նա։
-         Խոսքս քամուն չեմ տալիս՝ քեզ չնմանվելու։ Այս պահին դուրս կգաս այստեղից։
-         Մի՞թե ես այդպիսին եմ,- վրդոհվեց Ադամանդը։
Սատանան պտտվեց նրա շուրջը։
-         Այսուհետ դժվար կլինի, որքան էլ տքնես․․․
-         Ո´չ, թույլ չե´մ տա կասկածելու իմ ամենակարողության մեջ։ Այդ Բենն ու Նաթին չպետք է վայելեն իմը․․․
-         Գուցե նրանք չվայելեն, կվայելե՞ս արդյոք դու,- նորից շողոքորթ պտտվեց Ադամանդի շուրջը։
-         Դու´րս հանիր ինձ այստեղից,- նորից հունից դուրս եկավ նա։
-         Դու չես կարող այստեղից դուրս գալ ինչպես մյուսները, ինչպես ես։
-         Իսկ ինչպե՞ս, մի՞թե քեզ համար կա անհնարինը․․․
-         Այն ինչ անհնար է, գոյություն չունի ինձ համար։ Այստեղից դուրս գալու համար դու պետք է մտնես որևէ կենդանու կերպի մեջ,- նորից նա մի պտույտ արեց Ադամանդի շուրջը,- Ո՞ր կենդանուն ես նախընտրում։
Մինչ Ադամանդը կհասցներ կողմնորոշվել, սատանան պատասխանեց սեփական հարցին․
-         Նաև ավելացնեմ՝ քո կերպարին և իրավիճակին հարմար է օձը․․․
Ադամանդը խավարի մեջ խեթ նայեց նրան։
-         Մի՞թե․․․
-         Դե ինչ, օգտվու՞մ ես քո միակ հնարավորությունից։
-         Միա՞կ,- սկզբում զարմացավ նա, ապա շարունակեց,- թո´ղ այդպես լինի, լավ է օձ, քան զնդան․․․
Նա մոտեցավ ձեռը հպեց շողացող ադամանդին
-         Պտտվի´ր, ինչպես հոլն է պտտվում։
Ադամանդը սկսեց պտտվել, արագություն վերցնելով՝ բարակեց, այնուհետև իջավ, մի պահ անհետացավ, գետնին հայտնվեց սև օձը։ Նրա գլխին շողում էր սպիտակ ադամանդը։ Նա կանգնեց պոչի վրա, նայեց Սատանային։
-         Դու´րս սողա,- հրամայեց նա՝ ձեռքով ցույց տալով դուռը։
Օձը սողաց, աննկատ դուրս եկավ։ Նորից նա կանգնեց պոչի վրա։ Սատանան հայտնվեց նրա դիաց, քայլեց նրա առջևից, մինչև վերջացան վեր տանող աստիճանները։
-         Ահա´, ելքը, քեզ եմ վերադարձնում քո մարդկային տեսքը և ժամանակ եմ տալիս, ես կվերադառնամ,- ասաց նա, նորից ձեռքը դրեց օձի վրա, նա նույն կերպ սկսեց պտտվել՝ վեր բարձրանալով, հայտնվեց Ադամանդը։
-         Սարսափելի է օձի մաշկի մեջ լինելը,- մրմնջաց նա՝ երկու ձեռքով շոշափելով գլուխը, նայեց վեր տանող աստիճաններին,- Որքան դժվար կլիներ, սողալ դեպի վեր,- ավելի բարձր ձայնով շարունակեց նա, սկսեց բարձրանալ․․․

Комментариев нет:

Отправить комментарий