пятница, 20 ноября 2020 г.


Անցյալն էլ մի բան չէր


 Վատ տարիներ էին։ Ոչ հաց կար ուտելու, ոչ վառելիք կար տաքանալու։

Եթե մի ժամանակ ժամանակավոր կացարանների համար մարդիկ հերթ էին կանգնում, որտեղից էլ բնակարան ստանալով հեռանում, ապա այդ տարիներին նման կացարանները մատնվել էին անտերության և ոչ ոք այլևս չէր հիշում այնտեղ օր մեռցնողների մասին և ոչ ոքի նրանք պետք չէին, բացի հետագայում ընտրություններին, որպես գլխաքանակ ձայնի տեսքով։ Ոչ ոք չէր վիրավորվում, ոչ ոք այլևս ոչինչ չէր պահանջում։ Աստիճանաբար նրանք վեր էին ածվում իսկապես գլխաքանակի և մշտապես սնվում էին ընտրությունից ընտրություն նոր ու գեղեցիկ խոստումներով, համեմված լուսավոր ապագայի շղարշով։ 

Իմ ապրած ժամանակավոր կացարանը ժամանակին ծառայել էր որպես բանտ։ Տարիներ հետո այդ անշուք շենքը ցեմենտբետոնով մի քանի մետր ավելացրել էին, որպես լվացարաններ և զուգարաններ նոր կենվորների համար՝ նրանք եկել էին տարբեր շրջաններից և գյուղերից՝ հիմնականում նորաստեղծ կարիքավոր ընտանիքներ էին՝ (հանրակացարանին կից շինտրեստում կատարում էին բանվորական աշխատանքներ, միաժամանակ մեկը մյուսից թաքուն, ինչպես ընդունված էր այն ժամանակ ասել՝ գործ էին տալիս կառավարչին, փոխարենը ստանալով կամ պահակի աշխատանք կամ մի քանի ավել կոպեկ)։ Երբ փլուզվեց սովետը, համարյա բոլոր ընտանիքները սովի մատնվեցին և սկսեցին այլ ելք փնտրել, սակայն միայն մի քանի հոգու հաջողվեց մեկնել արտագնա աշխատանքների, իսկ շատերին գյուղից ծնողները, երբ հարմար մեքենա կամ որևէ տրանսպորտ էր պատահում, մթերք էին ուղարկում, որպեսզի իրենց երեխաները գոյատևեն։ Ընտանիքների կանայք սկսեցին հաց թխել ու վաճառել, ոմանք ոչինչ չարեցին, պարզապես դատապարտվեցին կիսասովածությանը և այն շուտով դարձավ քրոնիկական։ Շատ երեխաներ գլխապտույտի պատճառով օրերով դասի չէին գնում, մյուսները կոշիկ չունենալու․․․ Այս ամենին շուտով ընտելացանք, այն դարձավ մեր կյանքը՝ իսկապես մարդը վատին արագ է ընտելանում և բոլորս ընտելացանք։ Ընտելացանք անշուք ու մութ օրերին, ընտելացանք անտառից ձների միջով ծանր վառելափայտ քարշ տալուն։ Այս ամենում ամենասարսափելին եղավ ոչինչ չանել ու սպասել օգնության՝ այն տրվում էր ամիսը մեկ անգամ՝ բուսական յուղ, շաքարավազ, ալյուր, լոբի, իսկ շատ երբեմն էլ մի կտոր հագուստ յուրաքանչյուր երեխային։

Չնայած Բաքվից չէի, բայց Բաքվից մազապուրծ փախած մի քանի ընտանիքների հետ ես էլ հայտնվեցի նախկին բանվորական հանրակացարանում, որտեղ ապաստան գտան նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մի քանի ընտանիքներ։ Այդ անշուք շենքում  բոլորս հայեր էինք, բայց տարբեր նիստ ու կացով՝ իրար օտար ու անտանելի (հաճախակի կռիվներն ու վեճերն այդ էին վկայում)․․․

«Հիմնական կենվորները» բացահայտ կերպով ցույց տվեցին իրենց անհանդուրժողականությունը Բաքվից եկածների նկատմամաբ, համարյա նույն բախտին արժանացան երկրաշարժից տուժածները և նրանք սկսեցին ելք փնտրել, չնայաց Բաքվեցիներին ապահովեցին աշխատանքով, բայց տիրող մթնոլորտը թույլ չտվեց երկար մնալու հանրակացարանում․․․ Համարյա նրանց կարգավիճակում էի նաև ես, քանի որ եկել էի արտերկրից։

Իմ վիճակն ավելի ծանր էր՝ աշխատանքը ինքս պետք է հայթհայթեի, սակայն , ինչպես հասկացանք անհնարինը անհնար է նաև գտնել և  երեխայի հետ հայտնվեցի կիսասովածների շարքում (հա, ասեմ որ այնտեղ անհոգ ու կուշտ էին միայն Բաքվից եկածները՝ նրանք պետության հոգածության տակ էին, իսկ մյուսները ճակատագրի)․․․

                                                                                     շարունակելի














 



Комментариев нет:

Отправить комментарий